Հայաստանի ազգային հավաքականն ընթացիկ մրցաշրջանում անցկացրած ընկերական առաջին խաղում գոլառատ ոչ-ոքի (2-2) գրանցեց Կիպրոսի հավաքականի հետ:
VNews-ը Հանդիպման ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում ենք 10 փաստի տեսքով:
1. Հայաստանի և Կիպրոսի ազգային հավաքականները 3-րդ անգամ մրցեցին Երևանում: 2-րդ անգամ խաղն ավարտվեց ոչ-ոքի: Առաջին ոչ-ոքին գրանցվել էր 1994թ. հոկտեմբերի 8-ին «Հրազդան» ստադիոնում կայացած Եվրո-1996-ի ընտրական մրցաշարի 2-րդ տուրի խաղում, որում դարպասներն անառիկ էին մնացել: 2017թ. նոյեմբերի 13-ին «Հանրապետական» ստադիոնում կայացած երևանյան մյուս խաղում տանտերերը հաղթել էին 3-2 հաշվով:
2. Մրցակցի դաշտում անցկացրած 4 խաղերում էլ Հայաստանի հավաքականը պարտվել է կիպրոսցիներին: Դրանցից առաջինը Եվրո-1996-ի ընտրական հանդիպումն էր, մյուս 3 խաղերն ընկերական էին: Ընդհանուր առմամբ մրցակիցների միջև կայացած 7 հանդիպումներից միայն մեկում է Հայաստանի հավաքականը հաղթել կիպրոսցիներին, երկու խաղում գրանցվել է ոչ-ոքի, 4 խաղում հաղթել է մրցակիցը: Հայաստանի հավաքականը խփել է 8 գոլ, բաց է թողել 14 գնդակ:
3. Հայաստանի հավաքականին կրկին չհաջողվեց ընդհատել առանց հաղթանակների խաղերի շարքը: Արդեն 9-րդ խաղն է, որ հավաքականի ֆուտբոլիստները չեն վայելում հաղթանակի բերկրանքը: Դրանցից 7-ում հավաքականը պարտվել է, 2 անգամ խաղն ավարտել է միևնույն 2-2 հաշվով: Նախորդ ոչ-ոքին գրանցվել էր անցյալ տարվա նոյեմբերի 16-ին Ռոման Բերեզովսկու գլխավորությամբ Կոսովոյի հավաքականի հետ անցկացրած ընկերական խաղում:
Հայաստանի հավաքականի պատմության մեջ առանց հաղթանակների խաղերի ամենաերկար շարքը գրանցվել է 2014թ. մայիսի 31-ից մինչև 2016թ. մարտի 25-ն ընկած ժամանակահատվածում: Այդ ընթացքում անցկացրած 14 հանդիպումներից 3-ում գրանցվել էր ոչ-ոքի, 11-ում հավաքականը պարտվել էր:
Վերջին հաղթանակը Հայաստանի հավաքականը տարել է անցյալ տարվա հունիսի 4-ին՝ Ազգերի լիգայի մրցաշարում սեփական դաշտում Խոակին Կապառոսի գլխավորությամբ նվազագույն հաշվով պարտության մատնելով իռլանդացիներին:
4. Կիպրոսցիների հետ մրցավեճը սեփական դաշտում Հայաստանի հավաքականի անցկացրած ընկերական 21-րդ հանդիպումն էր, որում 5-րդ ոչ-ոքին գրանցվեց: Հայաստանի հավաքականը 11 անգամ հաղթել է, 5 խաղում՝ պարտվել: Հավաքականի ֆուտբոլիստները 33 գոլ են խփել, սեփական դարպասը բաց են թողել 22 գնդակ:
Ընկերական նախորդ հանդիպումը Երևանում կայացել է անցյալ տարվա մարտի 24-ին Չեռնոգորիայի հավաքականի հետ: Հանդիպման ելքը վճռել է Վահան Բիչախչյանի խփած միակ գոլը:
5. Հայաստանի հավաքականն ընկերական 82-րդ հանդիպումն անցկացրեց՝ գրանցելով 18-րդ ոչ-ոքին: Մնացած խաղերից 25-ում հավաքականը հաղթել է, 39-ում՝ պարտվել, խփել է 90 գոլ, սեփական դարպասը բաց է թողել 146 գնդակ: Ընկերական նախորդ հանդիպումը Հայաստանի հավաքականն անցկացրել էր անցյալ տարվա նոյեմբերի 19-ին Տիրանայում՝ Ռոման Բերեզովսկու գլխավորությամբ 0-2 հաշվով զիջելով ալբանացիներին:
6. Տիգրան Բարսեղյանը, Կամո Հովհաննիսյանն ու Վարազդատ Հարոյանը 2-րդ հանդիպումն անցկացրին Կիպրոսի հավաքականի դեմ: Նրանք հավաքականի կազմում մասնակցել էին նաև 2017թ. նոյեմբերի 13-ին Երևանում անցկացված ընկերական խաղին: Ընդ որում Հարոյանը գոլի հեղինակ էր դարձել: Առավել հաճախ՝ 4 անգամ Կիպրոսի հավաքականի հետ կայացած հանդիպումներին մասնակցել է Սարգիս Հովսեփյանը:
7. Վարազդատ Հարոյանը 16-րդ անգամ հավաքականի ավագի թևկապով խաղադաշտ դուրս եկավ և այդ ցուցանիշով հավասարվեց Արամայիս Տոնոյանին: Հարոյանն առաջին անգամ ավագի թևկապը կրել է 2020թ. սեպտեմբերի 5-ին Սկոպյեում Հյուսիսային Մակեդոնիայի հետ կայացած Ազգերի լիգայի խաղում: Առավել հաճախ՝ 74 անգամ ավագի թևկապով իր խաղընկերներին խաղադաշտ է դուրս բերել Սարգիս Հովսեփյանը: Հենրիխ Մխիթարյանն ավագի պարտականությունները կատարել է 44 խաղում:
8. Կիպրոսցիների հետ հանդիպմանը մասնակցած 17 ֆուտբոլիստների միջինը տարիքը 24,2 էր: Ամենատարեցը 32-ամյա դարպասապահ Ստանիսլավ Բուչնևն էր, ամենաերիտասարդը՝ 18-ամյա պաշտպան Գեորգի Հարությունյանը: Վերջինս Թուրքիայի հետ խաղում դարձել էր հավաքականի կազմում Եվրոպայի առաջնության ընտրական հանդիպման մասնակցած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը: «Կրասնոդար-2-ի» պաշտպանը հավաքականում նորամուտը նշել էր 18 տարեկան 228 օրականում:
9. Էրիկ Փիլոյանը, Երջանիկ Ղուբասարյանը, Դավիդ Դավիդյանն ու Հրանտ-Լեոն Ռանոսը նորամուտը նշեցին Հայաստանի ազգային հավաքականում: Ալեքսանդր Պետրակովի օրոք հավաքականում արդեն 7 նորեկներ են խաղացել: Հիշեցնենք, որ Թուրքիայի հետ մրցավեճում բացի Գեորգի Հարությունյանից, հավաքականում առաջին խաղն էին անցկացրել նաև Նաիր Տիկնիզյանը և Ուգոչուկվու Իվուն: Ընդհանուր առմամբ հավաքականի անցկացրած 241 հանդիպումներում խաղադաշտ են դուրս եկել 234 ֆուտբոլիստներ:
10. Կիպրոսցիների հետ մրցավեճում Հայաստանի հավաքականի կազմում ամենափորձառուն Կամո Հովհաննիսյանն էր, որը 75-րդ խաղն անցկացրեց: Հավաքականի ամենափորձառու ֆուտբոլիստների ցանկում Կամոն շրջանցեց Ռոբերտ Արզումանյանին՝ եզրափակելով լավագույն հնգյակը: Նույնքան խաղի է մասնակցել նաև Գևորգ Ղազարյանը: Իսկ առաջատար եռյակում են Սարգիս Հովսեփյանը (132 խաղ), Հենրիխ Մխիթարյանն (95) ու Ռոման Բերեզովսկին (94):