VNews-ը շարունակում է ներկայացնել նոյեմբերի 20-ին Կատարում մեկնարկած ֆուտբոլի աշխարհի 22-րդ առաջնության մասնակիցներին: Աշխարհի հնգակի չեմպիոն Բրազիլիայի հավաքականն աշխարհի առաջնությանը կմասնակցի ռեկորդային 22-րդ անգամ: Հարավամերիկյան երկրի ազգային թիմը միակն է, որ երբեք բաց չի թողել Մունդիալը:
Ռուսաստանում կայացած աշխարհի առաջնությունում Բրազիլիայի հավաքականը հասավ քառորդ եզրափակիչ, որտեղ 1-2 հաշվով պարտվեց Բելգիային: Նախորդ անգամ բրազիլացիներն աշխարհի չեմպիոն են հռչակվել 2002 թվականին՝ Հարավային Կորեայում ու Ճապոնիայում կայացած Մունդիալում, լավագույնն են դարձել նաև 1958, 1962, 1970, 1994 թվականներին անցկացված աշխարհի առաջնություններում: Բրազիլիայի հավաքականը միակն է պատմության մեջ, որ կարողացել է պաշտպանել աշխարհի չեմպիոնի տիտղոսը (հաղթել է 1958 թվականին, պաշտպանել տիտղոսը՝ 1962 թվականին):
ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակը գլխավորող Բրազիլիայի հավաքականն ընդգրկված է G խմբում և կմրցի Շվեյցարիայի, Սերբիայի ու Կամերունի հավաքականների հետ:

Անցած ճանապարհ
Բրազիլիայի հավաքականն աշխարհի առաջնության ուղեգիր է նվաճել Հարավային Ամերիկայի ընտրական գոտուց: 17 խաղում տանելով 14 հաղթանակ՝ բրազիլացիները գլխավորել են մրցաշարային աղյուսակը վաստակած 45 միավորով: Բրազիլիայի հավաքականն ընտրական խաղերում ոչ մի պարտություն չի կրել: Այս ընտրական գոտում անպարտելի է նաև Արգենտինայի հավաքականը, որին միայն մեկ հանդիպում է բաժանում Իտալիայի հավաքականի անպարտելիության ռեկորդի կրկնությունից (37 խաղ):
Արգենտինայի, Ուրուգվայի, Էկվադորի, Պերուի, Կոլումբիայի, Չիլիի, Պարագվայի, Բոլիվիայի ու Վենեսուելայի հավաքականների դեմ անցկացրած ընդհանուր 17 խաղում Բրազիլիայի հավաքականը խփել է 40 գնդակ, բաց թողել միայն 5-ը:
Հատկանշական է, որ Բրազիլիայի ու Արգենտինայի հավաքականների միջև խաղերից մեկը չեղարկվել է կորոնավիրուսի համավարակի պատճառով: ՖԻՖԱ-ի որոշմամբ՝ մրցավեճի համար նոր ժամանակացույց չի սահմանվել, քանի որ Բրազիլիայի հավաքականն ապահովել էր 1-ին տեղը, Արգենտինայի հավաքականը՝ 2-րդ, իսկ նրանց հաջորդող Ուրուգվայի հավաքականն առաջատարներին զիջում էր ավելի քան տասը միավորով:
Խաղաոճ-տակտիկա
Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստների միջին տարիքը 26 է, ընդհանուր տրանսֆերային արժեքը՝ 1,14 միլիարդ եվրո, ամենաթանկարժեք խաղացողը Մադրիդի «Ռեալի» վինգեր Վինիսիուս Ժունիորն է (120 միլիոն եվրո):
2018 թվականի Մունդիալից հետո Տիտեն բազմաթիվ փորձարկումների է դիմել, փորձել տարբեր խաղացողների՝ միաժամանակ պահպանելով խաղաոճի հիմնական տարրերը: Բրազիլիայի հավաքականն ունի համաշխարհային բազմաթիվ աստղեր, և Տիտեն ձգտում է առավելագույնը քաղել նրանցից՝ միաժամանակ ապահովելով թիմային կազմակերպվածություն ու հավասարակշռություն:
Չնայած Բրազիլիայի հավաքականը հիմնականում մեկնարկում է 4-3-3 տակտիկական դասավորությամբ, խաղի ընթացքում, այնուամենայնիվ, իրական դասավորությունն անընդհատ փոփոխվում է:
Դարպասապահի դիրքում Ալիսոն Բեկերն անվիճելի ընտրություն է, պաշտպանությունում Տիտեն նախընտրում է Դանիլոյին, Տիագո Սիլվային, Մարկինյոսին ու Ալեքս Սանդրոյին: Վերջինի մարզավիճակի անկմամբ պայմանավորված՝ գլխավոր մարզիչը կարող է կանգ առնել Ալեքս Տելեսի տարբերակի ընտրությանը:
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպանության Կազեմիրո – Ֆրեդ զույգը տեղ կունենա Բրազիլիայի հավաքականի կազմում: Լուկաս Պակետան կտեղակայվի ավելի առջևում, նրա կողքին կխաղան Վինիսիուս Ժունիորն ու Ռաֆինյան: Նեյմարը կզբաղեցնի «կեղծ 9 համարի» դիրքը: Գնդակի տեղաշարժի հսկողության դեպքում Բրազիլիայի հավաքականի դասավորությունն ավելի քան հեռու է սովորական 4-3-3 սխեմայից: Համաշխարհային այսպիսի աստղերի առկայությամբ փոփոխություններ լինում են գրեթե ամենուր:
Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստների միջին տարիքի պատկերն ավելի է ընդգծում այս թիմի հասունությունն ու աճը: Տաղանդաշատ երիտասարդների կողքին շարունակում են մրցասպարեզ դուրս գալ այնպիսի աստղեր, ինչպիսիք են Ալեքս Սանդրոն, Կազեմիրոն ու Տիագո Սիլվան: Բայց և այնպես, Անտոնիի, Ռոդրիգոյի, Վինիսիուս Ժունիորի, Ռաֆինյայի ու Բրունո Գիմարայնշի համալրումը բոլորովին նոր դեմք է հաղորդում Տիտեի թիմին: Երիտասարդության ու փորձի գրեթե կատարյալ հավասարակշռությամբ Բրազիլիայի հավաքականը Կատար է եկել հանուն սխրանքի՝ աշխարհի 6-րդ չեմպիոնության:
2018 թվականից Տիտեի որդեգրած խաղային համակարգը դիրքային է: Դրա արդյունքում Բրազիլիայի հավաքականի խաղը գնդակով ու առանց գնդակի դարձել են ավելի համակարգված ու կառուցվածքային: Անկախ կազմի խաղացողներից՝ Բրազիլիայի հավաքականը հաճախ անցում է կատարում 3-2-5 մարտավարությանը, որն առավելապես հայտնի է Գվարդիոլայի գլխավորած «Մանչեսթեր Սիթիից»: Իսկ ահա խաղադաշտում առկա խաղացողներով պայմանավորված է այն հանգամանքը, թե ինչպես անցում կկատարվի այս մարտավարությանը: Նշված օրինակում Ալեքս Տելեսը զբաղեցնում է երրորդ կենտրոնական պաշտպանի դիրքը, իսկ Դանիլոն Կազեմիրոյի հետ տեղակայվում է կիսապաշտպանությունում: Երբ գնդակը մրցակցի մոտ է, կարող է նաև հակառակը լինել: Տիտեի գլխավորած տղաները շատ ճկուն են:

Ստորև բերված օրինակում Բրազիլիայի հավաքականը գրոհն սկսում է 4-2-4 մարտավարությամբ: Երբ Մարկինյոսն սկսում է գրոհը, Ֆրեդն առաջանում է, ինչի արդյունքում մրցակցի կիսապաշտպանությունում ազատ տարածություն է առաջանում, որը կարող է զբաղեցնել Դանի Ալվեսը՝ որպես կիսապաշտպան: Ֆրեդն այնուհետև զբաղեցնում է Ալվեսի նախկին դիրքն ու ստանում գնդակը:

2018 թվականին Բելգիայից կրած ցավալի պարտությունից հետո Տիտեն ցանկանում է ոչինչ չթողնել պատահականությանը: Մասնագետը կառուցել է խաղի թելը պահող գրեթե իդեալական թիմ, որի հարձակումը դիրքային խաղահամակարգով չափազանց վտանգավոր է:
Մարզիչ
Տիտեն Բրազիլիայի հավաքականը գլխավորել է 2016 թվականի հունիսին: Բրազիլացի մասնագետն ավելի վաղ որպես գլխավոր մարզիչ աշխատել է «Գրեմիոյում», «Սան-Կաետանոյում», «Պալմեյրասում» և «Կորինտիանսում»:
61-ամյա մասնագետը Բրազիլիայի հավաքականի ղեկին անցկացրել է 76 խաղ, տարել 58 հաղթանակ, կրել 5 պարտություն, 13 խաղ ավարտվել է ոչ-ոքի: Նրա գլխավորությամբ բրազիլացիները խփել են 170 գնդակ, բաց թողել 30-ը:
Տիտեի նախընտրելի տակտիկական դասավորությունը 4-2-3-1-ն է: Մասնագետը Բրազիլիայի կրկնակի չեմպիոն է, Ամերիկայի գավաթի ու աշխարհի ակումբային առաջնության հաղթող, Լիբերտադորեսի ու Բրազիլիայի գավաթակիր, Հարավամերիկյան գավաթի ու Ռեկոպայի հաղթող:

Ամենաառանցքային խաղացող
Այն, որ Բրազիլիայի հավաքականն աստղերի պակաս չունի, ավելորդ է ասել: Տաղանդավոր են բոլորը, ու յուրաքանչյուրն ունի իր դերը: Այնուամենայնիվ, Բրազիլիայի այս հավաքականում հիմնարար նշանակություն ունի ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը, որը նոր մրցաշրջանում արդեն հասցրել է մասնակցել 27 գոլի: Նեյմարը պահերի իրացման տեսանկյունից աշխարհի ամենաարդյունավետ ֆուտբոլիստներից է, ու եթե նա կարողանա առաջիկա Մունդիալում խաղալ այնպես, ինչպես ընթացիկ մրաշրջանում ՊՍԺ-ի կազմում, ապա նրան կանգնեցնելը բարդագույն առաջադրանք կլինի մրցակիցների համար:

Միևնույն ժամանակ, հարկավոր է առանձնացնել նաև Վինիսիուսին, որը մարզական կարիերայի նոր փուլում է: «Ռեալի» վինգերն իսկական գլխացավանք է մրցակցի պաշտպանների համար: Նա կարողանում է արագությամբ ու կտրուկ խաբքերով քաոս առաջացնել մրցակցի պաշտպանությունում, ինչի արդյունքում ինչպես հենց ինքը, այնպես էլ խաղընկերները կարող են գոլային լավ հնարավորություններ ստանալ:
Սպասելիքներ
Բրազիլիայի հավաքականն աշխարհի հնգակի չեմպիոն է, մասնակցել է գավաթի բոլոր խաղարկություններին: Սա այն դեպքերից է, որ հաջողություն համարվում է միմիայն հաղթանակը: Հավաքականը Մունդիալին մոտենում է ֆանտաստիկ կազմով ու մրցաշարի հաղթողի հիմնական հավակնորդներից է:
Իրականում Բրազիլիայի հավաքականի խումբն ամենևին էլ երազանքների չէ, քանի որ մրցակիցներն են Սերբիայի, Շվեյցարիայի ու Կամերունի հավաքականները, որոնք ունակ են խնդիրներ առաջադրել գրեթե բոլորին: Սակայն բրազիլացիները խմբի հաղթողի ոչ թե հիմնական, այլ անվիճելի հավակնորդն են:
Առաջին տեղով 1/8 եզրափակիչ դուրս գալու դեպքում Բրազիլիայի հավաքականը կմրցի H խմբի 2-րդ տեղն զբաղեցրած թիմի դեմ, որը, ըստ ամենայնի, կլինի Ուրուգվայի հավաքականը: Երկրորդ տեղով 1/8 եզրափակիչ դուրս գալու դեպքում Բրազիլիային որպես մրցակից բաժին կհասնի Պորտուգալիայի հավաքականը, եթե վերջինը կարողանա հաղթել H խմբում: Այս փուլում հավանական մրցակիցների թվում են նաև Գանայի ու Հարավային Կորեայի հավաքականները:
Կազմի, համակարգված ֆուտբոլ խաղալու տեսանկյունից Բրազիլիայի հավաքականը ոչ մի խնդիր չունի: Երիտասարդներն ու վետերանները ճանապարհ կուրվագծեն դեպի հերթական չեմպիոնություն, որը կարող է նախորդի պես պատմական ու ռեկորդային շեշտադրում ունենալ:
Կարդացեք նաև
- ԱԱ-2022-ի մասնակիցները. «Տերանգայի առյուծները» սպառնում են դառնալ մրցաշարի անակնկալը
- ԱԱ-2022-ի մասնակիցները. Երիտասարդներով և աստղային վետերանով թիմը մտադիր է կրկին պատմություն կերտել
- ԱԱ-2022-ի մասնակիցները. Լևանդովսկին ու ընկերները խառնելու են հսկաների խաղաքարտերը
- ԱԱ-2022-ի մասնակիցները. Նիդերլանդները 8 տարի անց նույն մարզչի հետ կփորձի սխրանք գործել
- ԱԱ-2022-ի մասնակիցները. Կոստա Ռիկան մտադիր է կրկնել 2014-ի հերոսությունը
- ԱԱ-2022-ի մասնակիցները. Մունդիալի ամենաերիտասարդ ու ամենաանփորձ թիմը գալիս է պատմություն գրելու
- ԱԱ-2022-ի մասնակիցները. Մրցաշարի հյուրը, որ կլինի տանտերը
- ԱԱ-2022-ի մասնակիցները. Սաուդյան Արաբիայի վերափոխված թիմն ու մարզիչը, որն արդեն տպավորել է Մունդիալում
- ԱԱ-2022-ի մասնակիցները. Երեք թիմի դեմ միայնակ պայքարող հավաքականը գնում է սենսացիա կերտելու
- ԱԱ-2022-ի մասնակիցները. Բեյլը կառաջնորդի Ուելսի հավաքականին իր պատմության երկրորդ Մունդիալում
- ԱԱ-2022-ի մասնակիցները. «Համառ առյուծները» կփորձեն ողջ դուրս գալ մահվան խմբից
- ԱԱ-2022-ի մասնակիցները. Ադամյանի թիմակիցն ու «Ման․ Յունայթեդի» երիտասարդ խաղացողն առաջնորդելու են Թունիսին
- ԱԱ-2022-ի մասնակիցները. Մոդրիչն ու ընկերները գնում են Կատար ռուսաստանյան սխրանքը կրկնելու հետևից ու գուցե ավելին
- ԱԱ-2022-ի մասնակիցները. «Ոսկե ձեռնոցների», ինքնատիպ էներգիայի ու ագրեսիվության շնորհիվ նրանք կփորձեն կատարել երկար սպասված քայլը
- ԱԱ-2022-ի մասնակիցները. Տաղանդներով լեցուն Մարոկկոն մտադիր է զարմացնել աշխարհին
- ԱԱ-2022-ի մասնակիցները. Կենգուրու-ֆուտբոլիստները կփորձեն լուծել անլուծելի թվացող խնդիրը
- ԱԱ-2022-ի մասնակիցները. Ճապոնիան բարդ խմբում է, բայց կռիվ է տալու լավագույն արդյունքը կրկնելու համար
- ԱԱ-2022-ի մասնակիցները. Աշխարհի չեմպիոնին խոցած թիմը հրաշալի կազմ ունի նորից սենսացիա կերտելու համար
- ԱԱ-2022-ի մասնակիցները. Նոր սերնդի ու լեգենդների Ուրուգվայը Մունդիալի թաքնված ֆավորիտն է
- ԱԱ-2022-ի մասնակիցները. Գերմանիայի հավաքականը կփորձի կիսել բրազիլացիների համաշխարհային ռեկորդը
- ԱԱ-2022-ի մասնակիցները. Մեկ քայլ է մնում Անգլիային՝ «ֆուտբոլը տուն բերելու համար»
- ԱԱ-2022-ի մասնակիցները. Աշխարհի չեմպիոնը սուպերկազմով կփորձի կրկնել 60 տարվա վաղեմության սխրանքը
- ԱԱ-2022-ի մասնակիցները. Բելգիայի հավաքականի «ոսկե սերնդի» վերջին հնարավորությունը
- ԱԱ-2022-ի մասնակիցները. Անպարտելի թիմով հանճարի վերջին Մունդիալը
- ԱԱ-2022-ի մասնակիցները. Ռոնալդուն ամեն ինչ կանի՝ վերջին փամփուշտը դիպուկ կրակելու համար


