VNews-ը շարունակում է ներկայացնել նոյեմբերի 20-ին Կատարում մեկնարկելիք ֆուտբոլի աշխարհի առաջնության թիմերին: Այս անգամ հերթը Շվեյցարիայինն է, որը նախորդ խոշոր մրցաշարում՝ Եվրոպայի առաջնությունում, անակնկալ մատուցեց՝ պայքարից դուրս թողնելով աշխարհի գործող չեմպիոն Ֆրանսիայի հավաքականին:
Անցած ճանապարհ
Շվեյցարիայի հավաքականը որակավորման մրցաշարում ամենաքննարկվող թիմերից էր: Պատճառը ոչ թե նրանց կայուն խաղն էր, այլ խմբի գլխավոր մրցակիցը, որի հետ երկու խաղերը որոշիչ եղան վերջնական արդյունքի հարցում: Խոսքն, իհարկե, Իտալիայի մասին է: Բացի «Սկուադրա աձուրայից», Շվեյցարիայի մրցակիցներն էին նաև Հյուսիսային Իռլանդիան, Բուլղարիան ու Լիտվան: Շվեյցարիան բացի Իտալիայի հետ երկու խաղերից, միայն մեկում միավորներ կորցրեց՝ ոչ-ոքի խաղալով Հյուսիսային Իռլանդիայի հետ:
Իտալիայի հետ խաղերը որոշիչ եղան: Շվեյցարիայում գրանցվեց 0-0 հաշիվը: Այդ խաղի բեկումնային պահը եղավ երկրորդ կեսի մեկնարկում: Ժորժինյոն վրիպեց 11-մետրանոցից: Տպավորիչ սեյվով աչքի ընկավ Յան Զոմերը:

Իտալիայում կայացած խաղում հաշիվը 1-1 էր, երբ հանդիպման վերջում Եվրոպայի գործող չեմպիոնը նորից 11-մետրանոցի հնարավորություն ստացավ: Ժորժինյոն առաջին խաղի տհաճ հիշողություններին վերջ դնելու ու Իտալիային Մունդիալ ուղարկելու նպատակով մոտեցավ գնդակին, սակայն այս անգամ էլ բարձր հարվածեց: Շվեյցարիան նվաճեց Մունդիալի ուղեգիր, իսկ Իտալիան անցումային խաղերում զիջեց Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականին:
Տակտիկա-խաղաոճ
Շվեյցարիայի հավաքականում նախորդ խոշոր մրցաշարից հետո տեղի է ունեցել մարզչական փոփոխություն: Վլադիմիր Պետկովիչի գործը շարունակում է Մուրատ Յակինը: Նա հիմնականում կիրառում է 4-2-3-1, կամ 4-4-2 խաղային սխեման: Յակինը շարունակում է իրագործել Պետկովիչի խաղային գաղափարները: Շվեյցարիան ամուր ու կայուն պաշտպանություն ունեցող թիմ է: Նրանք ընդամենը 2 գնդակ են բաց թողել որակավորման մրցաշարում:
Շվեյցարիայի պաշտպանության ամուր հիմնաքարերից են նաև դաշտի միջին գծում գործող խաղացողները: Այս տեսանկյունից Յակինը մեծ դեր է վերապահում նաև հենակետային կիսապաշտպաններին։ Այդ դիրքում Շվեյցարիան ունի հրաշալի ֆուտբոլիստներ՝ Ռեմո Ֆրոյլեր, Դենիս Զակարիա: Նրանց ներկայությունը կարող է հնարավորություն տալ Գրանիտ Ջակային դաշտում ավելի ազատ գործել ու ստեղծագործել նաև հարձակման գծում:

Դարպասապահի դիրքում միանշանակ լինելու է Յան Զոմերը: Նա վերջին խաղերը բաց է թողել ակումբային մակարդակում կոճի վնասվածքի պատճառով: Սակայն Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» դարպասապահը ապաքինված է միանալու ազգային թիմին ու լինելու է անփոխարինելի մեկնարկային կազմում:
Պաշտպանության եզրերում ձախից կլինի Ռիկարդո Ռոդրիգեսը, աջից՝ Սիլվեն Վիդմերը: Կենտրոնում Մանուել Ականջիի տեղն անբեկանելի է: Նրա կողքը կխաղա կա՛մ Ֆաբիան Շարը, կա՛մ Նիկո Էլվեդին: Հենակետայինի դիրքում անվիճելի է Գրանիտ Ջակայի տեղը: Նրա կողքը կարող են խաղալ թե՛ Ֆրոյլերը, թե՛ Զակարիան: Վերջինս «Չելսիում» քիչ խաղաժամանակ է ստանում այս մրցաշրջանում:
Հարձակման գծում տարբերակները շատ են՝ Էդուարդո Վարգաս, Նոահ Օկաֆոր, Ջերդան Շաքիրի, Բրիել Էմբոլո: Շվեյցարիան բալանսավորված կազմ ունի, ու սա նրանց նաև տակտիկապես մանևրելու հնարավորություններ է տալու:
Մարզիչը
Մուրատ Յակինը բազմափորձ մասնագետ է, որը հրաշալի աշխատանք է կատարում Շվեյցարիայի հավաքականում: Նա հստակորեն շարունակում է Վլադիմիր Պետկովիչի թողած գիծն ու պահում է հավաքականի հիմնական խաղաոճը: Պետկովիչն այնպիսի բարձր նշաձող էր սահմանել, որ նրանից հետո եկող մարզչին շատ բարդ աշխատանք էր սպասվում: Սակայն Յակինը համարձակորեն վերցրեց այդ բեռն ու որակավորման մրցաշարում ապացուցեց, որ իր գլխավորությամբ էլ Շվեյցարիան անցանկալի մրցակից է շատերի համար:

Յակինն ունի թիմի խաղացողների անվերապահ վստահությունը: Շվեյցարիայի հավաքականի առաջատարներից Յան Զոմերն օրերս խոսեց Յակինի մարզիչի՝ նշելով, որ նա ֆանտաստիկ մթնոլորտ է ստեղծում հանդերձարանում: Զոմերը վաղուց է ճանաչում Յակինին: Նրանք համատեղ աշխատել են շվեյցարական «Բազելում»:
Գլխավոր աստղը
Որքան էլ զարմանալի կարող է թվալ, բայց Շվեյցարիայի հավաքականում բարդ է ընտրել գլխավոր աստղին: Այստեղ տարբերակները շատ են, սակայն ընտրությունը կանգ առավ Յան Զոմերի վրա, ու դրա համար կան հստակ պատճառներ: Այսպիսի հավաքականներում դարպասապահի դերը շատ մեծ է: Նախորդ խոշոր մրցաշարում Շվեյցարիայի հաջողության մեջ Զոմերն անհավանական մեծ դերակատարում ունեցավ: Իսպանիայի հետ քառորդ եզրափակիչի խաղում էլ նա փառահեղ հանդիպում անցկացրեց, բայց դա չհերիքեց Պետկովիչի թիմին շարժվել առաջ:
Շվեյցարիայի հավաքականում դարպասապահի վստահ խաղը հոգեբանական մեծ առավելություն կարող է տալ նաև թիմի մյուս ֆուտբոլիստներին: Զոմերն այս պահին աշխարհի թոփ-10 դարպասապահների մեջ է ցուցադրած խաղով: Նրա խաղն էլ ավելի տպավորիչ է խոշոր մրցաշարերում, որտեղ հավանաբար տրամադրվածությունն էլ այլ է:
Շվեյցարիայում կան նաև այլ աստղեր, որոնցից ևս սպասելիքները մեծ են: Պաշտպանության գծում կա Մանուել Ականջին, որն ամռանը Դորտմունդի «Բորուսիայից» տեղափոխվեց «Մանչեսթեր Սիթի»: Նրա խաղային աճը նկատելի է այս մրցաշրջանում: Պեպ Գվարդիոլան վստահում է Ականջիին ավելի շատ, քան սպասում էին մասնագետները:

Դաշտի միջին գծում կա Գրանիտ Ջակա, որը, կարելի է ասել, իր կյանքի մրցաշրջանն է անցկացնում «Արսենալում»: «Զինագործներն» առաջինն են Պրեմիեր լիգայում, իսկ Ջական այդ թիմի անբաժանելի ու կարևորագույն մասնիկն է: Այս մրցաշրջանում Ջական Անգլիայի առաջնությունում արդեն այնքան գոլ է խփել, որքան նախորդող բոլոր մրցաշարերում միասին:
Հարձակման գծում էլ կան Ջերդան Շաքիրին ու Բրիել Էմբոլոն: Շաքիրին խոշոր մրցաշարերում միշտ փայլում է ու գեղեցիկ գոլեր խփում: Էմբոլոն էլ ամռանը փոխեց ակումբը: Նա «Մոնակոյում» լավ է խաղում ու հավաքականում ևս սպասելիքները մեծ են:
Սպասելիքներ
Շվեյցարիայի հավաքականն ընդգրկված է թերևս ամենաբարդ խմբում: Ու այստեղ բարդությունը ոչ միայն Շվեյցարիայի, այլև բոլոր թիմերի համար է: Մրցակիցներն են Բրազիլիան, Սերբիան ու Կամերունը: Հետաքրքիր է, որ 2018-ի Մունդիալին էլ Շվեյցարիան նույն խմբում էր Բրազիլիայի ու Սերբիայի հետ, իսկ երրորդ մրցակիցը Կոստա Ռիկան էր:
Կա տպավորություն, որ այս խմբի առաջին ուղեգիրը լինելու է Բրազիլիայինը, իսկ երկրորդի համար կռիվ են տալու շվեյցարացիներն ու սերբերը: Սակայն այստեղ ամեն ինչ էլ կարող է լինել: Հաշիվներից պետք չէ հանել նաև Կամերունին, որն աֆրիկյան ամենաուժեղ հավաքականներից է:
Շվեյցարիան իր ամուր, թիմային պաշտպանությամբ անհարմար մրցակից է ցանկացած թիմի համար: Հետաքրքիր է, որ Յակինի թիմը սկսում է պայքարը Կամերունի հետ, հետո խաղում է Բրազիլիայի, իսկ վերջին տուրում՝ Սերբիայի հետ: Շատ հավանական է, որ այս խմբի երկրորդ ուղեգիրը կորոշվի հենց երրորդ տուրի խաղում: Եթե Շվեյցարիան հայտնվի փլեյ-օֆֆ փուլում, նրանք ունեն հնարավորություն դառնալու այս մրցաշարի սենսացիա կերտած թիմը, ինչպես դա եղավ Ֆրանսիային Եվրո-2020-ից դուրս թողնելու ժամանակ: Շվեյցարիան դրա համար ունի պոտենցիալ:
Կարդացեք նաև՝
- ԱԱ-2022-ի մասնակիցները. «Տերանգայի առյուծները» սպառնում են դառնալ մրցաշարի անակնկալը
- ԱԱ-2022-ի մասնակիցները. Երիտասարդներով և աստղային վետերանով թիմը մտադիր է կրկին պատմություն կերտել
- ԱԱ-2022-ի մասնակիցները. Լևանդովսկին ու ընկերները խառնելու են հսկաների խաղաքարտերը
- ԱԱ-2022-ի մասնակիցները. Նիդերլանդները 8 տարի անց նույն մարզչի հետ կփորձի սխրանք գործել
- ԱԱ-2022-ի մասնակիցները. Կոստա Ռիկան մտադիր է կրկնել 2014-ի հերոսությունը
- ԱԱ-2022-ի մասնակիցները. Մունդիալի ամենաերիտասարդ ու ամենաանփորձ թիմը գալիս է պատմություն գրելու
- ԱԱ-2022-ի մասնակիցները. Մրցաշարի հյուրը, որ կլինի տանտերը
- ԱԱ-2022-ի մասնակիցները. Սաուդյան Արաբիայի վերափոխված թիմն ու մարզիչը, որն արդեն տպավորել է Մունդիալում
- ԱԱ-2022-ի մասնակիցները. Երեք թիմի դեմ միայնակ պայքարող հավաքականը գնում է սենսացիա կերտելու
- ԱԱ-2022-ի մասնակիցները. Բեյլը կառաջնորդի Ուելսի հավաքականին իր պատմության երկրորդ Մունդիալում
- ԱԱ-2022-ի մասնակիցները. «Համառ առյուծները» կփորձեն ողջ դուրս գալ մահվան խմբից
- ԱԱ-2022-ի մասնակիցները. Ադամյանի թիմակիցն ու «Ման․ Յունայթեդի» երիտասարդ խաղացողն առաջնորդելու են Թունիսին
- ԱԱ-2022-ի մասնակիցները. Մոդրիչն ու ընկերները գնում են Կատար ռուսաստանյան սխրանքը կրկնելու հետևից ու գուցե ավելին
- ԱԱ-2022-ի մասնակիցները. «Ոսկե ձեռնոցների», ինքնատիպ էներգիայի ու ագրեսիվության շնորհիվ նրանք կփորձեն կատարել երկար սպասված քայլը
- ԱԱ-2022-ի մասնակիցները. Տաղանդներով լեցուն Մարոկկոն մտադիր է զարմացնել աշխարհին
- ԱԱ-2022-ի մասնակիցները. Կենգուրու-ֆուտբոլիստները կփորձեն լուծել անլուծելի թվացող խնդիրը
- ԱԱ-2022-ի մասնակիցները. Ճապոնիան բարդ խմբում է, բայց կռիվ է տալու լավագույն արդյունքը կրկնելու համար


