Vnews-ն այսօր անդրադարձել է հայ կանանց, որոնք ոչ միայն մեծ հաջողության են հասել իրենց ոլորտներում, այլ նաև դարձել են առաջամարտիկներ ու մեծ հետք թողել համաշխարհային պատմության մեջ:
Զապել Եսայան
«Զապել Եսայանը փայլուն կնոջ օրինակ է, որն ապրել է այնպիսի ժամանակներում, երբ խելացի ու հաստատակամ լինելը ամենավտանգավոր հատկանիշներից էր». հենց այս խոսքերն է գրել Զապել Եսայանի մասին ամերիկյան Refinery29 կայքը՝ ներգրավելով կնոջը աշխարհի ամենախիզախ կանանց հնգյակում: 20-րդ բարդ դարաշրջանի դեպքերի ականատեսն ու անմասն չմնացած կինն է Զապել Եսայանը: Կին, որի անունը 40 տարի շարունակ հայտնվեց բազում գրքերի կազմերին: Նա պնդում էր, որ գրականությունը պերճանք չէ, այլ՝ զենք: Զենք՝ նրա նուրբ կանացի ձեռքերում: Նա գրական ասպարեզ մտավ 19-րդ դարի վերջում, երբ հասարակական ու քաղաքական պայմանները չէին կարող շրջանցել նրա գրականությունը: Նա ոչ միայն գրող էր, այլև գրական գործիչ, կուսակցական գործիչ, ուղղակի գործող կին:

Երիտթուրքական հետապնդումներ
1915-ի երիտթուրքերի սև ցուցակում, որտեղ ընդգրկված էին այն հայերը, ում պետք էր չեզոքացնել կար նաև մի կնոջ անում՝ Զապել Եսայան: Սակայն Կնոջը հաջողվում է փրկվել, նա ապաստան է գտնում Բուլղարիայում, հետագայում մեկնում Թիֆլիս: Այս ընթացքում Զապելը կարևոր գործունեություն է իրականացնում հայ տարագիրներին ապաստան տալու համար: Իսկ գրական ճակատում շարունակում է խոսել քաղաքական ու սոցիալայկան խնդիրներից, որոնք մի ամբողջ ազգի համար դատավճիռ էին դարձել…
1936 թվական, սովետական մսաղաց
Խորհրդային կարգերը չէին կարող մարսել Զապելը ընդգծված հայրենասիրությունը, ուստի գրողների միությունում իր ելույթին հաջորդում է դռան անսպասելի թակոցը, ինչն այդ տարիներին կարող էր մի բան նշանակել. Զապելին ձերբակալում են: Իր կյանքի մնացյալ տարիները կինը ստիպված է լինում անցկացնել Բաքվի բանտում. բանտարկյալի նամակները հուշում են՝ նա չի կորցնում իր կամքն ու խիզախությունը:
Հայ գրող, հրապարակախոս, հայ կին, երկու երեխաների մայր, հայրեննվեր ու մարդասեր Զապել Եսայանի մահվան մասին հանգամանքները հայտնի չեն մինչ օր
Անիտա Կոնտի
Աշխարհի առաջին կին օվկիանոսագետը ազգությամբ հայ Մարտա Բեատրիս Անիտա Կոնտին է, նույն ինքը՝ Անիտա Կարագոշյանը: Անիտան ծնվել է 1899 թվականի մայիսի 17-ին Փարիզից ոչ հեռու գտնվող Էրմոն քաղաքում: 1914 թվականին Կարագոշյանների ընտանիքը հաստատվում է Օլերոն կղզում և հենց այստեղ էլ հետաքրքրասեր աղջիկն իրեն ամբողջովին նվիրում է ընթերցանությանը, լուսանկարչությանը և նավերին:

1927 թվականին Անիտան ամուսնանում է ծագումով իտալացի դիվանագետ Մարսել Կոնտիի հետ: Կոնտիների նորաստեղծ ընտանիքը սկսեց ճանապարհորդել: Անիտան ուսումնասիրում էր ծովը և բոլոր այն խնդիրները, որոնց բախվում էին ձկնորսները: Երկու Համաշխարհային պատերազմների արանքում ընկած ժամանակահատվածում Անիտան օգտագործում է նավիգացիոն քարտեզներն ու մշակում ձկնորսության գիտական մեթոդիկա, որը կհեշտացներ ձկնորսների աշխատանքը:
Կինը ծովում…
Ավելի ուշ՝ բազմաթիվ ճանապառհորդություններից ու հետազոտություններից հետո, լույս են տեսնում Անիտայի «Կինը ծովում» և «Օվկիանոսների ալիքները» գրքերը, ինչպես նաև շատ ու շատ օգտակար հոդվածներ, բանաստեղծություններ, լուսանկարներ: Նրա աշխատանքները ցուցադրվել են Ֆրանսիայում, Դանիայում, Նորվեգիայում, Շվեյցարիայում, Մոնակոյում, Մեծ Բրիտանիայում և շատ ու շատ այլ երկրներում:
Հետմահու…
Անիտա Կոնտին մահացել է 1997 թ. դեկտեմբերի 25-ին՝ 98 տարեկանում: Անիտան ցանկանում էր, որ իրեն դիակիզեն և փոշին շաղ տան Միջերկրական ծովի վրա:Ֆրանսիայում Անիտայի պատվին գրադարան , դպրոցներ են բացվել: Դպրոցներում երեխաներին ծանոթացնում են օվկիանոսագիտության, ձկնորսության և բուսական աշխարհի հետ: Անիտայի անունով Ֆրանսիայում կա նաև փողոց և բուլվար:
Դիանա Աբգար
Աշխարհի առաջին կին դեսպան ընդունված է համարել Ալեքսանդրա Կոլոնտային, որը 1923 թվականից 1952 թվականը եղել է ԽՍՀՄ դեսպանը Նորվեգիայում, Մեքսիկայում և Շվեդիայում: Իրականում՝ գրող, հրապարակախոս, հասարակական գործիչ Դիանա Աբգարը Հայաստանի Առաջին Հանրապետության դեսպան է նշանակվել Ճապոնիայում և Հեռավոր Արևելքում դեռևս 1920 թվականին:

Դիանան աշխատում էր Ճապոնիայի արտաքին գործերի նախարարությունում` արձանագրային բաժնում: Կարճ ժամանակահատվածում նա նշանակալի դեմք դարձավ դիվանագիտական շրջանակներում: Նա Ճապոնիայում ապրել է 46 տարի։ Դիանան տիրապետել է պարսկերեն, անգլերեն, հինդի, ճապոներեն ու չինարեն լեզուներին։ Գրել է բանաստեղծություններ և պատմվածքներ։
Հայրենանվեր գործունեություն
Առաջին աշխարհամարտի նախօրեին և պատերազմի տարիներին Դիանա Աբգարը ելույթ էր ունենում հայ ժողովրդի մասին դասախոսություններով, գրում էր հոդվածներ, համագործակցում էր անգլալեզու «The Japan Gazette» թերթի և «Հեռավոր Արևելքի» հետ: Նա առաջիններից մեկն էր, որը փաստերով ապացուցեց, որ Ադանայի կոտորածը կազմակերպվել և իրականացվել էր երիտթուրքերի սահմանադրական իշխանության կողմից:
Կին դեսպանը՝ Ճապոնիայում
Երբ 1918 թվականի մայիսի 28-ին Հայաստանը վերականգնեց իր պետական անկախությունը, ոչ ոք չշտապեց այն ճանաչել: Եվ միայն 1920 թվականին, ի շնորհիվ Դիանա Աբգարի ջանքերի, Ճապոնիան դարձավ առաջին երկիրը, որը պաշտոնապես ճանաչեց հայակական Առաջին Հանրապետության անկախությունը: Ի շնորհիվ իր հմուտ քաղաքականության՝ 1920 թվականի հուլիսի 21-ին Դիանա Աբգարը նշանակվեց Հայաստանի Առաջին Հանրապետության դիվանագիտական ներկայացուցիչ և գլխավոր հյուպատոս Հեռավոր Արևելքում … Այդպիսով Դիանա Աբգարը դարձավ աշխարհում առաջին կինը, որը դիվանագիտական պաշտոն էր զբաղեցրել:
Զարուհի Քավալջյան
Թուրքիայի առաջին կին բժիշկը եղել է ծագումով հայ Զարուհի Քավալջյանը: Նա ծնվել է Թուրքիայի Ադափազար քաղաքում: Նրա հայրը՝ Սերոբ Քավալջյանը, 1875 թվականին ավարտել էր Բոստոնի բժշկական համալսարանը և Ադափազարում ու Իզմիթում աշխատում էր որպես բժիշկ:

Թուրքիայի առաջին կին բժիշկը
Զարուհին, ավարտելով Ադափազարի Ամերիկյան իգական քոլեջը, մեկնում ԱՄՆ, քանի որ այդ տարիներին Օսմանյան պետությունում կանաց արգելված էր բժշկություն ուսումնասիրել: Քավալջյանն ավարտել է Իլինոյսի համալսարանի բժշկական ֆակուլտետը և 1904 թվականին վերադարձել Ադապազար: Որոշ ժամանակ հոր հետ աշխատել է որպես բժիշկ, միաժամանակ կենսաբանություն է դասավանդել Ամերիկյան քոլեջում: Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին աշխատել է վիրավորներին և տուժածներին օգնություն ցույց տվող հաստատություններում:
Բժշկությանը զուգահեռ Զարուհի Քավալջյանը դասավանդել է Սկյուտարի Ամերիկյան իգական քոլեջում, որտեղ հայտնի է եղել Դոկտոր Քավալ անվամբ, քանի որ պոլսահայությանը պարտադրվել էր փոխել իրենց հայկական անունները:
Աննա Տեր-Վարդանյան
ԱՄՆ ռազմածովային ուժերի առաջին կին գերագույն գլխավոր ավագը եղել է հայուհի Աննա Տեր-Վարդանյանը: Գերագույն գլխավոր ավագ կոչումը Աննա Տեր-Վարդանյանն ստացել է 1959 թվականին Նյուփորթի ռազմածովային քոլեջում, որպես «Global Strategy Officer»-ի օգնական և դարձել է զինված ուժերում ծառայող առաջին կինը, որն արժանացել է այդ կոչմանը:

Աննա Տեր-Վարդանյանը ծնվել է 1920 թվականին։ Մեծացել է Միչիգան նահանգի Դետրոյթ քաղաքում։ 1936-1939 թվականներին սովորել է Հարավարևմտյան ավագ դպրոցում, 1941-1942 թվականներին՝ Դետրոյթի բիզնես համալսարանում։ Համալսարանական տարիներին Աննան զինվորագրվել է Կանանց օդային օժանդակ կորպուսում։ 1943 թվականի օգոստոսի 31-ին հեռացել է Կանանց օդային օժանդակ կորպուսից՝ միանալով Կանայք արտակարգ իրավիճակներում կամավոր ծառայությանը։
Երկրորդ համաշխարհայինի տարիներին…
Երկրորդ համաշխարհային պատերազմն սկսվելուց կարճ ժամանակ անց Տեր-Վարդանյանը կամավոր զինվորագրվում է, քույրը՝ Ջին Օլիվերը, ծառայում էր ԱՄՆ նավատորմում, եղբայրը՝ Էնդրյուն, ԱՄՆ զինված ուժերի խաղաղօվկիանոսյան հատվածում էր, մայրը նույնպես ցանկանում էր միանալ նավատորմին, սակայն տանը մնալով՝ ծառայում է Կարմիր խաչում:
Աննան թոշակի է անցել 1963 թվականի հուլիսի 16-ին։ Մահացել է 2011 թվականի օգոստոսի 4-ին, 90 տարեկան հասակում։ Թաղված է Արլինգտոնի ազգային գերեզմանատանը

