VNews-ը շարունակում է ներկայացնել նոյեմբերի 20-ին Կատարում մեկնարկելիք ֆուտբոլի աշխարհի 22-րդ առաջնության մասնակիցներին: Հերթն Ուելսի հավաքականինն է, որը Մունդիալին կմասնակցի իր պատմության մեջ երկրորդ անգամ, ընդ որում՝ ավելի քան 60 տարվա դադարից հետո:
ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակի 19-րդ տեղը զբաղեցնող «Վիշապներն» ընդգրկված են B խմբում և կմրցեն Անգլիայի, Իրանի ու ԱՄՆ-ի հավաքականների դեմ: Եթե Անգլիայի հավաքականի դեմ պայքարն այնքան էլ իրատեսական չի թվում, ապա մյուս մրցակիցների մասին նույնն ասել, մեղմ ասած, չի կարելի: Խմբում կատաղի պայքար է սպասում, բոլորն ունեն հնարավորություններ, սակայն այժմ Ուելսի հավաքականի հնարավորություններին անդրադառնալու ժամանակն է:
Անցած ճանապարհ
Ուելսի հավաքականն ընդգրկված էր աշխարհի առաջնության Եվրոպական գոտու ընտրական մրցաշարի E խմբում: «Վիշապները» 8 խաղից հետո վաստակեցին 15 միավոր ու խմբում զբաղեցրին երկրորդ տեղը՝ 5 միավորով զիջելով առաջատար բելգիացիներին, որոնք նվաճեցին եզրափակիչ մրցաշարի ուղեգիր:
Որակավորման փլեյ-օֆֆի կիսաեզրափակիչում բրիտանացիները թիմի ավագ և առաջատար Գարեթ Բեյլի դուբլի շնորհիվ 2-1 հաշվով հաղթեցին Ավստրիայի հավաքականին, իսկ եզրափակիչում մրցակցի ինքնագոլի շնորհիվ նվազագույն հաշվով առավելության հասավ ուկրաինացիների դեմ խաղում՝ նվաճելով հիմնական մրցաշարի ուղեգիր: Հատկանշական է, որ Բեյլն այդ խաղում նույնպես աչքի ընկավ արդյունավետ գործողությամբ, այս անգամ՝ գոլային փոխանցումով, որն ինքնագոլով եզրափակեց Անդրեյ Յարմոլենկոն:
Ուելսի հավաքականն առաջին ու նախորդ անգամ Մունդիալին մասնակցել է 1958 թվականին, ընդ որում՝ հասել է քառորդ եզրափակիչ: Այսպիսով՝ 64 տարի անց «Վիշապները» դեպի աշխարհի առաջնության սխրանք կընթանան հավաքականի պատմության լավագույն խաղացողներից Գարեթ Բեյլի առաջնորդությամբ:

Խաղաոճ-տակտիկա
Ուելսի հավաքականի ֆուտբոլիստների միջին տարիքը 26,3 է, ընդհանուր տրանսֆերային արժեքը՝ 164,65 միլիոն եվրո, ամենաթանկարժեք խաղացողները՝ Բեն Դեյվիսն ու Բրենան Ջոնսոնը (20-ական միլիոն եվրո): Հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբ Փեյջի նախընտրելի տակտիկական սխեման 4-2-3-1-ն է, բայց վերջին շրջանում նա առավելապես կիրառում է 3 կենտրոնականով տակտիկական դասավորությունները՝ 3-4-2-1 և 3-1-4-2:
Ուելսի հավաքականը բավական հարձակողական թիմ է, սիրում է լինել գնդակով: Եթե հաշվի չառնենք Մունդիալի ճանապարհին Բելգիայի հավաքականի դեմ երկու խաղը, ապա մյուս 8 հանդիպումներում ուելսցիներն ընդհանուր առմամբ կատարել են 116 հարված, որոնցից 40-ը՝ դարպասին, խփել են 15 գոլ:
Չնայած Ուելսի հավաքականի կատարած մեծաթիվ հարվածներին՝ ակնհայտ է, որ թիմի ֆուտբոլիստներն իրացման խնդիր ունեն, որը շտկելու դեպքում «Վիշապները» կարող են տհաճ անակնկալներ մատուցել գրեթե ցանկացած մրցակցի:

Մարզիչը
Ուելսի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբ Փեյջն ազգային թիմի ղեկին նշանակվել է 2022 թվականի հունիսի 21-ին, սակայն 2020 թվականի նոյեմբերից կատարում էր գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները:
Մինչև ազգային հավաքականը գլխավորելը 48-ամյա Ռոբերտ Փեյջը որպես գլխավոր մարզիչ աշխատել է նաև Ուելսի պատանեկան ու երիտասարդական հավաքականներում:
Ուելսի հավաքականի ղեկին մասնագետն անցկացրել է 28 հանդիպում, տարել 10 հաղթանակ, կրել 9 պարտություն, 9 խաղ ավարտվել է ոչ-ոքի (հավաքականի խփած և բաց թողած գոլերն այդ ընթացքում՝ 32:32):
Ռոբ Փեյջը Մունդիալին ընդառաջ անդրադարձել է հավաքականի առաջատար Գարեթ Բեյլին. «Նա ակումբային մակարդակում խաղացել է այնքան րոպե, որքան մենք կցանկանայի՞նք... Հավանաբար, ո՛չ: Բայց դա ինձ չի անհանգստացնում, քանի որ նա բազմիցս ապացուցել է, որ երբ հագնում է ազգային հավաքականի մարզաշապիկը, նրա առջև փակ դռներ չկան»:

Գլխավոր աստղը
Չնայած նրան, որ Գարեթ Բեյլն արդեն մոտենում է մարզական կարիերայի մայրամուտին՝ 33-ամյա վինգերն Ուելսի հավաքականի անվիճելի առաջատարն է, ու մեկ անգամ չէ, որ դա ապացուցել է գործով:
2022 թվականին MLS-ը ներկայացնող «Լոս Անջելես» տեղափոխված Գարեթ Բեյլը, որը համաշխարհային աստղի կարգավիճակ է ձեռք բերել Լոնդոնի «Տոտենհեմում» ու Մադրիդի «Ռեալում» ելույթ ունենալու ժամանակահատվածում, Ուելսի հավաքականի պատմության գլխավոր ռմբարկուն է՝ իր ակտիվում գրանցած 39 գոլով (համաձայն Transfermarkt-ի):
Նույնիսկ այն ժամանակ, երբ Մադրիդի «Ռեալում» Գարեթ Բեյլը վստահություն չէր վայելում, բացակայում էր տարբեր պատճառներով, որոնք հաճախ անվանում էին մեկ բառով՝ «վնասվածքներ», իսկ խաղադաշտ դուրս գալիս չէր ցուցադրում այն ֆուտբոլը, որը սովոր են տեսնել երկրպագուները, ազգային հավաքականում նա ամբողջությամբ կերպարանափոխվում էր, դառնում նոր «Տերմինատոր», որ պատրաստ է գնդակոծել ցանկացածին՝ իր նպատակին հասնելու համար:
Ուելսի հավաքականում կան նաև այլ անուններ, որոնք ուշադրություն են գրավում: Նախնական հայտացուցակում ընդգրկվել են նաև «Տոտենհեմի» պաշտպան Բեն Դեյվիսը, «Նոթինգեմից» հարձակողական ոճի կիսապաշտպան Բրենան Ջոնսոնն ու աջ պաշտպան Նեկո Ուիլյամսը, «Ֆուլհեմից» կիսապաշտպան Հարի Ուիլսոնն ու հարձակվող Դենիել Ջեյմսը, «Սպեցիայի» կենտրոնական պաշտպան Իթան Ամպադուն և իհարկե վետերան, «Նիսի» կենտրոնական կիսապաշտպան Աարոն Ռեմսին:

Սպասելիքները
Ուելսի հավաքականը 64 տարվա դադարից հետո Մունդիալում է ու գոնե երազում տեսել է 1958 թվականի հաջողությունը՝ քառորդ եզրափակիչ հասնելը: Այո՛, Ռոբ Փեյջի գլխավորած թիմի հետ նույն խմբում է աշխարհի չեմպիոնի կոչման հաղթողի գլխավոր հավակնորդներից Անգլիայի հավաքականը, այնպես էլ չէ, որ Իրանի ու ԱՄՆ-ի հավաքականներն անհաղորդ են մնալու ուղեգրերի համար պայքարին, այնուհանդերձ Ուելսի հավաքականն ի վիճակի է հավաքվել ու ցանկալի ելույթ ունենալ:
Գարեթ Բեյլից ակնկալիքները մեծ են, ու նա պատրաստ է արդարացնել սպասելիքներն այնպես, ինչպես գրեթե միշտ: Պատասխանատվության բեռ կա նաև նոր սերնդի ուսերին, և այդ սերունդը նույնպես պատրաստ է կրելու իր բաժին բեռը:
Ուելսի հավաքականը, մեղմ ասած, նվեր չէ ոչ Իրանի, ոչ էլ ԱՄՆ-ի հավաքականի համար, անգլիացիներին վստահաբար պայքար է առաջարկելու: Եվ եթե «Վիշապները» կարողանան իրենց «կրակն» ավելի դիպուկ «փչել», գուցե «մահաբեր» լինեն շատերի համար:
Կարդացեք նաև՝
- ԱԱ-2022-ի մասնակիցները. «Տերանգայի առյուծները» սպառնում են դառնալ մրցաշարի անակնկալը
- ԱԱ-2022-ի մասնակիցները. Երիտասարդներով և աստղային վետերանով թիմը մտադիր է կրկին պատմություն կերտել
- ԱԱ-2022-ի մասնակիցները. Լևանդովսկին ու ընկերները խառնելու են հսկաների խաղաքարտերը
- ԱԱ-2022-ի մասնակիցները. Նիդերլանդները 8 տարի անց նույն մարզչի հետ կփորձի սխրանք գործել
- ԱԱ-2022-ի մասնակիցները. Կոստա Ռիկան մտադիր է կրկնել 2014-ի հերոսությունը
- ԱԱ-2022-ի մասնակիցները. Մունդիալի ամենաերիտասարդ ու ամենաանփորձ թիմը գալիս է պատմություն գրելու
- ԱԱ-2022-ի մասնակիցները. Մրցաշարի հյուրը, որ կլինի տանտերը
- ԱԱ-2022-ի մասնակիցները. Սաուդյան Արաբիայի վերափոխված թիմն ու մարզիչը, որն արդեն տպավորել է Մունդիալում
- ԱԱ-2022-ի մասնակիցները. Երեք թիմի դեմ միայնակ պայքարող հավաքականը գնում է սենսացիա կերտելու


