Եթե երեկոյան ծրագրեր ունեք, ապա չեղարկելու ժամանակն է. Անգլիա – Ֆրանսիա՝ աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչում: Հաշվի առնելով այս հավաքականների մեծ պատմությունը՝ իսկապես զարմանալի է, որ Մունդիալում նրանք հազվադեպ են հանդիպել: Եթե ավելի հստակ, ապա հավաքականների միջև միայն երկու խաղ է կայացել, երկուսում էլ հաջողությունն ուղեկից է եղել անգլիացիներին (1966 և 1982 թվականներ, համապատասխանաբար՝ 2-0, 3-1):
VNews-ը ներկայացնում է ամենաուշագրավն Անգլիա – Ֆրանսիա հանդիպմանն ընդառաջ:
Կիլիան Մբապեն ընդդեմ Քայլ Ուոքերի
Անգլիացիների ճամբարում Քայլ Ուոքերին համարում են հավաքականի հենց այն պաշտպանը, որը կարող է դիմակայել Ֆրանսիայի հավաքականի հարձակման առաջատար, Կատար-2022-ի գլխավոր ռմբարկու Կիլիան Մբապեին:
«Չեմ ասում, թե մենք ունենք աշխարհի լավագույն աջ պաշտպանը, բայց ֆիզիկական պատրաստվածության, տեմպի ու փորձի առումով չեմ կարող գտնել մեկին, որն ավելի լավ կպայքարի Մբապեի դեմ, քան Քայլ Ուոքերը»,- ասել է Sky Sports-ի փորձագետ, նախկին ֆուտբոլիստ Գարի Նևիլը:
Իսկ իրականում հնարավո՞ր է կանգնեցնել Մբապեին... Ի վերջո նա արդեն 5 գոլ է խփել՝ 1-ով ավելի, քան 2018 թվականի չեմպիոնական Մունդիալում: Բայց եթե, այնուամենայնիվ, Քայլ Ուոքերին հաջողվի դիմակայել Կիլիան Մբապեին, ապա նա կզրոյացնի Ֆրանսիայի հավաքականի հարձակման ամենաուժեղ սպառնալիքը:
Գարեթ Սաութգեյթն ընդդեմ Դիդյե Դեշամի

Սա կարելի է երկու ամենաքննադատված մարզիչների պայքար անվանել՝ չնայած նրան, որ երկուսն էլ կարողացել են համաշխարհային բազմաթիվ աստղերից կուռ թիմ կառուցել, ինչը նրանց նախորդած մարզիչներից շատերին չի հաջողվել:
Դեշամը Ֆրանսիայի հավաքականին առաջնորդում է աշխարհի չեմպիոնի կարգավիճակում, իսկ Գարեթ Սաութգեյթի գլխավորությամբ Անգլիայի հավաքականը 55 տարվա դադարից հետո առաջին անգամ մասնակցեց խոշոր մրցաշարի եզրափակիչի (ԵՎՐՈ-2020):
Այս երկու մարզիչների մարտավարական մոտեցումները հաճախ են քննարկման առարկա դառնում: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հավաքականներից մեկը լքելու է պայքարը՝ մարզիչներից մեկի գլխին «տեղումներ են սպասվում»:
Երեկոյան նրանցից մեկը ևս մեկ քայլ կմոտենա եզրափակիչին, մյուսը ստիպված է լինելու բացատրություններ փնտրել:
Ջուդ Բելինգեմն ընդդեմ Օրելյան Չուամենիի
Ոչ Ֆրանսիայի, ոչ էլ Անգլիայի հավաքականն ապագայի մասին անհանգստանալու կարիք չունեն: Երկու հավաքականներում էլ տաղանդաշատ երիտասարդների պակաս չկա: Ջուդ Բելինգեմն ու Օրելյան Չուամենին այս Մունդիալի ամենատպավորող ֆուտբոլիստների անվանացանկում են: Յուրաքանչյուրն անում է իր գործը, բայց երկուսի անկրկնելի խաղն էլ ուշադրության պակաս չունի:
Երիտասարդ տարիքում Բելինգեմն ու Չուամենին հսկայական պատասխանատվություն են ստանձնել, բայց հետևողականորեն հատուցել են իրենց մարզիչներից ստացած վստահությունը: Նրանց պայքարն այսօրվա խաղի հիմնական իրադարձություններից է:

Առանցքային վիճակագրական տվյալներ
- Մբապեն Ֆրանսիայի հավաքականի կազմում անցկացրած վերջին 14 խաղում խփել է 16 գոլ:
- Ֆրանսիան մտադիր է դառնալ առաջին թիմը Բրազիլիայի հավաքականից հետո, որը կարողանում է պաշտպանել աշխարհի չեմպիոնի տիտղոսը:
- Ֆրանսիայի հավաքականն աշխարհի առաջնության փլեյ-օֆֆում վերջին պարտությունը կրել է 2014 թվականին Գերմանիայի ընտրանուց (0-1, քառորդ եզրափակիչ):
- Ֆրանսիան հավակնում է աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ դուրս գալ 7-րդ անգամ, Անգլիան՝ 4-րդ:
- Հաղթանակի դեպքում Գարեթ Սաութգեյթը բացարձակ առաջատար կդառնա Անգլիայի հավաքականի ղեկին Մունդիալում տարած հաղթանակների քանակով: Այժմ նա այդ կոչումը կիսում է Ալֆ Ռեմսիի հետ (7-ական հաղթանակ):
- Մեկնարկային տուրում Իրանի հավաքականի դեմ խաղից հետո Անգլիայի ընտրանին անառիկ է պահել դարպասը:
Հավանական մեկնարկային կազմերը՝ ըստ VNews-ի
Անգլիա. Ջորդան Պիկֆորդ, Քայլ Ուոքեր, Ջոն Սթոունզ, Հարի Մագուայր, Լյուկ Շոու, Ջորդան Հենդերսոն, Դեկլան Ռայս, Ջուդ Բելինգեմ, Ֆիլ Ֆոդեն, Հարի Քեյն, Բուկայո Սակա:
Ֆրանսիա. Ուգո Լյորիս, Ժյուլ Կունդե, Ռաֆայել Վարան, Դայո Ուպամեկանո, Թեո Էրնանդես, Ադրիեն Ռաբյո, Օրելյան Չուամենի, Ուսման Դեմբելե, Անտուան Գրիզման, Կիլիան Մբապե, Օլիվյե Ժիրու:
Մրցավար՝ Վիլտոն Սամպայո (Բրազիլիա)
Սպասելիքները
Այն, որ Անգլիայի հավաքականը ցանկանում է ավելի քան հիսունամյա դադարից հետո կրկին գլխավերևում պահել աշխարհի գավաթը, ավելի քան տրամաբանական է ու հասկանալի: Անգլիացիները շլացնող կազմ ունեն, հրաշալի ֆուտբոլիստներ, որոնք ծնվել են՝ ֆուտբոլ խաղալու համար: Ու եթե սեփական մայրցամաքում երբևիցե չեն կարողացել չեմպիոն հռչակվել, ապա համաշխարհային բեմում հաջողությունը մեկ անգամ ժպտացել է՝ 1966 թվականին:
Բայց և այնպես, մրցակիցը Ֆրանսիայի հավաքականն է՝ աշխարհի կրկնակի ու գործող չեմպիոնը, որի կազմի ամեն մի խաղացող իսկական աստղ է, իր գործի վարպետ: Հարձակման առաջատար Կիլիան Մբապեի մասին խոսելն էլ ավելորդ է: Աշխարհի երիտասարդ չեմպիոնի քաղցը չի հագենում, նա մշտապես ցանկանում է ավելին ու ավելին և դա գործով ապացուցում է այնտեղ, որտեղ կարևորագույնն է՝ խաղադաշտում:
Պատմությունն ու վիճակագրությունն անգլիացիների կողմն են, բայց յուրաքանչյուր նոր խաղ նոր պատմություն է: Քառորդ եզրափակիչի այս խաղը, անխոս, կզարդարեր նաև եզրափակիչը, բայց պայքարը շարունակելու է այս թիմերից միայն մեկը, ու եթե Կիլիան Մբապեի աստղը փայլի նաև այսօր, անգլիացիների համար շատ բարդ է լինելու:
Օր և ժամ
Աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչի Անգլիա – Ֆրանսիա խաղը կկայանա դեկտեմբերի 10-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին:


