Logo

ԱԱ-2022-ի մասնակիցները. Բելգիայի հավաքականի «ոսկե սերնդի» վերջին հնարավորությունը

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
14:24 / 19.11.2022• Աշխարհի առաջնություն
Բացառիկ
null

VNews-ը շարունակում է ներկայացնել նոյեմբերի 20-ին Կատարում մեկնարկելիք ֆուտբոլի աշխարհի 22-րդ առաջնության մասնակիցներին: Հերթը Բելգիայի հավաքականինն է, որն աշխարհի առաջնությանը կմասնակցի իր պատմության մեջ 14-րդ անգամ:

Ռուսաստանում կայացած Մունդիալում Բելգիայի հավաքականը պատմական հաջողություն գրանցեց՝ առաջին անգամ զբաղեցնելով երրորդ տեղը, թեպետ այդ ժամանակ ակնկալիքներն ավելին էին: Բելգիացիների մյուս լավագույն արդյունքը գրանցվել է 1986 թվականին՝ Մեքսիկայում կայացած աշխարհի առաջնությանը, որում եվրոպական երկրի հավաքականը չորրորդն էր:

ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակի երկրորդ տեղը զբաղեցնող Բելգիայի հավաքականն ընդգրկված է F խմբում և կմրցի աշխարհի փոխչեմպիոն Խորվաթիայի, Կանադայի ու Մարոկկոյի հավաքականների հետ:

Անցած ճանապարհ

Բելգիայի հավաքականն աշխարհի առաջնության ուղեգիր է նվաճել Եվրոպական ընտրական գոտու E խմբից: Բելգիացիներն անցկացրած 8 խաղում տարել են 6 հաղթանակ, 2 խաղ ավարտել ոչ-ոքի ու վաստակած 20 միավորով գլխավորել մրցաշարային աղյուսակը:

Ուելսի, Չեխիայի, Էստոնիայի ու Բելառուսի հավաքականների դեմ ընդհանուր 8 խաղում Բելգիայի հավաքականը խփել է 25 գնդակ, բաց թողել 6-ը: 

Ազգերի լիգայում, որն ամենաթարմն է, Բելգիայի հավաքականը խնդիրներ ուներ, հատկապես Նիդեռլանդների հավաքականի դեմ խաղերում: Բելգիացիները երկու խաղում էլ պարտվեցին՝ խնդիրներ առաջադրելով գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսին: Այնուամենայնիվ, ֆուտբոլային հսկա երկրների ելույթն Ազգերի լիգայում Մունդիալի համար հիմք ծառայեցնելը ճիշտ չէ ու չի արտացոլի իրական պատկերը:

Խաղաոճ-տակտիկա

Բելգիայի հավաքականի խաղացողների միջին տարիքը 27,8 է, ընդհանուր տրանսֆերային արժեքը՝ 563,2 միլիոն եվրո, ամենաթանկարժեք ֆուտբոլիստը «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին դե Բրույնեն է (80 միլիոն եվրո): 

Ռոմելու Լուկակուն, Կևին դե Բրույնեն, Էդեն Ազարը, Դրիս Մերտենսը, Աքսել Վիտսելը, Թոբի Ալդերվեյրելդը և Յան Վերտոնգենը շարունակում են հիմնարար նշանակություն ունենալ Բելգիայի այս հավաքականում: 2024 թվականին՝ հաջորդ խոշոր մրցաշարում, սակայն, նրանցից ամենաերիտասարդը կլինի 34 տարեկան, ու հենց սրանով է պայմանավորված առաջիկա Մունդիալը «Բելգիայի «ոսկե սերնդի» վերջին հնարավորություն» որակելը:

Ռոբերտո Մարտինեսի գլխավորությամբ Բելգիայի հավաքականը խաղում է 3-4-3 տակտիկական դասավորությամբ: Հարց է առաջանում միայն, թե ովքեր են կազմելու հավաքականի հարձակման եռյակը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Մարտինեսը տակտիկական ճկուն սխեմաներ է կիրառել ինչպես ընտրական մրցաշարի, այնպես էլ Ազգերի լիգայի ընթացքում (3-4-3, 3-4-2-1, 3-4-1-2):

3-4-2-1 տակտիկական դասավորությունը թույլ է տալիս խաղադաշտում ունենալ երկու «10 համար»՝ ի դեմս Էդեն Ազարի ու Կևին դե Բրույնեի, և միաժամանակ չվնասել պաշտպանական օղակը: Այս դասավորությամբ առջևում միանշանակ կգործի Ռոմելու Լուկակուն, որը հավաքականի գլխավոր ռմբարկուն է:

Բելգիայի հավաքականը սիրում է լինել գնդակով, հանգստությամբ խաղարկել այն մինչև գրոհի հաջորդ փուլին անցնելը: Գնդակի տիրապետումը Ռոբերտո Մարտինեսի մարզչական փիլիսոփայության հիմքն է: 

Գրոհի կառուցումն սկսում են կենտրոնական պաշտպանները, Բելգիայի հավաքականն առաջին փուլում կազմում է 3-2-4-1 դասավորությունը, ինչի արդյունքում կենտրոնի երկու խաղացողների դիրքի շնորհիվ եզրայինները բացվելու հնարավորություն են ստանում:

Երբ մրցակիցը թույլ չի տալիս բելգիացիներին գրոհն սկսել ավանդական տարբերակով, Մարտինեսի թիմը կարճ փոխանցումներով, ֆուտբոլիստների կուտակմամբ փորձում է գնդակը հանել խիտ տարածությունից ու ուղարկել բաց տարածք, որտեղից մրցակցի համար վտանգ ստեղծելը դառնում է բավական հեշտ (6-ը 4-ի դեմ): 

Գրոհի կառուցման երկրորդ փուլում նույնպես պահպանվում է 3-4-2-1 դասավորությունը՝ մրցակցի վրա հնարավորին չափ ճնշում գործադրելու համար:

Ներքևի նկարը ցույց է տալիս՝ ինչպես են Ազարն ու Դե Բրույնեն տեղակայվում, մեկը՝ առջևում, մյուսը՝ ետևում՝ խախտելով մրցակցի կիսապաշտպանական գիծը: Բարձրագույն մակարդակի այսպիսի խաղացողներ կենտրոնում ունենալը Մարտինեսին թույլ է տալիս կիրառել մարտավարական տարբեր հնարքներ: 

Մրցակիցները հակված են գնդակը բելգիացիներին զիջելու տարբերակին ու փորձում են կազմել պաշտպանական ամուր շղթա: Ազարն ու Դե Բրույնեն մանևրելով խաղընկերների համար տարածություններ են բացում: Ներքևի նկարում երևում է՝ ինչպես են նրանք շարժվում դեպի գնդակով խաղընկերը, որն ազատ գոտի փոխանցում կատարելու հնարավորություն է ստանում:

Այնուամենայնիվ, Բելգիայի հավաքականը շատ խոցելի է, երբ գնդակով չէ: Երբեմն այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե նրանք չգիտեն՝ ինչ պետք է անել, երբ գնդակով չեն: Բելգիացիների մրցակիցները հարվածների լավ հնարավորություններ են ստանում: Այս փաստը վկայությունն է նրա, որ գնդակը կորցնելիս բելգիացիները փորձում են անմիջապես վերադարձնել այն: Այժմ, սակայն, Բելգիայի հավաքականը չի կարողանում այնքան ագրեսիվ պրեսինգ կիրառել, որքան 2016 թվականին, երբ Մարտինեսը նոր էր ստանձնել հավաքականի ղեկը:

Երբ Բելգիայի հավաքականը կորցնում է գնդակը, անցնում է 5-2-3 կամ 5-2-2-1 պաշտպանական բլոկի կիրառությանը՝ նվազագույն տարածությամբ և պաշտպանական առաջին ու վերջին գծերի միջև սահմանափակ հեռավորությամբ:

Բելգիայի կառուցած պաշտպանական բլոկին նայելիս թվում է, թե նրանք ագրեսիվ հակագրոհելու են, երբ խլեն գնդակը, սակայն դա այդպես չէ: Բելգիացիները նախընտրում են վերականգնել գնդակի նկատմամբ հսկողությունն ու դիրքային խաղի կառուցվածքը: Սա գրոհելու, ագրեսիվ առաջընթացի հրապուրանք է ստեղծում մրցակիցների համար, որ գնդակը կորցնելիս անմիջապես չեն խորտակվի բելգիական ալեկոծ ծովում:

Պաշտպանական խաղի անցում կատարելիս բելգիացիները խնդիրների են բախվում: Չնայած նրան, որ եզրային պաշտպանները փորձում են վերագտնել իրենց դիրքերը, այնուամենայնիվ, երբեմն նրանք չեն կարողանում նույնիսկ խոչընդոտել մրցակցի գրոհի զարգացմանը: Ներքևի նկարը ցույց տալիս, որ բելգիացիները զիջել են դիրքերը Լեհաստանի հավաքականի գրոհի ժամանակ: Լեհերը կարող են գրոհը շարունակել ինչպես եզրերով, այնպես էլ կենտրոնով, մեծ հաշվով՝ ըստ ճաշակի: Այս բացը կարող է «կոկորդում մնացած ոսկոր» լինել Բելգիայի հավաքականի համար առաջիկա Մունդիալում, որտեղ նման ազատություններն օգտագործելու հերթի են կանգնած:

Մարզիչը

Ռոբերտո Մարտինեսը Բելգիայի հավաքականի ղեկն ստանձնել է 2016 թվականի օգոստոսին: Իսպանացի մասնագետն ավելի վաղ գլխավորել է «Սուոնսին», «Ուիգանն» ու «Էվերթոնը»: 

49-ամյա Մարտինեսը Բելգիայի հավաքականի ղեկին անցկացրել է 76 խաղ, տարել 55 խաղ, կրել 9 պարտություն, 12 խաղ ավարտվել է ոչ-ոքի: Նրա գլխավորությամբ բելգիացիները խփել են 209 գնդակ, բաց թողել 67-ը:

Ռոբերտո Մարտինեսի նախընտրելի տակտիկական դասավորությունը 3-4-2-1-ն է: Մարտինեսը մարզչական կարիերայի ընթացքում «Ուիգանի» հետ դարձել է Անգլիայի գավաթակիր: Հենց նրա գլխավորությամբ Բելգիայի հավաքականը 2018 թվականի Մունդիալում գրանցեց իր լավագույն ցուցանիշն աշխարհի առաջնություններում (3-րդ տեղ):

Ամենաառանցքային խաղացողը

Անկասկած, Բելգիայի հավաքականը հարուստ է աստղերով: Այնուամենայնիվ, հենց Կևին դե Բրույնեն մնում է այն ֆուտբոլիստը, որի խաղը կենսական նշանակություն կունենա բելգիացիների համար: Չնայած Էդեն Ազարի, Տիբո Կուրտուայի ու Ռոմելու Լուկակուի անսահման տաղանդին՝ Կևինն այն խաղացողն է, որի շուրջ կառուցված է Բելգիայի այս հավաքականը: 

«10 համարի» դիրքում Դե Բրույնեին տեղակայելը տակտիկական հնարք կլինի Ռոբերտո Մարտինեսի կողմից, ու եթե հաշվի առնենք, որ նման մյուս դիրքում խաղալու է Էդեն Ազարը, որն ապացուցելու շատ բան ունի, Դե Բրույնեի համար այս պարագայում հնարավորությունները սպասվածից շատ կլինեն:

Տիբո Կուրտուային չանդրադառնալ ուղղակի հնարավոր չէ: Մադրիդի «Ռեալի» դարպասապահն անկասկած այս պահին իր դիրքում լավագույնն է աշխարհում: Նա կարող է փրկիչի դեր կատարել այն ժամանակ, երբ խաղընկերները թերանան պաշտպանական բլոկ կառուցելիս: Այնպիսի տպավորություն է, թե Կուրտուան աշխարհի այս առաջնությունում Բելգիայի հավաքականին փրկելու շատ շանսեր է ունենալու, ու հենց նրա գործողությունները կարող են վճռորոշ ու բախտորոշ լինել:

Սպասելիքները

2014 թվականին քառորդ եզրափակիչ և 2018 թվականին կիսաեզրափակիչ դուրս գալուց հետո բելգիացիները հույս ունեն այս տարի քայլ առաջ կատարել: Ի վերջո սա հնարավորություն է, որ կարող է այլևս չլինել:

Խորվաթիա, Կանադա, Մարոկկո խմբից Բելգիան, ըստ ամենայնի, պետք է դուրս գա առաջին տեղով՝ չնայած նրան, որ Խորվաթիան աշխարհի փոխչեմպիոնն է: Բայց և այնպես, խմբային փուլին հաջորդող պայքարը շատ ավելի բարդ է: Խմբում հաղթելու դեպքում բելգիացիները կարող են հանդիպել Իսպանիայի կամ Գերմանիայի հավաքականին: Այս փուլը հաղթահարելու դեպքում պոտենցիալ մրցակիցներից են Պորտուգալիայի, Բրազիլիայի և Ուրուգվայի հավաքականները:

Մրցաշարի ցանցը, այո՛, բարդ է, բայց տաղանդները շատ հարցեր են լուծում, իսկ բելգիացիները տաղանդների պակաս չունեն: Ռոբերտո Մարտինեսն ու տղաներն ամեն ինչ կանեն՝ «վերջին» որակված հնարավորությունը կատարելապես իրացնելու համար:

Կարդացեք նաև

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ