Logo

ԱԱ-2022. Մեսիի գոլն Արգենտինային օգնեց դուրս գալ քառորդ եզրափակիչ (տեսանյութ)

00:56 / 04.12.2022• Աշխարհի առաջնություն
null

Արգենտինայի հավաքականը դուրս եկավ Կատարում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ, որտեղ կմրցի Նիդերլանդների հավաքականի հետ:

1/8 եզրափակիչում արգենտինացիները 2-1 հաշվով առավելության հասան Ավստրալիայի հավաքականի նկատմամբ:

«Ալբիսելեստեի» կազմում հանդիպման հաշիվը 35-րդ րոպեին բացեց ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսին, որը կարիերայի 1000-րդ խաղում խփեց 789-րդ գոլը: Դա «Ոսկե գնդակի» 7-ակի դափնեկրի առաջին գոլն էր աշխարհի առաջնությունների փլեյ-օֆֆ փուլում: Նախորդ 8 գոլերը Մեսին խփել է խմբային փուլերում:

ԱԱ-2022-ում Մեսին խփեց երրորդ գոլը և հավասարվեց ռմբարկուների ցուցակը գլխավորող էկվադորցի Էներ Վալենսիային, ֆրանսիացի Կիլիան Մբապեին, իսպանացի Ալվարո Մորատային, անգլիացի Մարկուս Ռեշֆորդին և հոլանդացի Կոդի Գակպոյին:

Լիոնել Սկալոնիի թիմի առավելությունը խաղի 57-րդ րոպեին կրկնապատկեց անգլիական «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Խուլիան Ալվարեսը, որն օգտվեց ավստրալացիների դարպասապահ Մեթյու Ռայանի կոպիտ սխալից: 

77-րդ րոպեին Ավստրալիայի հավաքականը կրճատեց հաշիվը: Կրեյգ Գուդվինի հարվածից հետո գնդակը դիպավ պորտուգալական «Բենֆիկայի» արգենտինացի կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսին և, փոխելով ուղղությունը, հայտնվեց դարպասում: Ֆերնանդեսի անվան դիմաց գրանցվեց ինքնագոլ: Գոլից քիչ անց ավստրալացիները կարող էին նաև հավասարեցնել հաշիվը, սակայն կորցրին իրական գոլային պահ:

Խաղի վերջնամասում Արգենտինայի հավաքականը կորցրեց 3-4 գոլային պահ, ինչի համար կարող էր պատժվել: Ավելացված ժամանակի 7-րդ րոպեին նպաստավոր դիրքից չկարողացավ դարպասը գրավել փոխարինման դուրս եկած 18-ամյա Գարանգ Քոուլը: Հրաշալի սեյվով արգենտինացիներին գոլից փրկեց անգլիական «Ասթոն Վիլայի» դարպասապահ Էմիլիանո Մարտինեսը:

Հիշեցնենք, որ Արգենտինայի հավաքականը հաղթել էր C խմբում՝ շրջանցելով Լեհաստանի, Մեքսիկայի ու Սաուդյան Արաբիայի թիմերին: Երկրորդ տեղով փլեյ-օֆֆ դուրս եկած Ավստրալիան D խմբում առաջին տեղը զիջել էր Ֆրանսիայի հավաքականին, սակայն ուժեղ էր գտնվել Թունիսից ու Դանիայից:

Արգենտինայի հավաքականը դեկտեմբերի 9-ին քառորդ եզրափակիչում կմրցի Նիդերլանդների հետ, որն ավելի վաղ պայքարից դուրս էր թողել ԱՄՆ-ի հավաքականին:

ԱԱ-2022, 1/8 եզրափակիչ

Արգենտինա - Ավստրալիա՝ 2-1

Լիոնել Մեսի, 35, Խուլիան Ալվարես, 57 - Էնցո Ֆերնանդես, 77 (ինքնագոլ)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ