Կատարում շարունակվող ֆուտբոլի աշխարհի առաջնության երկրորդ տուրում Պորտուգալիա հավաքականի՝ Ուրուգվայի դարպասը խփած առաջին գոլը չի գրանցվի Կրիշտիանու Ռոնալդուի անվան դիմաց, հայտնում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը:
ՖԻՖԱ-ի տեխնիկական հանձնաժողովն Adidas ընկերության կողմից գնդակի մեջ տեղադրած սենսորի միջոցով պարզել է, որ 37-ամյա հարձակվողը չի դիպել գնդակին:
«Շնորհիվ Adidas-ի նորագույն տեխնոլոգիայի հնարավոր եղավ պարզել, որ Կրիշտիանու Ռոնալդուն չի դիպել գնդակին Պորտուգալիա - Ուրուգվայ հանդիպման առաջին գոլի դրվագում»,- ասվում է պաշտոնական հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ հանդիպման 54-րդ րոպեին անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշի փոխանցումից հետո «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիր Կրիշտիանու Ռոնալդուն փորձել էր գլխի հարված կատարել, ու գնդակը հայտնվել էր դարպասում: Սկզբում գոլը գրանցվել էր Ռոնալդուի, իսկ րոպեներ անց՝ Բրունու Ֆերնանդեշի անվան դիմաց:
Պորտուգալիայի հավաքականն այդ խաղում Բրունու Ֆերնանդեշի դուբլի շնորհիվ հաղթել էր 2-0 հաշվով ու վաղաժամ նվաճել փլեյ-օֆֆի ուղեգիր: