Logo

4-րդ անընդմեջ պարտությունը հյուսիսմակեդոնացիներից Ալեքսանդր Պետրակովի օրոք վերջին խաղում. Հայաստան - Հյուսիսային Մակեդոնիա հանդիպումը՝ 10 փաստով

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
12:44 / 14.10.2024Ֆուտբոլ
null

Հայաստանի ազգային հավաքականը, Ազգերի լիգայի չորրորդ տուրի տնային խաղում 0-2 հաշվով պարտվելով Հյուսիսային Մակեդոնիային, զրկվեց խմբում առաջին տեղը զբաղեցնելու հնարավորությունից: Հայաստանի հավաքականը C դիվիզիոնի չորրորդ խմբում 4 միավորով երկրորդ տեղում է և 6 միավոր է զիջում Հյուսիսային Մակեդոնիային, որին պարտվել էր նաև Սկոպյեում։

FastNews-ը երևանյան հանդիպման ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում է 10 փաստի տեսքով:

1.Ազգերի լիգայի վերջին 3 հանդիպումներում Հայաստանի հավաքականը չափազանց անհաջող խաղաց՝ վաստակելով ընդամենը մեկ միավոր՝ Ֆարերյան կղզիների հետ մրցավեճում պարտությունից խուսափելով ավելացված ժամանակում:

2. Հայաստանի և Մակեդոնիայի հավաքականների միջև կայացած հոբելյանական՝ 15-րդ հանդիպումն ավարտվեց հայկական թիմի 8-րդ պարտությամբ: Հայաստանի հավաքականին ընդամենը 4 անգամ է հաջողվել հաղթել հյուսիսմակեդոնացիներին, 3 խաղում էլ գրանցվել է ոչ-ոքի: Հայաստանի հավաքականը խփել է 18 գոլ, մրցակիցն աչքի է ընկել 27 անգամ:

3. Հյուսիսմակեդոնացիների հետ անցկացրած վերջին 4 հանդիպումներում էլ Հայաստանի հավաքականը պարտվել է գոլերի 1-12 ընդհանուր հարաբերակցությամբ: Մրցակցի հետ վերջին 5 խաղերում Հայաստանի հավաքականը մեկ միավոր է վաստակել գոլազուրկ ոչ-ոքիի շնորհիվ:

4. Վերջին հաղթանակը հյուսիսմակեդոնացիների նկատմամբ Հայաստանի հավաքականը տարել է 2020թ. նոյեմբերի 18-ին չեզոք դաշտում՝ Կիպրոսի Նիկոսիա քաղաքում անցկացված Ազգերի լիգայի մրցաշարի ավարտական տուրի խաղում: Հովհաննես Համբարձումյանի խփած միակ գոլի շնորհիվ Հայաստանի հավաքականը Խոակին Կապառոսի գլխավորությամբ դարձել էր C դիվիզիոնի 2-րդ խմբի հաղթող:

5. Հայաստանի և Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականները 3-րդ անգամ էին հայտնվել Ազգերի լիգայի մրցաշարի միևնույն խմբում: Երկու խաղերում էլ հավաքականը մրցակցին զիջեց միևնույն 0-2 հաշվով: Ազգերի լիգայի նախորդ երկու խաղարկություններում մրցակիցներից յուրաքանչյուրը հաղթել էր սեփական դաշտում:

 

6. Ազգերի լիգայի մրցաշարերում հյուսիսմակեդոնացիների հետ անցկացրած 6 հանդիպումներից 2-ում հաղթել է Հայաստանի հավաքականը, 4-ում հաջողությունն ուղեկցել է մրցակցին: Մեր ֆուտբոլիստները 6 գոլ են խփել, հյուսիսմակեդոնացիներն աչքի են ընկել 8 անգամ:

Ընդհանուր առմամբ Ազգերի լիգայի մրցաշարերում Հայաստանի հավաքականն անցկացրած 22 խաղերից 8-ում հաղթել է, 10 անգամ՝ պարտվել, 4-ում գրանցվել է ոչ-ոքի, խփել է 33 գոլ, բաց է թողել 38 գնդակ:

7. Հայաստանի հավաքականը 25-րդ անընդմեջ խաղում չկարողացավ դարպասն անառիկ պահել՝ ընդհանուր առմամբ բաց թողնելով 50 գոլ: Վերջին անգամ հավաքականը գոլ բաց չի թողել 2022թ. հունիսի 4-ին Երևանում Իռլանդիայի հետ կայացած Ազգերի լիգայի խաղում (1-0), որում դարպասը պաշտպանում էր Դավիթ Յուրչենկոն:

 

8. Գլխավոր մարզչի պաշտոնից հեռացված Ալեքսանդր Պետրակովի գլխավորությամբ Հայաստանի հավաքականը 18-րդ խաղն անցկացրեց՝ կրելով 10-րդ պարտությունը: Նրա օրոք հավաքականն ընդամենը 4 հաղթանակ է տոնել, նույնքան խաղ ավարտել է ոչ-ոքի, խփել է 22 գնդակ, սեփական դարպասը բաց է թողել 29 գոլ, վաստակել է հնարավոր միավորների 29,6 տոկոսը:

Ալեքսանդր Պետրակովի նորամուտը Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում տեղի է ունեցել անցյալ տարվա մարտի 25-ին Երևանում թուրքերի հետ կայացած Եվրոպայի առաջնության ընտրական մրցախաղում, որում դաշտի տերերը պարտվել էին 1-2 հաշվով: Ուկրաինացի մասնագետը Հայաստանի հավաքականը գլխավորած այլազգի 11-րդ մարզիչն էր:

9. Էդուարդ Սպերցյանը հավաքականում հոբելյանական՝ 30-րդ խաղն անցկացրեց: Ազգային թիմում նրա նորամուտը կայացել է 2021թ. մարտի 31-ին Երևանում ռումինացիների հետ անցկացված աշխարհի առաջնության ընտրական մրցախաղում: Ընդմիջմանը փոխարինելով Կարեն Մուրադյանին, Սպերցյանը 56-րդ րոպեին բացեց խաղի հաշիվը՝ դնելով հավաքականի հաղթանակի հիմքը (3-2):

10. Լուկաս Սելարայանի համար էլ հյուսիսմակեդոնացիների հետ հանդիպումը 20-րդն էր հավաքականում: Նա առաջին անգամ հավաքականի մարզաշապիկով խաղադաշտ է դուրս եկել 2021թ. հոկտեմբերի 8-ին Ռեյկյավիկում իսլանդացիների հետ կայացած աշխարհի առաջնության ընտրական մրցախաղում (1-1): Լուկասը մեկնարկային կազմում էր, 64-րդ րոպեին իր տեղը զիջեց Խորեն Բայրամյանին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ