Բրազիլիայի հավաքականը տպավորիչ հաղթանակով դուրս եկավ Կատարում շարունակվող ֆուտբոլի աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ, որտեղ կմրցի աշխարհի փոխչեմպիոն Խորվաթիայի հետ:
Փլեյ-օֆֆում բրազիլացիները մեկնարկեցին Հարավային Կորեայի հավաքականի նկատմամբ 4-1 հաշվով հաղթանակով:
Բրազիլացիները, ցուցադրելով դիտարժան ֆուտբոլ, առաջին խաղակեսում գործնականում ապահովեցին հաղթանակը: Տիտեի թիմն անցկացրեց ԱԱ-2022-ի ամենատպավորիչ խաղակեսը՝ խփելով 4 գոլ:
7-րդ րոպեին տպավորիչ հարվածով հաշիվը բացեց Մադրիդի «Ռեալի» վինգեր Վինիսիուս Ժունիորը:
13-րդ րոպեին Կատարի «Ալ-Սադի» կիսապաշտպան Չոն Ու Յոնը տուգանային հրապարակում խախտեց կանոնները բրազիլացիների հարձակվող Ռիշարլիսոնի հետ պայքարում, ու ֆրանսիացի մրցավար Կլեման Տյուրպենը նշանակեց 11-մետրանոց, որն անվրեպ իրացրեց Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը: Վնասվածքից ապաքինված 30-ամյա ֆուտբոլիստը 76-րդ գոլը խփեց աշխարհի հնգակի չեմպիոնների կազմում և 1 գոլով է հետ մնում Բրազիլիայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկու Պելեի ռեկորդից:
17-րդ րոպեին հարավկորեացիներն առաջին հարվածը կատարեցին Բրազիլիայի հավաքականի դարպասին ԱԱ-2022-ում: Մինչև այս մրցակիցներից ոչ ոք չէր կարողացել «անհանգստացնել» Անգլիայի փոխչեմպիոն «Լիվերպուլի» դարպասապահ Ալիսոնին:
29-րդ րոպեին բրազիլացիների տպավորիչ կոմբինացիան եզրափակեց Լոնդոնի «Տոտենհեմի» հարձակվող Ռիշարլիսոնը՝ խփելով երրորդ գոլը մրցաշարում:
7 րոպե անց հարավկորեացիների դարպասապահ Կիմ Սին Գյունը ստիպված եղավ ևս մեկ անգամ գնդակը հանել դարպասից. հաշիվը 4-0 դարձրեց Լոնդոնի «Վեսթ Հեմի» կիսապաշտպան Լուկաս Պակետան:
Երկրորդ խաղակեսում բրազիլացիները թուլացրին տեմպն ու սկսեցին խաղալ էկոնոմ ռեժիմով: Տիտեն 63-81-րդ րոպեների ընթացքում կատարեց 5 փոփոխություն՝ հանգստանալու հնարավորություն տալով Էդեր Միլիտաոյին, Դանիլոյին, Վինիսիուսին, դարպասապահ Ալիսոնին ու Նեյմարին: 76-րդ րոպեին Հարավային Կորեային հաջողվեց խփել «հեղինակության» գոլը. տպավորիչ հարվածով աչքի ընկավ կիսապաշտպան Պեկ Սին Հոն, որը ելույթ է ունենում հարավկորեական «Չոնբուկ Մոտորսում»:
80-րդ րոպեին Ալիսոնին փոխարինեց բրազիլական «Պալմեյրասի» 34-ամյա դարպասապահ Վեվերտոնը, որը Բրազիլիայի հավաքականի միակ խաղացողն էր, որ խաղաժամանակ չէր ստացել ԱԱ-2022-ում: Բրազիլիայի հավաքականը պատմության առաջին թիմն է, որն աշխարհի առաջնությունում խաղադաշտ է դուրս բերում հայտացուցակում գտնվող բոլոր՝ 26 ֆուտբոլիստներին:
Քառորդ եզրափակիչում բրազիլացիները դեկտեմբերի 9-ին կհանդիպեն Խորվաթիայի հավաքականին, որն ավելի վաղ կայացած խաղում հետխաղյա 11-մետրանոցներով հաղթել էր Ճապոնիային:
ԱԱ-2022. 1/8 եզրափակիչ
Բրազիլիա - Հարավային Կորեա՝ 4-1 (տեսանյութ)
Վինիսիուս, 7, Նեյմար, 13 (11մ.), Ռիշարլիսոն, 29, Լուկաս Պակետա, 36 - Պեկ Սին Հոն, 76
ԱԱ-2022. Բրազիլիա - Հարավային Կորեա. Մեկնարկային կազմեր
ԱԱ-2022-ի մասնակիցները. Բրազիլիան գնում է կրկին պատմական ու ռեկորդային չեմպիոնության հետևից
ԱԱ-2022-ի մասնակիցները. Սոնն ու ընկերները կփորձեն կանգնեցնել Պորտուգալիային ու Ուրուգվային


