Հայկական ակումբային ֆուտբոլի ամառային ամենաաղմկոտ գործարքը Գևորգ Ղազարյանի տեղափոխությունն էր «Փյունիկից» «Արարատ-Արմենիա»: Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի նորընծա չեմպիոնի ավագը նախընտրեց տեղափոխվել սկզբունքային մրցակցի կազմ, այլ ոչ թե իր հարազատ ակումբի հետ մասնակցել Չեմպիոնների լիգային և հավակնել եվրագավաթային խմբային փուլին: Նոր ակումբում 34-ամյա ֆուտբոլիստի գործերը դեռ լավ չեն ընթանում վնասվածքների պատճառով: Այդ թեմաների, Հայաստանի հավաքականի, Խոակին Կապառոսի հեռանալու, ազգային թիմի նոր մարզչի և այլ հարցերի շուրջ Գևորգ Ղազարյանը պատմեց VNews-ի հետ հարցազրույցում:
- Գևորգ, վերջին մեկ տարում 4 անգամ ստացել եք վնասվածք, որոնց պատճառով բաց եք թողել ավելի քան 4 ամիս: Թվում էր, թե վերջապես ապաքինվել եք, բայց այժմ կրկին շարքից դուրս եք մնացել: Ինչի՞ հետ են կապված այսքան շատ վնասվածքները:
- Պատճառները շատ գործոններում եմ փնտրել, բայց բժիշկների վերջնական դիրքորոշումն այն է, որ մեջքից առաջացող խնդիր է: Մեջքս լավ վիճակում չէ, և դա վնասում է մյուս մկաներին: Կան վարժություններ, որոնք այժմ մշտապես կատարում եմ: Դրանք թույլ են տալիս մեջքը միշտ վերահսկողության տակ պահել և թույլ չտալ դրանից բխող մյուս խնդիրները:
- Արդեն 3 ամիս է «Արարատ-Արմենիայում» եք: Այդ ակումբից Ձեր սպասելիքներն արդարացե՞լ են:
- Դեռ շուտ է այդ մասին խոսել, բայց հիմա այս թիմի ֆուտբոլիստն եմ, մենք ունենք նպատակներ և խաղ առ խաղ գնում ենք դրանք իրագործելու:
- Արդյո՞ք ինտեգրվել եք կոլեկտիվին, որովհետև «Փյունիկում» թվում էր, թե դուք ձեր տեղում եք:
- Ինտեգրվելու խնդիր չկա, այստեղ բոլորն ինձ ճանաչում են, լավ են ընդունել: Պարզապես նոր կոլեկտիվ է, ժամանակ է հարկավոր, որպեսզի միմյանց լավ ճանաչենք, շփվենք, ճանապարհ անցնենք, հաղթանակների և պարտությունների միջով անցնենք։ Այդպես է թիմը ձևավորվում: Հիմա մենք այդ պրոցեսի մեջ ենք:
- Նախորդ ասուլիսներից մեկի ժամանակ Վարդան Բիչախչյանը հայտարարեց, որ Հայաստանում չկա ֆուտբոլիստ, որն առաջարկ ստանալու դեպքում կմերժի «Արարատ-Արմենիային»: Համաձա՞յն եք այդ կարծիքի հետ:
- Հայաստանում կան մի քանի ակումբներ, որտեղ առաջնության բոլոր ֆուտբոլիստները կցանկանային խաղալ: Դրանցից մեկը «Արարատ-Արմենիան» է, որին դժվար է մերժել:
- Շատերի համար տարօրինակ էր, որ դուք, լինելով «Փյունիկի» ավագը՝ տեղափոխվեցիք ակումբի սկզբունքային մրցակցի ճամբար: Կարո՞ղ եք բացել փակագծերը և ասել, թե ինչու այդպես ստացվեց:
- Իրականում կոնկրետ պատճառներ չկան: Մարզչի հետ զրույց ունեցանք, հանդիպեցինք նաև «Փյունիկի» նախագահի հետ: Պարզապես նպատակահարմար չգտա ելույթներս շարունակել «Փյունիկում»: Հետո առաջարկ եղավ «Արարատ-Արմենիայից», և իմանալով, որ Վարդան Բիչախչյանն է գլխավորելու թիմը, ցանկություն հայտնեցի տեղափոխվել այս ակումբ:
- Հաշվի առնելով, որ ամռանը ձեզնից բացի «Փյունիկից» հեռացան Արման Հովհաննիսյանը, հարձակման առաջատարներ Դեբլեն ու Ֆիրմինուն, զարմացած չե՞ք, որ թիմը եվրագավաթներում այսպիսի հաջողությունների է հասնում:
- Զարմացած չեմ, կարգապահ թիմ է: «Փյունիկում» շատ լավ ֆուտբոլիստներ են խաղում: Ես էլ եմ հաճախ ակումբից հեռացած ֆուտբոլիստների մասին խոսակցություններ լսում, բայց այնտեղ կան լավ խաղացողներ: Թիմում կան մեծ քանակի ֆուտբոլիստներ, որոնք մեծ պոտենցիալ ունեն: Եթե «Փյունիկն» այդքան խաղեր է հաղթում, ովքե՞ր են այդ հաղթանակները կերտում, մի՞ թե ֆուտբոլիստները չեն հաղթում: Պետք է արժանին մատուցել այդ խաղացողներին:
- Ֆուտբոլիստների որակի մասին պատկերացման վրա հավանաբար ազդում է Եղիշե Մելիքյանը, որը հաճախ բողոքում է նորեկների խաղամակարդակից, ասում է՝ 7 հարձակվողները միասին մեկ նորմալ հարձակվող չարժեն…
- Մելիքյանն ունի իր աշխատաոճը, շատ հնարավոր է նա նման հայտարարություններով փորձում է մոտիվացնել հարձակվողներին: Ինձ համար դա անակնկալ չէ: Հաճախ է եղել, որ հանդիպումներից հետո նա կոնկրետ ֆուտբոլիստների է անդրադարձել, հատկապես՝ պարտություններից հետո: Բայց, միևնույն ժամանակ, հաղթանակների դեպքում չի մոռանում արժանին մատուցել ֆուտբոլիստներին:
- Վերադառնանք «Արարատ-Արմենիային»: Թիմը կիսում է 1-2 տեղերը, տարել է 5 անընդմեջ հաղթանակ (հարցազրույցը կայացել է «Ուրարտուի» դեմ խաղից առաջ-խմբ.), բայց միևնույն է՝ գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանն անընդհատ դժգոհ է թիմի խաղից: Նա նշում է, որ թիմը նույնիսկ մոտ չէ այն խաղին, որը ցանկանում է տեսնել: Նման դրական արդյունքների դեպքում ֆուտբոլիստներն ինչպե՞ս են արձագանքում մարզչի դժգոհությանը:
- Ֆուտբոլիստները կարող են մատնանշել արդյունքները, բայց չի նշանակում, որ դա պետք է բավարար լինի մարզչի համար: Մարզիչն ունի իր ծրագիրը և հստակ պատկերացում, թե ինչի է ունակ այս թիմը և ֆուտբոլիստները: Ես համաձայն եմ Բիչախչյանի տեսակետի հետ, այս թիմն ի զորու է շատ ավելիին: Եթե մենք կարող ենք առավելության հասնել ավելի լավ խաղով ու շատ գոլերով, ինչու հաղթենք 1:0 հաշվով, որն իր մեջ մեծ ռիսկեր է պարունակում:
- Բիչախչյանը կարողանո՞ւմ է ֆուտբոլիստներին համոզել, որ հաղթանակը բավական չէ, պետք է ավելիին ձգտել:
- Նա դա արել է «Արարատ-Արմենիա» գալուց ի վեր: Սա շարունակական պրոցես է, հարկավոր է միշտ ձգտել ավելի լավ խաղալուն, ֆուտբոլիստներն էլ պետք է հասկանան մարզչի պահանջները: Նաև կարծում եմ, որ թիմի հետ մարզիչը դեռ կարճ ժամանակահատված է աշխատում, որպեսզի նրա բոլոր պահանջներն ընկալելի լինեն:
- Բիչախչյանի նախկին թիմերը` «Շիրակը» և «Արարատը», հաճախ ուղղահայաց ֆուտբոլ էին խաղում, չէին ձգտում գնդակը երկար խաղարկել, այլ փորձում էին այն խլելուց հետո արագ գրոհի անցնել և օգտվել ազատ տարածություններից: Արդյո՞ք այդ խաղաոճը կարող է աշխատել «Արարատ-Արմենիայում»՝ հաշվի առնելով, որ ձեր թիմի դեմ շատ մրցակիցներ փորձում են փակ ֆուտբոլ խաղալ:
- Դա իսկապես կարող է խնդիր առաջացնել: Այդտեղ արդեն Բիչախչյանը պետք է աչքի ընկնի ճկունությամբ, որովհետև տարբեր թիմերում մարզիչը տարբեր կազմեր է ունենում: Կարծում եմ` «Արարատ-Արմենիայի» կազմը մի փոքր տարբերվում է Բիչախչյանի մյուս թիմերից:
- Խոսենք նաև Հայաստանի հավաքականից: Երբ Կապառոսի ամենահետաքրքիր հայտարարությունների մասին հոդված էի նախապատրաստում, հանդիպեցի Ձեր մասին իսպանացու խոսքերին: Նա անընդհատ ընդգծում էր, թե որքան կարևոր նշանակություն ունեք հավաքականի համար: Այդուհանդերձ, վերջին 2 տարում ազգային թիմի ընդամենը 2 ընկերական խաղի եք մասնակցել: Արդյո՞ք դա կարող է ազդել հավաքականում Ձեր ելույթները շարունակելու որոշման վրա:
- Մտադիր եմ շարունակել ելույթներս հավաքականում, ամեն ինչ անում եմ դրա համար: Պետք է քչացնեմ վնասվածքների թիվը, որպեսզի լավ մարզավիճակ հավաքեմ և օգնեմ հավաքականին, այլ ոչ թե ձևական այնտեղ լինեմ:
- ՀՖՖ-ն հայտարարեց Կապառոսի հետ պայմանագիրը չերկարաձգելու մասին: Դա ճի՞շտ որոշում էր:
- Ժամանակը ցույց կտա ճիշտ էր, թե՝ ոչ: Առիթից օգտվելով՝ ուզում եմ Կապառոսին շնորհակալություն հայտնել կատարած աշխատանքի համար: Այդ աշխատանքը, եթե ոչ լավ, ապա նորմալ էր, նա ինչ կարող էր, տվեց հավաքականին: Հավանաբար այս պահին ավելի նպատակահարմար էր, որ Կապառոսը չշարունակեր աշխատանքը, որովհետև վերջին հանդիպումներում անկում կար, ընդ որում՝ ոչ միայն խաղային, այլ ընդհանուր ամեն ինչում:
- Համաձա՞յն եք, որ կորել էր մարզչի և թիմի միջև կապը:
- Ես թիմում չեմ եղել և հստակ չեմ կարող ասել, բայց կողքից իսկապես այդպիսի տպավորություն կար:
- Կապառոսի օրինակով տեսանք ֆուտբոլային հանրության ծայրահեղականություն: Երբ թիմը հաղթանակներ էր տոնում, շատերը գովում էին նրան և կոչ անում վարչապետ «նշանակել», իսկ պարտությունների դեպքում արդեն քննադատում և հեռացում պահանջում: Սա նորմա՞լ է:
- Մեղմ ասած՝ նորմալ չէ, այդպիսի վերաբերմունք չի կարելի: Որպեսզի մյուսներն էլ նման իրավիճակում չհայտնվեն, պետք է մարզիչ նշանակելուց հստակ խնդիրներ դրվեն, ինչպես նաև ազնիվ լինենք մեր երկրպագուների առաջ: Այլապես այնպիսի տպավորություն է, որ ամեն անգամ, երբ նոր մարզիչ է նշանակվում, մենք պարտավորվում ենք խմբում առաջին կամ երկրորդ տեղը գրավել: Առաջին հայացքից լավ է, որ երկրպագուները հավատում են թիմին, բայց մյուս կողմից էլ հիասթափությունը մեծ է լինում: Իրականում, եթե մենք համեմատվենք այլ հավաքականների հետ, շատ թիմեր ավելի մեծ ներուժ ունեն:
- Այդուհանդերձ, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը վաղուց հայտարարել է, որ պետք է Եվրո-2024-ի ուղեգրի համար պայքարենք:
- Ֆեդերացիան նման հայտարարություն անելիս պետք է հստակ ծրագիր ունենա խնդիրը լուծելու համար: Չգիտեմ արդյոք ունի, թե՝ ոչ, պետք է ՀՖՖ-ից հարցնել: Հիմա նոր մարզիչ կգա, կհասկանա իր առաջադրանքը: Ես՝ որպես ֆուտբոլիստ, շատ եմ ցանկանում, որ Եվրո-2024-ին մասնակցենք, բայց պետք է հստակ հասկանալ՝ դրա համար մեկ գործոնը բավարար չէ: Լավ մարզիչ ունենալը դեռ բավական չէ: Մեզ հարկավոր են լավ մարզիչ և ֆուտբոլիստներ, որոնք կլինեն լավ մարզավիճակում: Դա շատ կարևոր է, որովհետև երբեմն մեր լավագույն ֆուտբոլիստները կարող են հավաքական գալ վատ մարզավիճակում, և քանի որ չունենք համարժեք փոխարինող, ստիպված ենք նրան ասպարեզ դուրս բերել: Նույնը եղել է նաև ինձ հետ: Նման իրավիճակում մարզչին էլ չես մեղադրի, որովհետև վատ մարզավիճակում գտնվող այդ ֆուտբոլիստը գուցե ավելի շատ օգուտ տա, քան մեկ ուրիշը:
- Հիմա շատ է խոսվում, թե արդյոք նոր մարզիչը պետք է լինի հայ, թե արտասահմանցի: Դուք ի՞նչ կարծիքի եք:
- Ինձ համար ազգությունն էական չէ, կարևորը սրտացավ լինի մեր հավաքականի համար: Հարկավոր է, որ նա անձնական նպատակ ունենա մեզ հետ աշխատելու համար: Չեմ հավատում, որ որևէ մեկն ուզում է գալ և մեզ համար ինչ-որ լավ բան անել: Միայն մեկ կետ կարող եմ նշել, որ հայը կարող է իր շահը մի կողմ դնել, իսկ արտասահմանցին՝ կասկածում եմ:
- Քանի որ մարզչական աշխատանքից խոսք գնաց, մեկ հարց Ձեր ապագայի վերաբերյալ: Կողքից թվում է, որ դուք նպատակ ունեք մարզիչ դառնալ՝ հաշվի առնելով, թե որքան հաճախ եք հուշումներ կատարում ձեր թիմակիցներին, որքան հաճախ եք խոսում ֆուտբոլային ծրագրերից ու տակտիկայից: Արդյո՞ք մարզիչ դառնալու նպատակ իսկապես ունեք:
- Անընդհատ մտածում եմ այդ մասին: Շատ մասնագետներ, որոնց հետ աշխատել եմ, այդ թվում՝ արտասահմանում, ինձ ասել են, որ կարող եմ մարզիչ դառնալ, կստացվի ինձ մոտ: Ես շատ եմ սիրում ֆուտբոլը, ուզում եմ անպայման ֆուտբոլում մնալ, բայց պետք է սկսեմ և տեսնեմ՝ ինչպես է ստացվում: Մարզչի աշխատանքը պատասխանատու գործ է, այն սեր է պահանջում ֆուտբոլի հանդեպ: Մարզիչը պետք է 10 անգամ ավելի շատ ժամանակ տրամադրի ֆուտբոլին, քան խաղացողը, իսկ դա առանց գործը սիրելու չի ստացվի:
- Ո՞ր մարզչի աշխատելաոճն է ավելի հոգեհարազատ եղել Ձեզ:
- Ինձ հետ աշխատած մարզիչների մասին կարող եմ ասել, որ յուրաքանչյուրն իսկապես ունեցել է իր ուժեղ կողմերը: Յուրաքանչյուրից կարող եմ վերցնել այն, ինչ ինձ հոգեհարազատ է և ադապտացնել ֆուտբոլային իմ պատկերացմանը:
- Իսկ համաշխարհային ֆուտբոլի մարզիչներից...
- Որպես հարձակողական ֆուտբոլի սիրահար, ինձ դուր է գալիս Գվարդիոլայի թիմերի խաղը: Բացատրեմ՝ ինչու: Պեպի թիմերում բոլոր ֆուտբոլիստները միշտ լավ մարզավիճակում են, անկախ նրանից մեկնարկային կազմում են, թե փոխարինման են մտնում: Բացի այդ, Գվարդիոլայի թիմերը տարիներ շարունակ խաղում են բարձր մոտիվացիայով, ագրեսիվ և հարձակողական: Նույնը կարելի է ասել նաև Յուրգեն Կլոպի մասին։