VNews-ը շարունակում է ներկայացնել նոյեմբերի 20-ին Կատարում մեկնարկելիք ֆուտբոլի աշխարհի 22-րդ առաջնության մասնակիցներին: Հերթն Ավստրալիայի հավաքականինն է, որը Մունդիալին կմասնակցի իր պատմության մեջ 6-րդ անգամ, 5-րդը՝ անընդմեջ: Ասիայի ընտրական գոտուց ուղեգիր ստացած հավաքականն առաջին անգամ Մունդիալին մասնակցել է 1974 թվականին: Երկարատև բացակայությունից հետո Ավստրալիայի հավաքականն աշխարհի առաջնություն է վերադարձել 2006 թվականին ու գրանցել իր պատմության մեջ լավագույն ցուցանիշը՝ դուրս գալով 1/8 եզրափակիչ: Հաջորդող երեք խաղարկություններում ավստրալացիները չեն կարողացել հաղթահարել խմբային փուլը:
ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակի 38-րդ տեղը զբաղեցնող «Սոքերուզն» ընդգրկված է D խմբում և կմրցի աշխարհի գործող չեմպիոն Ֆրանսիայի, Դանիայի ու Թունիսի հավաքականների հետ: Հատկանշական է, որ Ավստրալիայի հավաքականը ֆրանսիացիների ու դանիացիների հետ նույն խմբում էր նաև Ռուսաստանում կայացած ԱԱ-2018-ում:
Խմբի հաղթողի գլխավոր հավակնորդը, իհարկե, Ֆրանսիայի հավաքականն է, դանիացիներն էլ իրենց ցնցող ֆուտբոլով պատրաստվում են լինել մրցաշարի «ջոկերը», բայց այս ամենը չի խանգարում, որ ավստրալացիները մեծ ոգևորությամբ մոտենան իրենց 5-րդ անընդմեջ Մունդիալին:
Անցած ճանապարհ
Ավստրալիայի հավաքականն ԱԱ-2022-ի ընտրական փուլը մեկնարկել է Ասիայի ընտրական գոտու երկրորդ էտապից: B խմբում, որում ընդգրկված էին նաև Քուվեյթի, Հորդանանի, Նեպալի ու Թայվանի հավաքականները, ավստրալացիները տարել են 8 հնարավորից նույնքան հաղթանակ՝ դուրս գալով հաջորդ փուլ:
Երրորդ էտապում Ավստրալիայի հավաքականն ընդգրկվել է B խմբում և մրցել Սաուդյան Արաբիայի, Ճապոնիայի, Օմանի, Չինաստանի ու Վիետնամի հավաքականների հետ: Զբաղեցնելով 3-րդ տեղը՝ ավտրալացիները դուրս են եկել որակավորման փլեյ-օֆֆ ու Մունդիալի ուղեգիրը խաղարկել A խմբի երրորդ տեղն զբաղեցրած ԱՄԷ-ի հավաքականի հետ: 2-1 հաշվով հաղթանակն ավստրալացիներին 5-րդ անգամ անընդմեջ դուրս է բերել աշխարհի առաջնության հիմնական մրցաշար:

Խաղաոճ-տակտիկա
Ավստրալիայի հավաքականի միջին տարիքը 27,5 է, ֆուտբոլիստների ընդհանուր տրանսֆերային արժեքը՝ 38,4 միլիոն եվրո, ամենաթանկարժեք խաղացողը «Կոպենհագենի» նորեկ, դարպասապահ, ավստրալացիների ավագ Մեթյու Ռայանն է (5 միլիոն եվրո): Ավստրալիայի հավաքականը, ամենայն հավանականությամբ, Մունդիալում կխաղա 4-2-3-1 տակտիկական սխեմայով՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ավստրալացիներն այս տարի իրենց խաղերի 52 տոկոսն անցկացրել են հենց այդ դասավորությամբ: Այնուամենայնիվ, անհրաժեշտության դեպքում Ավստրալիայի հավաքականը կխաղա 4-4-2 տակտիկական դասավորությամբ, որը վերոնշյալ դասավորությունից հետո ամենակիրառելին է հավաքականում (խաղաժամանակի 44 տոկոսում):
Դարպասապահի ու պաշտպանների դիրքերում գլխավոր մարզիչ Գրեմ Առնոլդը նախապատվությունը տալիս է փորձին, ինչն ակնհայտ է հավաքականի հայտացուցակից: Նույնը դժվար է ասել կիսապաշտպանական գծի վերաբերյալ: Այստեղ փորձին այնքան էլ մեծ կարևորություն տրված չէ: Այս գոտու խաղացողները շատ ավելի մոտ են իրենց կարիերայի մեկնարկին: Առնոլդը կիսապաշտպանությունում կփորձի արագություն ստեղծել այն ստեղծարար երիտասարդների ջանքերով, որոնց գործողությունների արդյունքում մրցակիցները դժվարություններ կունենան գնդակին տիրապետելու հարցում:
Բայց և այնպես, հարձակման գծում գլխավոր մարզիչը նախապատվություն է տալիս փորձին: Հաշվի առնելով հավաքականի կազմը՝ կիզակետում կլինի մեկ խաղացող: Այս պարագայում փորձն իսկապես շատ կարևոր է, քանի որ ավստրալացիները պետք է կարողանան գոլի վերածել իրենց հնարավորությունները: Հետաքրքրական է այն, որ Ավստրալիայի հավաքականը, խաղալով տարբեր մարտավարություններով, կարողանում է ստեղծել բավականաչափ գոլային հնարավորություններ, որոնց իրացման տոկոսը, սակայն, ցածր է:
Ավստրալիայի հավաքականի հարձակողական գործողությունների կարևոր կետերից է այն, որ նրանք ունեն գրոհելու տարբեր եղանակներ: Այդպիսով՝ ավստրալացիները կարողանում են փոխել մարտավարությունն ըստ անհրաժեշտության՝ պայմանավորված նրանով, թե ինչպես են խաղում մրցակիցները: Հիմնականում նրանք փորձում են խլել գնդակն ու այն ուղարկել թիրախային խաղացողին (արտացոլվում է այս գծապատկերում):

Ավստրալիայի հավաքականը համեմատաբար քիչ է տիրում գնդակին, ինչը նույնպես ապացուցում է, որ հավաքականը միտված է գնդակը խլելուն ու տարածություն բացվելիս հակագրոհներ ձեռնարկելուն: Պաշտպանական գործողությունների ժամանակ Ավստրալիայի հավաքականը կարգապահ է, վճռական: Գծապատկերում երևում է, թե ինչպես են Ավստրալիայի հավաքականի հինգ ֆուտբոլիստներ կանգնել պաշտպանական մի գծի վրա, իսկ մյուս չորսը փորձում են վերադարձնել գնդակը մրցակցից, երբ մենապայքարի հնարավորություն չկա: Ավստրալիայի հավաքականի մարտավարությունը թույլ է տալիս նույն պահին միայն չորս պաշտպանի լինել մեկ գծի վրա, ինչը նշանակում է, որ երբ գնդակը մրցակցի մոտ է, կիսապաշտպանության, նույնիսկ հարձակման գծի խաղացողը նահանջում ու օգնում է պաշտպանական գծի ֆուտբոլիստներին: Սա թիմային էթիկայի ընդգծված օրինակ է, որին հետևում են ավստրալացիները խաղերի մեծ մասի ընթացքում:

Մարզիչը
Ավստրալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գրեմ Առնոլդը հավաքականի ղեկն ստանձնել է 2018 թվականի հուլիսին: 59-ամյա ավստրալացի մասնագետն ավելի վաղ գլխավորել է ավստրալական «Սենթրալ Քոսթ Մարիներսն» ու «Սիդնեյը», ճապոնական «Վեգալտա Սենդայը»: Ավստրալիայի հավաքականի ղեկին Գրեմ Առնոլդն անցկացրել է 31 հանդիպում (Օլիմպիական հավաքականի խաղերը ներառված չեն-խմբ.), տարել 21 հաղթանակ, կրել 6 պարտություն, 4 խաղ ավարտվել է ոչ-ոքի: Մասնագետի գլխավորությամբ Ավստրալիայի հավաքականը խփել է 69 գոլ, բաց է թողել 25-ը:
Գրեմ Առնոլդի նախընտրելի տակտիկական դասավորությունը 4-2-3-1-ն է:
Ավստրալացի մասնագետը մարզչական կարիերայի ընթացքում նվաճել է 3 տիտղոս (Ավստրալիայի կրկնակի չեմպիոն, Ավստրալիայի գավաթակիր):

Ամենաառանցքային խաղացողը
Չնայած նրան, որ հավաքականի անվիճելի առաջատարն ավագ և դարպասապահ Մեթյու Ռայանն է՝ Ավստրալիայի հավաքականի ամենաառանցքային խաղացողն առաջիկա Մունդիալում կլինի հարձակողական ոճի կիսապաշտպանը, որն առաջ կտանի ու կհամախմբի թիմին: Այս դերում առավել հաճախ կհայտնվի անգլիական «Միդլսբրոյի» 24-ամյա ֆուտբոլիստ Ռայլի Մակգրին:
Այս ֆուտբոլիստի գործողությունները մեծապես ազդում են ոչ միայն հարձակման գծի, այլև ամբողջ թիմի խաղի վրա: Նա ստեղծում է գոլային բազմաթիվ հնարավորություններ, կատարում մեծաքանակ հարվածներ:
84,17 տոկոս փոխանցումների միջին ճշգրտությունն ապացույցն է նրա, որ Մակգրիի խաղընկերները կարող են ապավինել նրան:
Նա մասնակցում է նաև մեծաթիվ մենապայքարների, արգելափակում մրցակցի հարվածները: Այսինքն՝ լինելով հարձակողական ոճի ֆուտբոլիստ՝ անհրաժեշտության դեպքում նահանջում է ու օգնում խաղընկերներին մրցակցի գրոհների ժամանակ:

Սպասելիքները
Հաշվի առնելով այն գործոնները, որոնք ներկայացրինք Ավստրալիայի հավաքականի մասին՝ դժվար է ասել, թե այս հավաքականը խմբային փուլը հաղթահարելու որևէ շանս չունի, թեպետ Ֆրանսիայի ու Դանիայի հավաքականների հետ մրցակցելը բարդագույն խնդիր է: Ամեն դեպքում, նրանք ցանկանում են ֆուտբոլ խաղալ ու, ամենակարևորը, կարողանում են:
Ինչ վերաբերում է Թունիսի հավաքականին, ապա այս թիմն էլ վերջերս հաղթանակներ է տարել Ճապոնիայի ու Չիլիի հավաքականների նկատմամբ: Այս խումբը հաղթահարելու ամենաքիչ շանսերը, ըստ ամենայնի, ունի հենց Ավստրալիայի հավաքականը, ու ավստրալացի երկրպագուներից նույնիսկ ամենալավատեսները կվկայեն, որ իրենց հավաքականի հնարավորությունները մեծ չեն: Ավստրալացիների համար, բարեբախտաբար, աշխարհի առաջնությունում խոսքերը ոչինչ չեն որոշում, իսկ թե իրականում ինչ կարող է անել այս հավաքականը ձմեռային Մունդիալում, շատ շուտով պարզ կդառնա:
Կարդացեք նաև՝
- ԱԱ-2022-ի մասնակիցները. «Տերանգայի առյուծները» սպառնում են դառնալ մրցաշարի անակնկալը
- ԱԱ-2022-ի մասնակիցները. Երիտասարդներով և աստղային վետերանով թիմը մտադիր է կրկին պատմություն կերտել
- ԱԱ-2022-ի մասնակիցները. Լևանդովսկին ու ընկերները խառնելու են հսկաների խաղաքարտերը
- ԱԱ-2022-ի մասնակիցները. Նիդերլանդները 8 տարի անց նույն մարզչի հետ կփորձի սխրանք գործել
- ԱԱ-2022-ի մասնակիցները. Կոստա Ռիկան մտադիր է կրկնել 2014-ի հերոսությունը
- ԱԱ-2022-ի մասնակիցները. Մունդիալի ամենաերիտասարդ ու ամենաանփորձ թիմը գալիս է պատմություն գրելու
- ԱԱ-2022-ի մասնակիցները. Մրցաշարի հյուրը, որ կլինի տանտերը
- ԱԱ-2022-ի մասնակիցները. Սաուդյան Արաբիայի վերափոխված թիմն ու մարզիչը, որն արդեն տպավորել է Մունդիալում
- ԱԱ-2022-ի մասնակիցները. Երեք թիմի դեմ միայնակ պայքարող հավաքականը գնում է սենսացիա կերտելու
- ԱԱ-2022-ի մասնակիցները. Բեյլը կառաջնորդի Ուելսի հավաքականին իր պատմության երկրորդ Մունդիալում
- ԱԱ-2022-ի մասնակիցները. «Համառ առյուծները» կփորձեն ողջ դուրս գալ մահվան խմբից
- ԱԱ-2022-ի մասնակիցները. Ադամյանի թիմակիցն ու «Ման․ Յունայթեդի» երիտասարդ խաղացողն առաջնորդելու են Թունիսին
- ԱԱ-2022-ի մասնակիցները. Մոդրիչն ու ընկերները գնում են Կատար ռուսաստանյան սխրանքը կրկնելու հետևից ու գուցե ավելին
- ԱԱ-2022-ի մասնակիցները. «Ոսկե ձեռնոցների», ինքնատիպ էներգիայի ու ագրեսիվության շնորհիվ նրանք կփորձեն կատարել երկար սպասված քայլը
- ԱԱ-2022-ի մասնակիցները. Տաղանդներով լեցուն Մարոկկոն մտադիր է զարմացնել աշխարհին


