Logo

ԱԱ-2022. Եզրափակիչում՝ Արգենտինա - Ֆրանսիա (տեսանյութ)

00:55 / 15.12.2022• Աշխարհի առաջնություն
Արգենտինա-Ֆրանսիա-ԱԱ-2022

Կատարում ավարտին մոտեցող ֆուտբոլի աշխարհի 22-րդ առաջնության չեմպիոնի կոչումը կվիճարկեն Ֆրանսիայի և Արգենտինայի հավաքականները:

Երկրորդ կիսաեզրափակիչում աշխարհի գործող չեմպիոն Ֆրանսիան 2-0 հաշվով դժվարին հաղթանակ տարավ Մարոկկոյի հավաքականի նկատմամբ:

Դոհայի «Ալ-Բայթ» ստադիոնում կայացած ու մարոկկացի երկրպագուների հզոր աջակցության ներքո անցած հանդիպման հաշիվը 5-րդ րոպեին բացեց իտալական «Միլանի» ֆրանսիացի պաշտպան Տեո Էրնանդեսը, որը դարձավ աշխարհի առաջնության կիսաեզրափակիչների պատմության ամենաարագ գոլի հեղինակը 1958 թվականից ի վեր:

Խաղի սկզբնամասում Դիդյե Դեշամի գլխավորած թիմը գնդակը հանձնել էր մրցակցին և խաղում էր երկրորդ համարով: Գոլից հետո թիմերը փոխանակվեցին մի շարք գրոհներով, սակայն ավելի վտանգավոր էին գործում ֆրանսիացիները: Դրվագներից մեկում ֆրանսիական ՊՍԺ-ի ռմբարկու Կիլիան Մբապեի հարվածից հետո տպավորիչ սեյվ կատարեց իսպանական «Սևիլիայի» և Մարոկկոյի հավաքականի դարպասապահ Յասին Բունուն, որի հեռացրած գնդակը փորձեց դատարկ դարպասն ուղարկել իտալական «Միլանի» հարձակվող Օլիվյե Ժիրուն, սակայն հարվածը շեղ ստացվեց:

Աֆրիկյան թիմը հաշիվը հավասարեցնելու լավ հնարավորություն ունեցավ խաղակեսի վերջնամասում: Անկյունայինի խաղարկումից հետո շրջադարձ հարված կատարեց իսպանական «Վալյադոլիդի» պաշտպան Ջավադ Էլ Յանիքը, բայց Լոնդոնի «Տոտենհեմի» դարպասապահ Ուգո Լյորիսն ուղղահայաց դարպասաձողի օգնությամբ Ֆրանսիայի հավաքականին փրկեց գոլից:

Ֆրանսիայի հավաքականն աշխարհի առաջնությունում երբեք չի պարտվել առաջին խաղակեսում հաղթելուց հետո և շարունակեց այդ ավանդույթը:

Երկրորդ խաղակեսի առաջին հատվածն անցավ Մարոկկոյի հավաքականի մեծ առավելությամբ, սակայն նրանք չէին կարողանում լրջորեն սպառնալ Լյորիսի դարպասին: Ֆրանսիացիները հրաշալի էին պաշտպանվում:

79-րդ րոպեին գնդակը երկրորդ անգամ հայտնվեց Մարոկկոյի հավաքականի դարպասում: Մարոկկացիները խաղադաշտի կենտրոնում կորցրին գնդակը, իսկ ֆրանսիացիների արագ հակագրոհը եզրափակեց փոխարինման դուրս եկած Ռանդալ Կոլո Մուանին: Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» հարձակվողի առաջին հպումը գնդակին ավարտվեց գոլով: Նա փոխարինման էր մտել գոլից 44 վայրկյան առաջ: 24-ամյա Կոլո Մուանին առաջին գոլը խփեց Ֆրանսիայի հավաքականի կազմում ու ձևակերպեց խաղի վերջնական հաշիվը՝ 2-0:

Մարոկկացիները չէին դադարում գրոհել նաև վերջնամասում ու պարտվեցին կեցցեների և ծափահարությունների ներքո:

Հանդիպմանը տրիբունայից հետևում էր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

Հիշեցնենք, որ Արգենտինա - Ֆրանսիա եզրափակիչը տեղի կունենա դեկտեմբերի 18-ին: Մարոկկոն ու աշխարհի փոխչեմպիոն Խորվաթիան երրորդ տեղի համար խաղում կհանդիպեն դեկտեմբերի 17-ին:

ԱԱ-2022, կիսաեզրափակիչ

Ֆրանսիա - Մարոկկո՝ 2-0  (տեսանյութ)

Տեո Էրնանդես, 5, Ռանդալ Կոլո Մուանի, 79

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ