Logo

ԱԱ-2022-ի մասնակիցները. Անպարտելի թիմով հանճարի վերջին Մունդիալը

Հեղինակ
Հայկ Հովհաննիսյան
18:44 / 19.11.2022• Աշխարհի առաջնություն
Բացառիկ
null

4 տարի առաջ նույնիսկ Արգենտինայի հավաքականի ամենահավատարիմ երկրպագուները չէին հավատում, որ այդ թիմը կարող է նվաճել Մունդիալ-2018-ի չեմպիոնի տիտղոսը: Նույնիսկ այդ պարագայում հարավամերիկացիները միակն էին, որ մրցաշարի ընթացքում հաշվի մեջ առջևում էին ապագա չեմպիոն Ֆրանսիայի դեմ խաղում, որն էլ պայքարից դուրս թողեց Խորխե Սամպաոլիի գլխավորությամբ խաղացած թիմին: Զարամանալի է՝ 4 տարի անց, երբ թվում էր, թե արգենտինացիների գերաստղերն ավելի կծերանան, հանկարծ «Ալբիսելեստեն» սկսեց անհավանական արդյունքներ գրանցել և Կատար է մեկնում աշխարհի առաջնության հիմնական ֆավորիտներից մեկի կարգավիճակում:

VNews-ը շարունակում է ներկայացնել ԱԱ-2022-ի մասնակիցներին, և հերթն աշխարհի կրկնակի չեմպիոն Արգենտինայինն է:

Անցած ճանապարհը

Մունդիալի ընտրական փուլում Արգենտինայի հավաքականը ճանապարհը սկսվել է 2020 թվականի հոկտեմբերից: Մեկնարկային 4 խաղում վաստակած 10 միավորը ցույց տվեց, որ «Ալբիսելեստեն» այս անգամ այլևս հույս չի դնելու վերջին տուրերի վրա: 4 տարի առաջ Մունդիալի ընտրական փուլում Արգենտինան փրկվեց միայն վերջին տուրում, երբ միջազգային կարիերան ավարտելու մասին հայտարարած Լեո Մեսին հենց այդ նպատակով վերադարձավ հավաքական և հաղթական հեթ-տրիկի հեղինակ դարձավ վճռորոշ խաղում: Այս անգամ հաջող մեկնարկին հաջորդեց 2 բարդ մրցակիցների` Չիլիի և Կոլումբիայի դեմ հանդիպումները, որոնցում գրանցվեց ոչ-ոքի: Այնուհետև ընտրական փուլում երկար ընդմիջում հայտարարվեց, որովհետև 2021-ի ամռանը նախատեսված էր Կոպա Ամերիկան:

Արգենտինան Բրազիլիա ժամանեց լավ տրամդարվածությամբ և նվաճեց այդքան երկար սպասված գավաթը:

Այդ հաղթանակից հետո արդեն Լիոնել Սկալոնիի կոլեկտիվը գերվստահություն ձեռք բերեց և վերջնականապես վերածվեց անպարտելի թիմի: Ամերիկայի գավաթից հետո ԱԱ-2022-ի ընտրական փուլում Արգենտինան ևս 11 խաղ անցկացրեց, 8-ում հաղթեց և գրանցեց 3 ոչ-ոքի: Ինչպես նկատեցիք` պարտություններ չկան: Եվ իսկապես, Արգենտինան անցկացրեց առանց պարտությունների աննկատ շարք, որն այս պահին կազմում է 36 խաղ:

Ինչ վերաբերում է ընտրական փուլին, ապա Արգենտինան վաստակեց 37 միավոր և գրավեց երկրորդ տեղը: Բրազիլիայի դեմ հետաձգված խաղն էլ չանցկացվեց, որովհետև այն այլևս ոչինչ չէր որոշում մայրցամաքի երկու ուժեղագույն թիմերի համար:

Խաղաոճ-տակտիկա

Վերջին տարիներին փոխվել են ոչ միայն Արգենտինայի հավաքականի արդյունքները, այլև՝ խաղաոճը: Եթե նախկինում Մեսին թիմի ամեն ինչն էր, ապա Սկալոնիի օրոք շատ բան է փոխվել: «Ալբիսելեստեն» արդեն խաղում է կոմբինացիոն ոճով, որում Մեսին կրկին հիմնական ստեղծագործողն է, բայց այլևս գնդակի միակ հասցեատերը չէ: Նախկինում բոլորը գիտեին, որ փոխանցում է հետևելու Մեսիին, և փորձում էին թույլ չտալ դա: Հիմա արդեն հարավամերիկացիներն այդ հանգամանքն իրենց զենքն են դարձրել: Գրոհի նոր տարբերակներ գտնելով՝ նրանք մրցակցին դիլեմայի առջև են դնում. մեծ ուժերով հսկել Մեսիին, բայց թույլ տալ մրցակցին այլ ուղղությամբ գրոհել, կամ էլ փորձել հավասարապես բոլորին դիմավորել, ինչը ՊՍԺ-ի հարձակվողին թույլ կտա հեշտությամբ կազմակերպել խաղը և վտանգավոր գրոհներ սկսել:

Արգենտինան գնդակը խաղարկելիս շեշտը դնում է կենտրոնում կարճ և արագ փոխանցումների վրա` փորձելով քաոս ստեղծել մրցակցի շարքերում: Նույնիսկ եզրային կիսապաշտպանները հաճախ կիսաեզրերում են գործում, ինչը թույլ է տալիս էլ ավելի հագեցնել կենտրոնը: Գումարած Մեսին, որը ցանկացած պահի կարող է նահանջել և սուր փոխանցումներ բաժանել:

Այս խաղաոճում մեծ դեր է տրվում եզրային պաշտպաններին, որոնք պարտավորվում են լայնություն ապահովել գրոհների համար: Ֆուտբոլում թիմերը սովորաբար փորձում են կոմպակտ գործել առանց գնդակի, բայց «Ալբիսելեստեն» դա անում է նաև գնդակով: Պաշտպանների և հարձակվողների միջև հեռավորությունը միջինը 39 մետր է, իսկ լայնությունը` 56:

Եվս մեկ յուրահատուկ մոտեցում է գրոհի կազմակերպչի ռոտացիան: Կենտրոնական կիսապաշտպաններ Ռոդրիգո Դե Պաուլն ու Լեանդրո Պարեդեսը հավասարապես նահանջում և կատարում են խաղարկողի դերը, ինչը նույնպես դժվարություններ է ստեղծում մրցակցի համար:

Արգենտինան առանց գնդակի Հարավային Ամերիկայում լավագույն պրեսինգն է կազմակերպում: Մրցակիցները գնդակը կորցնում են միջինը 8,79 փոխանցումից հետո: Արգենտինայի գլխավոր զենքը մեծ ուժերով, սինխրոն պրեսինգն է: Նրանք ծուղակներ են ստեծում մրցակիցների համար և մի քանի ֆուտբոլիստով շրջափակում նրանց:

Վերջին խաղերում մրցակցի կիսադաշտում խլած գնդակների քարտեզն այսպիսի տեսք ունի.

Գնակների այդ վերադարձերը ոչ միայն արագ ու վտանգավոր գրոհի են բերել, այլ նաև գոլով ավարտվել:

Մարզիչը

Լիոնել Սկալոնիի և Արգենտինայի հավաքականի լավ հարաբերությունները մեկնարկել են, երբ նա դեռ երիտասարդ էր և 1997-ին Մ-20 Մունդիալում դարձավ աշխարհի չեմպիոն: Այն ժամանակ Արգենտինայի հավաքականի առաջատարներն էին Ռիկելմեն, Այմարը և Կամբիասոն, սակայն քառորդ եզրափակչի` Բրազիլիայի դեմ խաղում (2:0) հենց աջ պաշտպան Սկալոնին դարձավ հաղթական գոլի հեղինակ: Հետագայում Լիոնելը տեղափոխվեց «Դեպորտիվո», որի կազմում հասավ անհավանական նվաճումների, այդ թվում՝ դառնալով Իսպանիայի չեմպիոն: Հետո արգենտինացին խաղաց «Վեսթ Հեմում», «Լացիոյում», «Ատալանտայում» և այլ ակումբներում: Իսկ ահա ազգային հավաքականում ամեն ինչ այդքան լավ չէր` ընդամենը 7 հանդիպում երկրի գլխավոր թիմում:

Սկալոնին կարիերան ավարտեց 2015-ին, իսկ մեկ տարի անց դարձավ մարզիչ: Այստեղ արդեն մարզիչի և Արգենտինայի հավաքականի հարաբերություններն արտակարգ են ստացվում:

2016-ին երիտասարդ մասնագետը «Սևիլիայում» Խորխե Սամպաոլիի օգնականն էր, մեկ տարի անց էլ նրա հետ տեղափոխվեց ազգային հավաքական: 2018-ի Մունդիալից հետո Սամպաոլիին պաշտոնանկ արեցին, և ժամանակավոր պաշտոնակատար նշանակեցին Սկալոնիին: Վերջինս այնքան լավ աշխատեց, որ դադարեցին այլ մարզիչ փնտրել. հանկարծ գտել էին այն մարդուն, ով հարկավոր էր:

Սկալոնիի Արգենտինան այս 4 տարում 50 խաղ է անցկացրել և կրել ընդամենը 4 պարտություն: Ուշադրություն․ 4 տարում՝ 4 պարտություն: Թիմի խաղաոճի մասին արդեն խոսել ենք, իսկ ահա 44-ամյա մասնագետի մյուս կարևոր նվաճումը թիմում ընտանեկան մթնոլորտ ստեղծելն է, որի շնորհիվ ֆուտբոլիստները պատրաստ են կյանքը տալ մյուսների համար (նրանք էլ են այդպես ասում):

Ինչ վերաբերվում է հաղթանակներին, ապա դրանք արդեն 34-ի են հասել: «Ալբիսելեստեն» այս պահին 36 անընդմեջ խաղում անպարտելի է և Մունդիալում Սաուդյան Արաբիայի դեմ մրցավեճում կարող է կրկնել ազգային հավաքականների պատմության անպարտելիության ռեկորդը, որը պատկանում է Իտալիային:

Գլխավոր աստղը

Լիոնել Մեսին արդեն հայտարարել է, որ Կատարում կայանալիք Մունդիալը վերջինն է լինելու իր կարիերայում: 2021-ին նա խոշոր տիտղոս նվաճեց հավաքականում` դառնալով Կոպա Ամերիկայի գավաթակիր: Նրա նոր դերը թիմակիցների ուժեղ կողմերի բացահայտումն է, իսկ հնարավորության դեպքում՝ գրոհների ինքնուրույն եզրափակումը: Եթե նախկինում կոմբինացիոն խաղը երկրորդ պլան էր մղված և առաջին նպատակը Մեսիին գտնելն էր, ինչի մասին նաև մրցակիցները գիտեին, ապա նոր Արգենտինայում հանճարն ավելի շատ է մասնակցում կոմբինացիաներին: Թվերը նույնպես հաստատում են. ԱԱ-2018-ի ընտրական փուլում Մեսին միջինը մեկ խաղում 37 փոխանցում էր կատարում, իսկ ԱԱ-2022-ի ընտրական փուլում` 51: Ահա փոխանցումների քարտեզի օրինակ Արգենտինայի խաղերից 4 տարի առաջ և հիմա.

«Ոսկե գնդակի» 7-ակի դափնեկիրը նախկինի պես թիմի գլխավոր ֆուտբոլիստն է, բայց արդեն նաև տարբեր ուղղություններով փոխանցումներ բաժանելու գործում: Թիմակիցներն էլ սկսել են նրան ավելի մոտ տեղակայվել և կարճ փոխանցումներով արագ կոմբինացիաների մասնակցել:

«Ալբիսելեստեի» ավագը ֆենոմենալ մարզավիճակում է մոտենում Մունդիալին: 2022 թվականին նա Արգենտինայի հավաքականի կազմում 7 խաղում խփել է 11 գոլ և դարձել 3 ասիստի հեղինակ:

ՊՍԺ-ում էլ 35-ամյա ֆուտբոլիստը վերգտել է «Բարսելոնայի» ժամանակների իր ֆուտբոլը և այժմ հարձակողական 9 տարբեր ցուցանիշներով ոչ միայն ՊՍԺ-ի կամ Լիգա 1-ի, այլև Եվրոպայի թոփ-5 լիգաների ամենաբարձր թվերն ունի:

Սպասելիքները

Արգենտինան ընդգրկված է C խմբում, որտեղ մրցակիցներն են Մեքսիկան, Լեհաստանը և Սաուդյան Արաբիան: «Ալբիսելեստեն» խմբում գլխավոր ֆավորիտն է, ինչպես կարգավիճակով, այնպես էլ՝ խաղով: Թվում է, թե կարող են մտածել 1/8 եզրափակչի մասին, որտեղ, ամենայն հավանականությամբ, մրցելու են Ֆրանսիայի կամ Դանիայի հետ, սակայն Մեսին հատուկ նշել է, որ այլևս չեն կրկնելու ԱԱ-2018-ի սխալը, երբ սկզբից էլ մտածում էին փլեյ-օֆֆի մասին և մեծ խնդիրներ ունեցան խմբային փուլում:

Այդուհանդերձ, Արգենտինան առաջին հերթին իր թիմային ֆուտբոլի, Մեսիի գործոնի և անկոտրուն բնավորության շնորհիվ համարվում է մրցաշարի թոփ-5 ֆավորիտներից մեկը:

 

Կարդացեք նաև

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ