Անգլիայի հավաքականը վստահ հաղթանակով մեկնարկեց Կատարում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնությունում։
B խմբի առաջին տուրում Գարեթ Սաութգեյթի թիմը Դոհայի «Խալիֆա» ստադիոնում մրցեց Իրանի հավաքականի հետ ու տպավորիչ հաղթանակ տարավ 6-2 հաշվով։
Խաղի սկզբնամասում Իրանի հավաքականի դարպասապահ Ալիրեզա Բեյրանվանդը գլխով բախվեց թիմակցին և չկարողացավ շարունակել հանդիպումը։ Իրանի «Պերսեպոլիս» ակումբի 30-ամյա դարպասապահին մոտ 10 րոպե բուժօգնություն էին ցուցաբերում խաղադաշտում, ինչի պատճառով առաջին խաղակեսին ավելացվեց 14 րոպե։ Ալիրեզա Բեյրանվանդի փոխարեն խաղադաշտ դուրս եկավ 30-ամյա Հոսեյին Հոսեյնին, որը բաց թողեց 6 գոլ։
Հանդիպման հենց սկզբից Անգլիայի հավաքականն ուներ մեծ առավելություն, որը գոլերի վերածեց առաջին խաղակեսի վերջնամասում։
35-րդ րոպեին հաշիվը բացեց Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը, որն աչքի ընկավ գլխի հարվածով ու առաջին գոլը խփեց Անգլիայի հավաքականում։ 19-ամյա Բելինգեմը դարձավ 21-րդ դարում ծնված առաջին ֆուտբոլիստը, որը գոլ խփեց աշխարհի առաջնությունում։
43-րդ րոպեին հաշիվը կրկնապատկեց Լոնդոնի «Արսենալի» վինգեր Բուկայո Սական, իսկ 2 րոպե անց աչքի ընկավ «Չելսիի» հարձակվող Ռահիմ Սթերլինգը։ Առաջին խաղակեսից հետո հաշիվը 3-0 էր:
Ընդմիջումից հետո անգլիացիները պահպանում էին նկատելի առավելությունը և 62-րդ րոպեին խփեցին նաև չորրորդ գոլը։ Դուբլի հեղինակ դարձավ 21-ամյա Բուկայո Սական։
3 րոպե անց Իրանի հավաքականը կրճատեց հաշիվը պորտուգալական «Պորտուի» հարձակվող Մեհդի Տարեմիի գոլի շնորհիվ, սակայն անգլիացիները պատասխանեցին ևս 2 գոլով։ Մեկական անգամ աչքի ընկան փոխարինման դուրս եկած Մարկուս Ռեշֆորդը և Ջեկ Գրիլիշը։ Խաղի վերջնական հաշիվն ավելացված ժամանակում ձևակերպեց Մեհդի Տարեմին, որն անվրեպ իրացրեց 11-մետրանոց հարվածը և դարձավ դուբլի հեղինակ։
B խմբում ընդգրկված են նաև Ուելսի ու ԱՄՆ-ի հավաքականները, որոնք առաջին տուրի խաղը կանցկացնեն նոյեմբերի 21-ին՝ Երևանի ժամանակով 23։00-ին։
ԱԱ-2022, առաջին տուր
B խումբ
Անգլիա - Իրան՝ 6-2 (տեսանյութ)
Ջուդ Բելինգեմ, 35, Բուկայո Սակա, 43, 62, Ռահիմ Սթերլինգ, 45+1, Մարկուս Ռեշֆորդ, 71, Ջեկ Գրիլիշ, 90 – Մեհդի Տարեմի, 65, 90+12 (11մ)
ԱԱ-2022. Անգլիա - Իրան. Մեկնարկային կազմեր


