Անգլիայի, Գերմանիայի, Նիդերլանդների և եվրոպական մյուս երկրների հավաքականների ավագները Կատարում մեկնարկած աշխարհի առաջնության հանդիպումներում խաղադաշտ դուրս չեն գա ծիածանագույն թևկապներով, որով աջակցում են ԼԳԲՏ համայնքին: Այդ մասին հայտնում է The Athletic-ը։
«Այսօր առավոտյան մենք հանդիպումներ ունեցանք ՖԻՖԱ-ի հետ, և քննարկումները շարունակվում են: Մենք շատ ենք ուզում ծիածանագույն թևկապ կրել, ուզում ենք դա անել, բայց պետք է մտածել հետևանքների մասին։ Սովորաբար նման իրավիճակներում կլինի տուգանք, որը մենք պատրաստ կլինենք վճարել:
Այնուամենայնիվ, եթե սպորտային պատժամիջոցների սպառնալիքն իրական է, մենք պետք է նայենք դրան, մի քայլ հետ գնանք և աշխատենք, եթե կա մեր արժեքները ցուցադրելու այլ միջոց»,- The Athletic-ին հայտնել է Անգլիայի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր տնօրեն Մարկ Բուլինգեմը:
Հիշեցնենք, որ ՖԻՖԱ-ի հասարակության հետ կապերի տնօրեն Բրայան Սուոնսոնը աշխարհի առաջնությանը նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ խոստովանել էր, որ ունի ոչ ավանդական սեռական կողմնորոշում: Աշխարհի առաջնությունը կավարտվի դեկտեմբերի 18-ին:


