6-ակի օլիմպիական չեմպիոն, լողորդ Էմմա Մաքեոնը հայտարարել է կարիերան ավարտելու մասին։
«Փարիզ մեկնելիս գիտեի, որ կարիերայիս վերջին Օլիմպիական խաղերին եմ մասնակցում։ Անցնող ամիսներին պարբերաբար մտածում էի ապագայիս մասին։ Հպարտ եմ, որ ամբողջ կարիերաս նվիրել եմ լողին` ինչպես հոգեպես, այնպես էլ ֆիզիկապես։
Այժմ ցանկանում եմ հասկանալ` արդյո՞ք կարող եմ զարգանալ նաև այլ ոլորտներում։ Բացի այդ, հետաքրքիր է նաև` ինչ է պատրաստել ինձ համար կյանքը»,- սոցցանցերում գրել է 30-ամյա մարզուհին։
Մաքեոնը Տոկիոյի Օլիմպիական խաղերում նվաճել է չորս, Ռիո դե Ժանեյրոյում և Փարիզում` մեկական ոսկե մեդալ։ Նա Օլիմպիական խաղերում ընդհանուր առմամբ արժանացել է 14 մեդալի և այդ ցուցանիշով ռեկորդակիր է Ավստրալիան ներկայացնող մարզիկների շրջանում։