Լևերկուզենի «Բայերը» Եվրոպա լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում իտալական «Ռոմայի» հետ տնային ոչ-ոքիի (2-2) շնորհիվ անպարտելի շարքի համաշխարհային ռեկորդ է սահմանել։ Դա Գերմանիայի նորընծա չեմպիոնի 49-րդ անընդմեջ անպարտելի հանդիպումն էր բոլոր մրցաշարերում, հաղորդում է Opta-ն։
Այդ ցուցանիշով նախորդ ռեկորդակիրը պորտուգալական «Բենֆիկան» էր, որը 1963 թ. դեկտեմբերի 22-ից 1965 թ. փետրվարի 7-ը բոլոր մրցաշարերում անպարտելի է եղել 48 խաղում։
Ավելի վաղ գերմանական ակումբը գերազանցել էր նաև Թուրինի «Յուվենտուսի»` Եվրոպայի թոփ-5 առաջնություններում (Անգլիա, Իտալիա, Իսպանիա, Գերմանիա, Ֆրանսիա) 46 հանդիպումից բաղկացած անպարտելության ռեկորդը։
Հիշեցնենք, որ «Բայերը» Խաբի Ալոնսոյի գլխավորությամբ նաև դուրս է եկել Գերմանիայի գավաթի խաղարկության եզրափակիչ և մայիսի 25-ին Բեռլինում կմրցի Բունդեսլիգա 2-ում հանդես եկող «Կայզերսլաութերնի» դեմ։ Եվրոպա լիգայի եզրափակիչում էլ լևերկուզենցիները մայիսի 22-ին Դուբլինի «Ավիվա» ստադիոնում տիտղոսը կվիճարկեն իտալական «Ատալանտայի» հետ։