Ի՞նչ է պապարացին
Իտալերեն եզրույթ, որը սովորաբար վերաբերում է այն ֆոտոլրագրողներին, ովքեր լուսանկարում են հայտնի մարզիկների, հեռուստատեսային կամ կինոյի դերասանների, քաղաքական գործիչների և այլ հայտնի մարդկանց` երբեմն առանց վերջիններիս համաձայնության և տեղեկացվածության։ Պապարացիներն անկախ պայմանագրեր են կնքում բուլվարային կազմակերպությունների հետ և կապ չունեն որևէ լրատվական գործակալության հետ։ Հայտնի անձինք սովորաբար չեն սատարում պապարացիների վարքը՝ վերջիններիս համարելով անընդունելի և զայրացուցիչ:
Պապարացիները սովորաբար դրսևորում են կոպիտ պահելաձև։
Տրմինը
Բառը այս իմաստով գործածության մեջ է մտել 1960 թվականին Ֆեդերիկո Ֆելինիի «Քաղցր կյանք» ֆիլմի թողարկումից հետո, որի գլխավոր հերոսի ընկերոջ անունը Պապարացցո էր (դերասան Վալտեր Սանտեսսո)։ Պապարացցոյի նախատիպը Ֆելլինիի ընկերը ու հայտնի իտալացի լուսանկարիչն էր՝ Տացիո Սեկյարոլին։ Գոյություն ունեն այդ անվան առաջացման մի շարք տեսություններ, որոնցից մի քանիսը առաջարկել է հենց ինքը Ֆելլինին։ Ըստ այդ տեսություններից մեկի Ֆելլինին և ֆիլմի սցենարիստ Էննիո Ֆլայանոն վերցրել են այդ բառը Ջորջ Գիսսինգի ճանապարհային նշումների գրքից «By the Jonian sea» (1901), որում նշվում է ոմն Կորիոլիանո Պապարացցոն, որը Կալաբրիայի հյուրանոցներից մեկի տերն էր։ Համաձայն մեկ այլ տեսության՝ Ֆլայանոն հորինել է այդ անունը՝ ասոցացնելով տեսախցիկի արձակած ձայնը կակղամորթների վահանակների փակվելու ձայնի հետ: XIX դարի իտալական կենդանաբանական աշխատանքներում Paparazzi di mare («ծովային պապարացի») բառակապակցությունը օգտագործվում է մակտրերի ընտանիքին պատկանող կաղկամորթների մասին խոսելիս (Mactra stultorum):
Ռեժիսորը այդ կերպարին կերտել է որպես հետաքրքրասեր ու անհանգստացնող մի լուսանկարիչ, որը նման է մոծակի։ Ֆելլինին պատմել է, որ այդ անունը ինքը փոխառել է իր դասընկերներից մեկից, ում իր արագ խոսելու պատճառով անվանում էին Պապարացցո։ Ավելի ուշ «պապարացի» բառը հիմնականում օգտագործվել է տարբեր լեզուներով ու վերաբերել այն լուսանկարիչներին, որոնք հետևում են հայտնի մարդկանց՝ վարկաբեկող նկար ձեռք բերելու համար։