Արգենտինայի հավաքականը դարձավ Կատարում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչի առաջին մասնակիցը։
Կիսաեզրափակիչում Ամերիկայի գործող գավաթակիրը 3-0 հաշվով վստահ հաղթանակ տարավ աշխարհի փոխչեմպիոն Խորվաթիայի հավաքականի նկատմամբ և 8 տարի անց կրկին դուրս եկավ Մունդիալի եզրափակիչ:
Հանդիպման սկզբնամասում թիմերը չափազանց զգույշ էին գործում։ Խաղն անցնում էր առանց գոլային պահերի, տեմպը բարձր չէր։ Ամեն ինչ փոխվեց առաջին գոլից հետո։
Արգենտինացիների կազմում խաղի հաշիվը 34-րդ րոպեին 11-մետրանոցից բացեց ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսին։ «Ոսկե գնդակի» 7-ակի դափնեկիրը 11 գոլով դարձավ Արգենտինայի հավաքականի լավագույն ռմբարկուն Մունդիալներում՝ շրջանցելով Գաբրիել Բատիստուտային: Մեսին նաև առաջին արգենտինացի ֆուտբոլիստն է, որը գոլ է խփել մեկ Մունդիալի փլեյ-օֆֆի մեկնարկային երեք փուլերում։
35-ամյա արգենտինացին նաև կրկնեց աշխարհի առաջնություններում ամենաշատ հանդիպումների մասնակցած գերմանացի լեգենդար ֆուտբոլիստ Լոթար Մաթեուսի ռեկորդը: Մեսին և Մաթեուսը 25-ական խաղ են անցկացրել Մունդիալներում:
Մեսիի գոլից 5 րոպե անց արգենտինացիների առավելությունը կրկնապատկեց անգլիական «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Խուլիան Ալվարեսը, որը վաստակել էր 34-րդ րոպեին նշանակված 11-մետրանոցը: 22-ամյա Ալվարեսը դարձավ 1930 թվականից ի վեր Արգենտինայի հավաքականի ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, որը գոլ խփեց աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում:
Ընդմիջումից հետո Լիոնել Սկալոնիի թիմն ավելի լավ տեսք ուներ և 69-րդ րոպեին հաշիվը դարձրեց խոշոր։ Դուբլի հեղինակ դարձավ Խուլիան Ալվարեսը, որն աչքի ընկավ Լիոնել Մեսիի տպավորիչ անցումից ու փոխանցումից հետո։ Մեսին ԱԱ-ում ասիստների քանակով հավասարվեց Դիեգո Մարադոնային (9-ական գոլային փոխանցում):
Ալվարեսը Մունդիալի կիսաեզրափակիչում կամ եզրափակիչում դուբլի հեղինակ դարձած երկրորդ ամենաերիտասարդ ֆուտբոլիստն է Պելից հետո։ Խաղի օրը նա 22 տարեկան 316 օրական էր։ Բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստը 1958-ին ռեկորդը սահմանել էր 17 տարեկան 249 օրական էր։
74-րդ րոպեին Խուլիան Ալվարեսին փոխարինեց Հռոմի «Ռոմայի» հարձակվող Պաուլո Դիբալան, որն առաջին հանդիպումն անցկացրեց ԱԱ-2022-ում:
Լիոնել Մեսին ԱԱ-2022-ում գոլերի քանակը հասցրեց 5-ի և հավասարվեց ռմբարկուների ցուցակը գլխավորող ֆրանսիացի Կիլիան Մբապեին։
Արգենտինացիները դեկտեմբերի 18-ին աշխարհի չեմպիոնի տիտղոսի կվիճարկեն Ֆրանսիա - Մարոկկո դիմակայության հաղթողի հետ: Խորվաթները դեկտեմբերի 17-ին երրորդ տեղի համար խաղում կմրցեն այդ զույգի պարտվողի հետ:
ԱԱ-2022, կիսաեզրափակիչ
Արգենտինա - Խորվաթիա՝ 3-0 (տեսանյութ)
Լիոնել Մեսի, 34 (11մ․), Խուլիան Ալվարես, 39, 69


