Հայերենով ամեն օր նոր գրքեր են հրատարակվում. հայ գրողների հեղինակած գրքեր, համաշխարհային բեսթսելլերների թարգմանություններ, գրքեր, որ պետք է կարդալ, գրքեր, որ առաջարկում ենք ձեզ այս հոդվածով:
Ուիլյամ Սարոյան
Քո կյանքի ժամերը
Սարոյանական դրամատուրգիայի այս ընտրանին ընդգրկում է նրա ամենահռչակավոր պիեսը՝ Փուլիցերյան մրցանակի արժանացած «Քո կյանքի ժամերը», որ ստեղծվելուն պես՝ 1939-ին, բեմադրվել է Բրոդվեյում, ինչպես նաև 1940-42 թթ. գրված երեք կարճ գործ, այդ թվում՝ «Հե՜յ, ո՞վ կա» փոքրիկ գլուխգործոցը: Սարոյան դրամատուրգի յուրօրինակ ինքնությունն ու նրա արտասովոր թատրոնն ամենաշահեկան կողմերով ներկայացնող բոլոր այս երկերը հրատարակվում են վերանայված թարգմանությամբ:
Էլիզաբեթ Գիլբերտ
Ուտել, աղոթել, սիրել
Ամերիկուհի գրող Էլիզաբեթ Գիլբերթի հուշագրություններն ամփոփող «Ուտել, աղոթել, սիրել» գիրքը կանացի ուխտագնացություն է, զգայական հաճույքի, հոգևոր լուսավորման ու կենսական Ներդաշնակության փնտրտուք Իտալիայի, Հնդկաստանի ու Ինդոնեզիայի մշակութային ոլորաններում ։ Սրամտությամբ, ինքնահեգնանքով, ազատագրության մղումով լի այս երաշխարհային ճամփորդությունը կենտրոնացնում է ընթերցողի ուշադրությունը էականի վրա, շեղում անկարևորից, ձևակերպում պոստֆեմինիստական աշխարհում ապրող ու առաջին հայացքից երջանիկ կյանք վարելու բոլոր նախադրյալներն ունեցող կնոջ խնդիրը, օրակարգ բերում հարցեր, որոնց շուրջ քանիցս մտորելու անհրաժեշտություն կա, ու առաջարկում դասեր, որոնք միանգամայն փոխադրելի են ժամանակի ու տարածության մեջ։
Հենրիկ Էդոյան
100 սոնետ
Ժողովածուն ի մի է բերում սոնետին Հենրիկ Էդոյանի նախորդ անդրադարձները: Սկսած իր առաջին՝ «Անդրադարձումներ» (1977) գրքից, ապա՝ «Պատկեր և կեսօր» (1980) և «Հարյուր սոնետ» (1993) ժողովածուներում բանաստեղծն անընդհատ վերադառնում է համաշխարհային և հայ պոեզիայի սիրելի այս տեսակին, հարստացնում այն բովանդակային նոր գծերով՝ ցույց տալով սոնետի հնարավորությունները, դասականի ու ժամանակակիցի ներդաշնակությունն ու բանաստեղծական հայերենի հարստությունը: