Աշխարհի գործող չեմպիոնն իր առջև շատ լուրջ մարտահրավեր ունի. անել այն, ինչ չի կարողացել անել ոչ մի թիմ վերջին 60 տարիների ընթացքում՝ 2 անգամ անընդմեջ հաղթել աշխարհի առաջնությունում: Նախորդ անգամ նման հաջողության հասել է Բրազիլիայի հավաքականը, որն աշխարհի չեմպիոն հռչակվեց 1958-ին ու 1962-ին: Հաշվի առնելով Ֆրանսիայի հավաքականի կազմը, որը ոչ միայն չի թուլացել նախորդ Մունդիալի համեմատ, այլ նույնիսկ ավելի է ուժեղացել, հաշվի առնելով թիմի փորձը, խաղակցվածությունն ու Դիդյե Դեշամի գործոնը՝ կարելի է կանխատեսել, որ «Եռագույնները» կարող են սխրանք գործել:
VNews-ը շարունակում է ներկայացնել աշխարհի առաջնության մասնակիցներին: Հերթական հավաքականը Ֆրանսիան է՝ աշխարհի կրկնակի չեմպիոնը:
Անցած ճանապարհ
Ֆրանսիայի հավաքականի համար որակավորման փուլը հարթ ստացվեց՝ առանց խնդիրների ու լարվածության: Թիմն արագ ապահովեց Կատարի ուղեգիրը՝ լինելով անպարտելի խմբում: Ֆրանսիան վաստակեց 18 միավոր՝ 6 միավոր գերազանցելով Ուկրաինային, ցույց տվեց բավականին արդյունավետ ֆուտբոլ. միայն հարձակման գծի եռյակը 14 անգամ գրավեց մրցակցի դարպասը:

Բայց, եթե որակավորման փուլում Դեշամի թիմն ամեն ինչ հրաշալի արեց, ապա Ազգերի լիգայի՝ այս տարվա խաղարկությունում ելույթը հիասթափեցնող էր: Ընդամենը մեկ հաղթանակով Ֆրանսիայի հավաքականը ցույց տվեց իր խոցելի կողմերը: Իհարկե, սխալ է դատողություններ անել Ազգերի լիգայով, բայց ֆրանսիացիները պետք է արմատապես փոխեն խաղն աշխարհի առաջնությանը:
Խաղաոճ-տակտիկա
Ֆրանսիայի հավաքականի կազմը լավագույններից է մրցաշարում. բոլոր օղակներն ուժեղ են, Դեշամն էլ ունի հարուստ ընտրություն՝ գրեթե յուրաքանչյուր դիրքում ունենալով 2-3 թոփ ֆուտբոլիստ:
«Եռագույնների» մարզիչը հայտացուցակը հրապարակելիս հայտարարեց, որ թիմը հրաժարվելու է 3-4-1-2 մարտվարությունից: 3 կենտրոնական պաշտպանով խաղը Դեշամի նորամուծություններից էր, որը կիրառվեց Եվրո-2020-ում: Բայց էքսպերիմենտը չաշխատեց, և թիմը կվերադառնա 4-3-1-2 մարտավարությանը: Ֆրանսիացիները խաղում են գնդակով՝ առաջին համարով, գրոհում են կտրուկ ու արագ անցումներ կատարում եզրերով՝ քաոս ստեղծելով մրցակցի տուգանային հրապարակում, իսկ հարձակման գծի ֆուտբոլիստների գործողությունները միայն կախված են նրանց երևակայությունից. դժվար է կռահել՝ ինչ են մտածելու Բենզեման ու Մբապեն արագ գրոհների ժամանակ:
Իսկ հիմա՝ ուսումնասիրենք կազմն ու դրա խորությունը. գնանք դիրքերով:
Դեշամը հրավիրել է 1-ական եզրային պաշտպանների (Ջոնաթան Կլոսն ու Ֆեռլան Մենդին դուրս մնացին հայտացուցակից), քանի որ կենտրոնական պաշտպաններից երկուսը՝ Ժյուլ Կունդեն և Լուկա Էրնանդեսը, կարող են գործել, համապատասխանաբար, աջ և ձախ պաշտպանների դիրքում, եթե չլինեն Բենժամեն Պավարն ու Տեո Էրնանդեսը: Պաշտպանության կենտրոնի առաջնորդը կլինի Ռաֆայել Վարանը, բայց թե ով կխաղա «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստի կողքին՝ պարզ չէ. Դայո Ուպամեկանոն, Իբրահիմա Կոնատեն, Աքսել Դիսասին, թե՞ Վիլյամ Սալիբան, որն ամենաճիշտ պահին հավաքեց իր լավագույն մարզավիճակն «Արսենալում»:

Միջին գիծն ամենախոցելին է Ֆրանսիայի այս հավաքականում, քանի որ չեմպիոնության գլխավոր կերտողներից երկուսը՝ Նգոլո Կանտեն և Պոլ Պոգբան, վնասվածքի պատճառով բացակայում են: Հենակետային կիսապաշտպանը Օրելյան Չուամենին է՝ ամենավստահելի ֆուտբոլիստը դաշտի միջին գծում: Այստեղ մյուս 2 խաղացողների հարցում նույնպես կան կասկածներ. Ֆոֆանան, Գենդուզին, Ռաբյոն ու Կամավինգան կարող են հայտնվել մեկնարկային կազմում:
Ֆրանսիացիների հարձակման գիծը, հավանաբար, հավասարը չունի մրցաշարում. Կարիմ Բենզեմա, Կիլիան Մբապե, Անտուան Գրիզման: Չնայած Քրիստոֆեր Նկունկուի վնասվածքին՝ Ֆրանսիան այլ հրաշալի տարբերակներ էլ ունի պահեստում. Կինգսլի Կոման, Ուսման Դեմբելե, Օլիվյե Ժիրու...
Մարզիչը
Շաբաթներ առաջ լրացավ 10 տարին այն օրվանից, երբ Դիդյե Դեշամը ստանձնեց Ֆրանսիայի հավաքականի ղեկը: Սա արդեն նրա 5-րդ խոշոր մրցաշարն է՝ որպես իր երկրի ազգային թիմի գլխավոր մարզիչ. ԱԱ-2014 (մինչև՝ քառորդ եզրափակիչ), Եվրո-2016 (եզրափակիչ), ԱԱ-2018 (չեմպիոն), Եվրո-2020 (1/8 եզրափակիչ):
Դեշամը սառնասիրտ ու պրագմատիկ մարզիչ է, միշտ առաջնորդվում է՝ ի շահ հանդերձարանի և դրա մթնոլորտի (չնայած բազմաթիվ սկանդալներին իր և մյուս ֆուտբոլիստների, կամ թիմի ֆուտբոլիստների միջև), ու ինչպես ինքն է ասել՝ չունի հստակ փիլիսոփայություն ու մոտեցում, պարզապես թիմի խաղը հարմարեցնում է իր տրամադրության տակ եղած կազմին. «Բոլոր խաղային համակարգերն էլ լավն են: Ամենակարևորն այն է, թե ինչպես ու երբ ես կիրառում դրանք»: Դեշամը սիրում է, երբ թիմն ինտենսիվ է գործում: Նա սիրում է, երբ փոխանցումներն արագ են կատարվում, անցումը պաշտպանությունից հարձակում՝ նույնպես, եզրային պաշտպանների ներգրավվածությունն էլ մեծ է լինում գրոհներին:
Դեշամի վրա առաջիկա մրցաշարից առաջ ճնշումը շատ մեծ է: Մի կողմից՝ բոլորը սպասում են շռնդալից արդյունք՝ Եվրո-2020-ի ֆիասկոյից հետո, մյուս կողմից էլ անընդհատ նրան հետապնդում է Զինեդին Զիդանի ուրվականը, որի՝ Ֆրանսիայի հավաքականը գլխավորելու մասին խոսակցություններն ահագնացել են վերջին շաբաթների ընթացքում: Դեշամն այն քչերից է, որին հաջողվել է աշխարհի չեմպիոն դառնալ թե՛ որպես ֆուտբոլիստ, թե՛ որպես մարզիչ: Կատարում նա կարող է ավելի հարստացնել իր ֆուտբոլային ժառանգությունը, հեռանալու դեպքում էլ՝ գնալ արքայավայել:
:focal(1734x720:1736x718)/origin-imgresizer.eurosport.com/2021/10/11/3235085-66218968-2560-1440.jpg)
Գլխավոր աստղը
Կարիմ Բենզեման «Ռեալի» կազմում ունեցավ անմոռանալի մրցաշրջան ու հաղթեց հնարավոր ամեն ինչ. Չեմպիոնների լիգա, Լա լիգա... ու անձրևի կաթիլների նման հորդացին նաև անհատական մրցանակները՝ Պիչիչի, ՉԼ լավագույն ռմբարկու, «Ոսկե գնդակ», ՈւԵՖԱ-ի տարվա լավագույն ֆուտբոլիստ, Globe Soccer-ի՝ տարվա լավագույն խաղացող: Կատարում Բենզեման Ֆրանսիայի հավաքականի առաջատարն է լինելու՝ Կիլիան Մբապեի հետ:
Կարիմի համար աշխարհի այս առաջնությունն ավելի քան խորհրդանշական է. 2021-ին նա 5,5 տարվա դադարից հետո վերադարձավ հավաքական․ սա նրա 2-րդն Մունդիալն է: Հարձակվողը չմասնակցեց 4 տարի առաջ Ռուսաստանում կայացած մրցաշարին ու աննկարագրելի մոտիվացիա ունի իր հավաքականի հետ էլ առաջին անգամ մեծ տիտղոս նվաճելու. «Սա, հավանաբար, նրա վերջին աշխարհի առաջնությունն է: Ուստի՝ անչափ կարևոր է մրցաշարը Կարիմի համար»,- նշում է Դեշամը:
Բենզեման հավաքական վերադարձից հետո շատ լավ է հարմարվել թիմի խաղին. անցկացրած 16 խաղում խփել է 10 գոլ, ինչպես նաև հրաշալի հարաբերություններ ձևավորել թիմակիցների հետ. «Բենզեման աշխարհի լավագույն հարձակվողն է: Նա միշտ շատ լավ է խաղում և ուժեղացրել է մեզ», - ընդգծում է Բենժամեն Պավարը:
«Խաղային առումով Կարիմն ունի ամեն ինչ: Նա ունի շատ դրական անհատականություն, ինչպես նաև՝ առաջատարի փայլուն հատկանիշներ»,- ավելացնում է Ժյուլ Կունդեն:

Մբապեի վրա նույնպես լինելու է մեծ ուշադրություն: Նա մրցաշարին մոտենում է սկանդալային տրամադրություններով, բայց նաև՝ իր լավագույն մարզավիճակում (երբեք այսպիսի մեկնարկ չի ունեցել ոչ մի մրցաշրջանում): Ոչ ոք Կիլիանի տարիքում իր հավաքականի կազմում անցկացրած 59 խաղում չի դարձել 28 գոլի ու 21 գոլային փոխանցման հեղինակ, բայց այժմ Մբապեից սպասելիքներն ավելի մեծ են: Նա պետք է ուղղի իր՝ նախորդ տարի թույլ տված վրիպումը, ինչի հետևանքով Ֆրանսիան դուրս մնաց Եվրոպայի առաջնությունից:
Սպասելիքները
Ֆրանսիայի հավաքականն ունի ամեն ինչ՝ պատմության մեջ 3-րդ անգամ աշխարհի չեմպիոն հռչակվելու համար: Էլ ուրիշ ի՞նչ սպասելիքներ պետք է ունենան երկրպագուներն աշխարհի գործող չեմպիոնից. միայն ու միայն չեմպիոնություն:
Իհարկե, ըստ շատերի՝ աշխարհի գործող չեմպիոնի վրա անկեծք կա: 21-րդ դարում, որպես կանոն, աշխարհի գործող չեմպիոնը ոչ միայն չի կարողանում պաշտպանել տիտղոսը, այլ՝ ձախողվում է հաջորդ մրցաշարում: Այդպես էր 2002-ին, երբ Ֆրանսիան նույնիսկ գոլ չխփեց խմբում: 2010-ին Իտալիան չհաղթահարեց խմբային փուլը, 2014-ին Իսպանիայի հավաքականն առաջին երկու տուրում ցավալի պարտություններ կրեց, 2018-ին էլ Գերմանիան սայթաքեց այնպիսի խմբում, որը, ըստ բոլոր հաշվարկների, պետք է առանց խնդիրների հաղթահարեր:
Նախորդ Մունդիալի համեմատ այժմ Ֆրանսիայի հավաքականի մրցակիցներն ավելի ուժեղ են՝ սկսած Դանիայից, որի հետ Դեշամի կոլեկտիվը միևնույն՝ D խմբում է ընդգրկված: Բրազիլիան, Արգենտինան, Գերմանիան, Անգլիան... բոլորն ավելի ուժեղ ու փորձառու կազմ ունեն՝ 2018-ի մրցաշարի համեմատ: Բայց Ֆրանսիայում հասկանում են, որ այսպիսի սերունդ ունենալը եզակի հնարավորություն է՝ 2 անգամ անընդմեջ աշխարհի չեմպիոն դառնալու համար:
Կարդացեք նաև
- ԱԱ-2022-ի մասնակիցները. «Տերանգայի առյուծները» սպառնում են դառնալ մրցաշարի անակնկալը
- ԱԱ-2022-ի մասնակիցները. Երիտասարդներով և աստղային վետերանով թիմը մտադիր է կրկին պատմություն կերտել
- ԱԱ-2022-ի մասնակիցները. Լևանդովսկին ու ընկերները խառնելու են հսկաների խաղաքարտերը
- ԱԱ-2022-ի մասնակիցները. Նիդերլանդները 8 տարի անց նույն մարզչի հետ կփորձի սխրանք գործել
- ԱԱ-2022-ի մասնակիցները. Կոստա Ռիկան մտադիր է կրկնել 2014-ի հերոսությունը
- ԱԱ-2022-ի մասնակիցները. Մունդիալի ամենաերիտասարդ ու ամենաանփորձ թիմը գալիս է պատմություն գրելու
- ԱԱ-2022-ի մասնակիցները. Մրցաշարի հյուրը, որ կլինի տանտերը
- ԱԱ-2022-ի մասնակիցները. Սաուդյան Արաբիայի վերափոխված թիմն ու մարզիչը, որն արդեն տպավորել է Մունդիալում
- ԱԱ-2022-ի մասնակիցները. Երեք թիմի դեմ միայնակ պայքարող հավաքականը գնում է սենսացիա կերտելու
- ԱԱ-2022-ի մասնակիցները. Բեյլը կառաջնորդի Ուելսի հավաքականին իր պատմության երկրորդ Մունդիալում
- ԱԱ-2022-ի մասնակիցները. «Համառ առյուծները» կփորձեն ողջ դուրս գալ մահվան խմբից
- ԱԱ-2022-ի մասնակիցները. Ադամյանի թիմակիցն ու «Ման․ Յունայթեդի» երիտասարդ խաղացողն առաջնորդելու են Թունիսին
- ԱԱ-2022-ի մասնակիցները. Մոդրիչն ու ընկերները գնում են Կատար ռուսաստանյան սխրանքը կրկնելու հետևից ու գուցե ավելին
- ԱԱ-2022-ի մասնակիցները. «Ոսկե ձեռնոցների», ինքնատիպ էներգիայի ու ագրեսիվության շնորհիվ նրանք կփորձեն կատարել երկար սպասված քայլը
- ԱԱ-2022-ի մասնակիցները. Տաղանդներով լեցուն Մարոկկոն մտադիր է զարմացնել աշխարհին
- ԱԱ-2022-ի մասնակիցները. Կենգուրու-ֆուտբոլիստները կփորձեն լուծել անլուծելի թվացող խնդիրը
- ԱԱ-2022-ի մասնակիցները. Ճապոնիան բարդ խմբում է, բայց կռիվ է տալու լավագույն արդյունքը կրկնելու համար
- ԱԱ-2022-ի մասնակիցները. Աշխարհի չեմպիոնին խոցած թիմը հրաշալի կազմ ունի նորից սենսացիա կերտելու համար
- ԱԱ-2022-ի մասնակիցները. Նոր սերնդի ու լեգենդների Ուրուգվայը Մունդիալի թաքնված ֆավորիտն է
- ԱԱ-2022-ի մասնակիցները. Գերմանիայի հավաքականը կփորձի կիսել բրազիլացիների համաշխարհային ռեկորդը
- ԱԱ-2022-ի մասնակիցները. Մեկ քայլ է մնում Անգլիային՝ «ֆուտբոլը տուն բերելու համար»


