Ֆրանսիական կինոյի դասականներից մինչև Netflix-ի ամենաակտիվ նախագծերը…
1. Knives Out, 2019թ.
Ռեժ.՝ Ռայան Ջոնսոն
Դետեկտիվ վեպերի հայտնի հեղինակի 85-ամյակին հավաքվում են նրա հարազատները: Տարեդարձը նշելուց հետո՝ առավոտյան ծերունուն մեռած են հայտնաբերում: Հետախուզումն անցկացնում է Դենիել Քրեյգի հերոսը, որին չգիտես, թե ով է վարձել և որը սկսում է հերթով կասկածել գրողի բարեկամներին:
2. Chinatown, 1974թ.
Ռեժ.՝ Ռոման Պոլանսկի
Ջեյք Գիթսը մասնավոր դետեկտիվ է: Նրան վարձում է մի հարուստ աղջիկ` Էվելին անունով, որը կասկածում է ամուսնուն դավաճանության մեջ: Իսկ վերջինն էլ քաղաքի ջրամատակարարման համակարգի ղեկավարն է:
3. 8 femmes, 2001թ.
Ռեժ.՝ Ֆրանսուա Օզոն
Օզոնի գրչին բնորոշ, անսպասելի իրադարձություններով, հանդիսատեսին էկրաններին մինչև վերջին վայրկյանը գամված պահող «8 կին» ֆիլմը «ծնվել է» 2001 թ.: 8 կանայք, 8 կասկածյալ, 8 հնարավոր հանցագործ, 1 ճակատագիր:
Ֆիլմի իրադարձությունները տեղի են ունենում ֆրանսիական փոքրիկ ավանում: Ընտանիքը հավաքվել է Սուրբ ծննդյան տոնը նշելու, բայց այս անգամ ամեն բան պլանավորվածի պես չի գնալու: Սուրբ Ծնունդի խառնաշփոթ վիճակը, տան լարված մթնոլորտը ավելի է սրվում, երբ կանայք իմանում են տան տիրոջ սպանության մասին: Այսուհետ նրանցից յուրաքանչյուրը կասկածյալի դերում է. քույր, երեխա, կին, աղախին: Ո՞վ է մեղավոր:
4. Tinker Tailor Soldier Spy, 2011
ռեժ.՝ Թոմաս Ալֆրեդսոն
Բրիտանական հետախուզության աշխատակիցներն արդեն վաղուց գիտեն, որ իրենց ղեկավարների մեջ լրտես կա, որն աշխատում է ԽՍՀՄ-ի համար, սակայն բոլոր նրանք, որոնք խոսել են իրենց ենթադրությունների մասին, ստիպված են եղել ժամանակից շուտ թոշակի անցնել: Մյուս աշխատակիցները չեն ցանկանում կորցնել իրենց աշխատանքը և լռում են:
Վաղուց թոշակի անցած Ջորջ Սմայլին զբաղվում է գաղտնի հետախուզությամբ, որի մասին ոչ ոք, այդ թվում և ղեկավարները չպետք է իմանան: Սմայլին պետք է ամեն գնով բացահայտի դավաճանին:
Ֆիլմի հիմքում է Ջոն Լե Կարրեի 1974 թ. համանուն վեպը:
5. The Silence of the Lambs, 1990
ռեժ.՝ Ջոնատան Դեմմի
Հոգեկան հիվանդն առևանգում է կանանց և դաժանաբար սպանում: Ո՞վ է նա, և ինչո՞ւ է հենց կանանց հետ այդպես վարվում: Դետեկտիվ Կլարիս Սթարլինգը պետք է բացահայտի այս մութ և դաժան գործը, այդ իսկ պատճառովօգնության է դիմում բանտարկյալ Հանիբալ Լեկտերին, որ ճաղերի ետևում է հայտնվել սպանության և մարդակերության մեղադրանքով: Սակայն, հանցագործը կօգնի Կլարիսին միայն այն դեպքում, եթե նա համաձայնվի մանրամասնորեն պատմել իր անձնական կյանքից:
Ֆիլմն արժանացել է Օսկարի 5 անվանակարգերում: