Այսօր դժվար է պատկերացնել, որ եղել են ժամանակներ, երբ ինչ-որ գրքեր արգելված են եղել: Սակայն դեռ անցյալ՝ 20-րդ դարում այդպիսի շատ ու շատ վեպեր են եղել, որոնք բարոյական նորմերին չհամապատասխանելու, անպատշաճ բառաշերտեր և գռեհկաբանություններ պարունակելու, բաց, սեքսուալ տեսարանների նկարագրությունների առկայության պատճառով արգելված են եղել տասնյակ տարիներ:
Բայց արգելքը վեպերի ճանաչվածությանն ու ընթերցվածության բարձր ցուցանիշներին ամենևին չի վնասել, այլ բոլորովին հակառակը՝ հավելյալ ուշադրություն ու հետաքրքրություն է ծնել նման գրականության շուրջ: Բոլորն ուզում են իմանալ, կարդալ, հասկանալ՝ ի՛նչն է պատճառն արգելքների:
Մեր այս հոդվածով կներկայացնենք 5 վեպ, որոնք ժամանակին արգելված են եղել, և որոնք այսօր կան արդեն հայերեն որակյալ, բնագրային թարգմանությամբ:
Ջեյմս Ջոյս, «Ուլիսես», 1922 թ
Ջոյսի ու նրա «Ուլիսեսի» մասին հավանաբար լսել են բոլորը, բայց ոչ բոլորն են կարողացել կարդալ պոստմոդեռնիստական այդ բարդ ու խիտ վեպը։ Ջոյսին ժամանակին բավական քննադատել են վեպի բարդ կառուցվածքի, չափազանց նատուրալիստիկ և տեղ-տեղ պոռնոգրաֆիկ էլեմենտների համար: Արդյունքում կալանք է դրվել այն գրական ամսագրի վրա, որը պատրաստվում էր տպագրել «Ուլիսես»-ից մի հատված։ Հրատարակիչներին պարտավորեցրել են տուգանք վճարել, իսկ ինքը՝ Ջոյսը, մեղադրվել է «անգլիական միապետության նկատմամբ անհարգալից վերաբերմունքի մեջ»։ Բայց այս ամենը գրքի նկատմամբ հետաքրքրությունն էլ ավելի սրեց, գրքի օրինակները անլեգալ ճանապարհներով տարածվեցին Իռլանդիայում, Անգլիայում, հասան նույնիսկ ԱՄՆ:
«Ուլիսեսը» պաշտոնական հրատարակել սկսեցին միայն 30-ական թվականներից. նախ՝ Անգլիայում և ԱՄՆ-ում, իսկ ահա Ջոյսի հայրենիք Իռլանդիայում՝ միայն 60-ականներից։
Վեպը թարգմանվել է նաև հայերեն. թարգմանիչ Սամվել Մկրտչյան:
տես նաև՝
10 քայլ Ջեյմս Ջոյսի «Ուլիսեսը» կարդալուց չվախենալու համար
Օլդոս Հաքսլի, «Չքնաղ նոր աշխարհ», 1932 թ.
20-րդ դարի ֆուտուրիստական արձակի առանցքային դեմքերից մեկի՝ Օլդոս Հաքսլիի անունը ավանդաբար զուգորդվում է գրականության մեջ իր արժանի տեղը գտած ժանրի՝ դիստոպիայի հետ: Հաքսլիի «Չքնաղ նոր աշխարհը» գրական այս տեսակի ամենավաղ ստեղծագործություններից է: Նախորդում է Ջորջ Օրուելի, Ռեյ Բրեդբըրիի հայտնի վեպերին, առանձնանում է մարգարեական ճշգրտությամբ նկարագրված ապագայի ահազդու տեսլականով: Վեպում իրադարձությունները ծավալվում են 2541 թվականին, երբ մարդիկ արդեն չեն ծնվում բնական ճանապարհով, ըստ էության գոյություն չունի ընտանիք, և սպառողական հասարակությունը իր զարգացման գագաթնակետին է հասել:
Վեպը հղումներ ունի քաղաքական, տնտեսական, մշակութային ու կրոնական համակարգերին, կերպարները հիշեցնում են 20-րդ դարի համաշխարհային պատմության հայտնի գործիչների: Հաքսլիի այս մշտարդի ստեղծագործությունը հայերեն թարգմանությամբ հրատարակվում է առաջին անգամ:
Այս վեպը երկար ժամանակ տարբեր երկրներում արգելված էր «հոռետեսական տրամադրությունների պատճառով»:
Վեպը թարգմանվել է հայերեն. թարմանիչ՝ Լիլիթ Հայրապետյան: