Logo

8-րոպեանոց ստուգումից հետո Պրեմիեր լիգան չի շտապի SAOT-ի ներդրման հարցում

20:24 / 18.03.2025Ֆուտբոլ
null

Անգլիայի Պրեմիեր լիգան հետաձգել է խաղից դուրս վիճակի կիսաավտոմատ SAOT համակարգի ներդրումը մրցաշարում Անգլիայի գավաթի խաղարկության «Բորնմութ» - «Վուլվերհեմփթոն» հանդիպման ժամանակ VAR համակարգի ռեկորդային՝ 8-րոպեանոց ստուգումից հետո, հաղորդում է The Guardian-ը:

Տեխնոլոգիան, որն անգլիական ֆուտբոլում առաջին անգամ կիրառվեց գավաթի խաղարկությունում, հանգեցրեց աննախադեպ սպասման, երբ «Բորնմութ» - «Վուլվզ» խաղի առաջին կեսում՝ Միլոշ Կերկեզի գոլի դրվագում, մրցավարի տեսաօգնական Թիմոթի Վուդը միայն երկարատև ու եռակի ստուգումից հետո հուշեց, որ դարպասի գրավումը պետք է չեղարկել խաղից դուրս վիճակի համար:

Պրեմիեր լիգան ծրագրում էր համակարգը մրցաշարում ներդնել մարտի միջազգային դադարից հետո, սակայն ծրագիրը կհետաձգվի: Չնայած դրան՝ FA-ն արդեն հաստատել է, որ գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի խաղերից 3-ում կշարունակի գործել խաղից դուրս վիճակի որոշման կիսաավտոմատ համակարգը: Այն չի գործի միայն «Պրեսթոն» - «Ասթոն Վիլա» հանդիպմանը, քանի որ «Պրեսթոնը» Չեմպիոնշիփի թիմ է և համակարգը կիրառելու տեխնիկական հնարավորություն չունի:

Պրեմիեր լիգայի աղբյուրները նշել են, որ համակարգն այս մրցաշրջանում գործարկելու ցանկություն կա, սակայն դրա համար անհրաժեշտ է ակումբների աջակցությունը: Ակումբները վստահ չեն՝ արդյոք արժե՞ մրցաշրջանի այս հատվածում, երբ ընդամենը մի քանի տուր է մնացել, այսպիսի նորարարություն կատարել: Համակարգի ներդրման ամենամոտ ժամկետն ապրիլի 5-6-ն է: 

Պրեմիեր լիգայի ակումբները SAOT համակարգի ներդրման օգտին միաձայն քվեարկել են դեռ 2024 թվականի ապրիլին: Այն պետք է ներդրվեր հոկտեմբերին, սակայն փորձարկումները բացահայտեցին որոշ անճշտություններ, որոնք լուծվել են նախորդ ամսին: 

Պրեմիեր լիգայի ֆուտբոլի գլխավոր տնօրեն Թոնի Սքոուլզը փետրվարին խոստովանել էր, որ «լուրջ կասկածներ» կան SAOT համակարգի կենսունակության վերաբերյալ, և մի շարք մտահոգություններ դեռ արդիական են: Հաշվի առնելով VAR-ի վերաբերյալ հակասությունները՝ լիգայում վստահ չեն, որ նոր համակարգի ներդրումը չի մեծացնի բողոքի ալիքը: 

PGMOL-ը պնդում է, որ նոր համակարգի ներդրման արդյունքում ստուգումը բավական արագ կլինի, քանի որ խաղից դուրս վիճակի գծերը կգծվեն ավտոմատ:

Այդուհանդերձ, «Բորնմութ» - «Վուլվերհեմփթոն» խաղի այդ դրվագում, երբ երկարատև ստուգում էր, երկրպագուներն այնքան էին սպասել, որ «Վուլվզի» աջակիցները նույնիսկ չտոնեցին մրցավարի՝ «Բորնմութի» գոլը չեղարկելու որոշումը: «Այլևս ֆուտբոլ չէ», «Սա խայտառակություն է». այսպես էլ արձագանքել էին տանտերերի համակիրները: 

Մինչև այդ խաղն անգլիական ֆուտբոլում ամենաերկարատև VAR ստուգումը եղել էր Պրեմիեր լիգայի «Վեսթ Հեմ» - «Ասթոն Վիլա» նախորդ տարվա խաղում՝ 5 րոպե 37 վայրկյան:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ