Կատարում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության C խմբից 1/8 եզրափակիչի ուղեգիր նվաճեցին Արգենտինայի և Լեհաստանի հավաքականները:
Խմբային փուլի վերջին՝ երրորդ տուրում աշխարհի կրկնակի չեմպիոն արգենտինացիները 2-0 հաշվով հաղթեցին Լեհաստանի հավաքականին:
Հանդիպման 39-րդ րոպեին մրցավարը 11-մետրանոց նշանակեց լեհերի դարպասին, սակայն արգենտինացիների ավագ Լիոնել Մեսին չկարողացավ գրավել դարպասը: Լեհաստանի հավաքականի և Թուրինի «Յուվենտուսի» ներկայացուցիչ Վոյցեխ Շենսնին դարձավ պատմության երրորդ դարպասապահը, որը մեկ Մունդիալի ժամանակ հետ է մղում 11-մետրանոց երկու հարված:
Ընդմիջումից անմիջապես հետո՝ 46-րդ րոպեին, Արգենտինայի հավաքականի կազմում հաշիվը բացեց անգլիական «Բրայթոնի» կիսապաշտպան Ալեքսիս Մաքալիստերը: Արգենտինացիների կազմում 67-րդ րոպեին խաղի վերջակետը դրեց անգլիական «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Խուլիան Ալվարեսը՝ դառնալով գեղեցիկ գոլի հեղինակ:
Խմբի մյուս խաղում Մեքսիկայի հավաքականը 2-1 հաշվով ուժեղ գտնվեց Սաուդյան Արաբիայից: Մեքսիկացիները երկու գոլ խփեցին երկրորդ խաղակեսի սկզբնամասում, ինչին արաբական թիմը պատասխանեց ավելացված ժամանակում:
C խմբում 6 միավորով առաջին տեղը գրավեց Լիոնել Սկալոնիի գլխավորած Արգենտինայի հավաքականը, որը դեկտեմբերի 3-ին 1/8 եզրափակիչում կմրցի D խմբում երկրորդ տեղը զբաղեցրած Ավստրալիայի հետ:
Երկրորդ տեղով փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճած Լեհաստանի հավաքականը վաստակեց 4 միավոր և միայն խփած ու բաց թողած գոլերի ցուցանիշով գերազանցեց մեքսիկացիներին: Լեհաստանը խփել և բաց է թողել 2-ական գոլ, իսկ Մեքսիկան ունի երկու խփած և 3 բաց թողած գոլ: Առաջին տուրում արգենտինացիներին հաղթած Սաուդյան Արաբիան երեք միավորով գրավեց վերջին տեղը և ավարտեց պայքարը:
Լեհաստանի հավաքականը 1/8 եզրափակիչում դեկտեմբերի 4-ին կմրցի D խմբում հաղթած աշխարհի գործող չեմպիոն Ֆրանսիայի հետ:
ԱԱ-2022, երրորդ տուր
C խումբ
Լեհաստան - Արգենտինա՝ 0-2 (տեսանյութ)
Ալեքսիս Մաքալիստեր, 46, Խուլիան Ալվարես, 67
Վրիպում 11 մետրանոցից՝ Լիոնել Մեսի, 39 (Արգենտինա)
Սաուդյան Արաբիա - Մեքսիկա՝ 1-2 (տեսանյութ)
Սալեմ Ալ-Դոուսարի, 90+5 - Հենրի Մարտին, 47, Լուիս Չավես, 52


