Կատարի «Ալ Ռայան» ակումբում հանդես եկող Խամես Ռոդրիգեսը փրկել է այդ երկրի առաջնության հանդիպման ընթացքում սրտի կաթված տարած «Ալ Վակրա» թիմի խաղացող Ուսման Կուլիբալիի կյանքը՝ beIN Sports-ին հղումով տեղեկացնում է Daily Mail-ը։
Առաջին խաղակեսում Կուլիբալին, հանկարծակի կորցնելով հավասարակշռությունը, ընկել է խոտածածկին։ Վրա հասած Ռոդրիգեսը մալիացի պաշտպանին առաջին բուժօգնություն է ցուցաբերել մինչև բժիշկների ժամանումը։ Կոլումբիացին փոխել է Կուլիբալիի գլխի դիրքը, որպեսզի ֆուտբոլիստը կարողանա հանգիստ շնչել։
Կուլիբալիին տեղափոխել են հիվանդանոց, նրա առողջական վիճակը գնահատվում է կայուն։ Ավելի ուշ Կատարի լիգայի ներկայացուցիչը հաստատել է, որ ֆուտբոլիստը սրտի կաթված է տարել։
Հանդիպումն ընդհատվել է 1։0 հաշվի ժամանակ(«Ալ Ռայանի» օգտին) և ավարտին է հասցվել ավելի ուշ։ Ռոդրիգեսի թիմը հաղթել է 3։0 հաշվով. կոլումբիացին դուբլ է ձևակերպել։
Հիշեցնենք՝ Խամեսը, իր հաշվին գրանցելով 6 գոլ, դարձել էր Մունդիալ 2014-ի լավագույն ռմբարկու։ Նա «Ալ Ռայանում» հանդես է գալիս 2021 թվականից։ Եվրոպայում հարավամերիկացին խաղացել է այնպիսի անվանի ակումբներում, ինչպիսիք են «Պորտուն», «Մոնակոն», Մադրիդի «Ռեալը», «Բավարիան» և «Էվերթոնը»։