Հայաստանի ազգային հավաքականը 2026թ. աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի հերթական խաղում հյուրընկալվելիս 0-2 հաշվով պարտվեց հունգարացիներին: 3 տուրից հետո ՀՀ հավաքականն ընտրական մրցաշարի F խմբում նույնքան միավորով ընթանում է 3-րդ տեղում:
FastNews-ը հանդիպման ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում է 10 փաստի տեսքով:
1. Հայաստանի ազգային հավաքականը 2026թ. աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում 2-րդ պարտությունը կրեց: Արտագնա վերջին 4 հանդիպումներում հավաքականը 3 պարտություն է կրել (Վրաստան՝ 1-6, Կոսովո՝ 2-5, Հունգարիա՝ 0-2)՝ միակ ոչ-ոքին գրանցելով Չեռնոգորիայի ազգային թիմի հետ անցկացրած ընկերական խաղում (2-2):
2. Հայաստանի հավաքականն աշխարհի առաջնությունների ընտրական մրցաշարերում 75-րդ խաղն անցկացրեց՝ կրելով 44-րդ պարտությունը: Ժոմբոր Գրուբերի խփած 2-րդ գնդակն այդ խաղերում մեր հավաքականի բաց թողած 150-րդ գոլն էր:
Աշխարհի առաջնությունների ընտրական մրցաշարերում Հայաստանի հավաքականն ընդամենը 14 հաղթանակ է տարել, 17 խաղ ավարտել է ոչ-ոքի, խփել է 63 գոլ:

3. Հայաստանի հավաքականն անցկացրած 266 հանդիպումներում 145-րդ պարտությունը կրեց: Մնացած խաղերից 66-ում մեր հավաքականը հաղթել է, 55-ում գրանցվել է ոչ-ոքի: Խփած և բաց թողած գնդակների հարաբերակցությունը մրցակիցների օգտին է՝ 482-272:
4. Արդեն 3 տարուց ավելի է, ինչ հավաքականին չի հաջողվում դարպասն անառիկ պահել: Վերջին 34 հանդիպումներում մրցակիցներին մշտապես հաջողվել է խոցել Հայաստանի հավաքականի դարպասը՝ ընդհանուր առմամբ խփելով 76 գոլ: Այդ հանդիպումներից միայն 6-ում է հավաքականը հաղթել, 6-ն ավարտել է ոչ-ոքի, 22-ում պարտվել է, որից 7-ը՝ խոշոր հաշվով, խփել է 36 գոլ: Այս ցուցանիշը Հայաստանի հավաքականի պատմության մեջ յուրօրինակ հակառեկորդ է:
Վերջին անգամ հավաքականը գոլ բաց չի թողել 2022թ. հունիսի 4-ին Երևանում Իռլանդիայի հետ Ազգերի լիգայի խաղում (1-0), որում դարպասը պաշտպանում էր Դավիթ Յուրչենկոն:

5. Աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի 3 տուրից հետո գրանցած արդյունքը 2-րդ լավագույն ցուցանիշն է հավաքականի պատմության մեջ: 3 խաղից հետո նույնքան միավոր հավաքականը վաստակել էր նաև 2014թ, ընտրական մրցաշարում Վարդան Մինասյանի գլխավորությամբ (Մալթա՝ 1-0, Բուլղարիա՝ 0-1, Իտալիա՝ 1-3): Իսկ լավագույն արդյունքը հավաքականը գրանցել է ընտրական նախորդ մրցաշարում Խոակին Կապառոսի օրոք՝ հաղթելով մեկնարկային 3 խաղերում էլ (Լիխտենշտեյն՝ 1-0, Իսլանդիա՝ 2-0, Ռումինիա՝ 3-2):
6. Հայաստանի հավաքականն առավել անհաջող է մեկնարկել 2006 (գլխավոր մարզիչ՝ Բեռնար Կազոնի, Մակեդոնիա՝ 0-3, Ֆինլանդիա՝ 0-2, 1-3), 2010 (Յան Պոուլսեն, Թուրքիա՝ 0-2, Իսպանիա՝ 0-4, Բելգիա՝ 0-2) և 2018թթ. (Վարուժան Սուքիասյան, Դանիա՝ 0-1, Ռումինիա՝ 0-5, Լեհաստան՝ 1-2) աշխարհի առաջնությունների ընտրական մրցաշարերում՝ պարտվելով բոլոր 3 խաղերում էլ:

7. Հայաստանի և Հունգարիայի ազգային հավաքականների միջև կայացած աշխարհի առաջնության ընտրական մրցախաղը պաշտոնական առաջին հանդիպումն էր: Նախկինում մրցակիցները միայն մեկ անգամ էին հանդիպել: 2004թ. փետրվարի 18-ին Կիպրոսի մրցաշարում կայացած խաղում հունգարացիները հաղթել էին 2-0 հաշվով:
Հետաքրքիր է, որ հավաքականի գլխավոր մարզիչ Միխայ Ստոյկիցան մեկնարկային կազմում ընդգրկել էր Եղիշե Մելիքյանին, որը 7-րդ խաղն էր անցկացնում Հայաստանի ազգային թիմում: Այդ օրը հավաքականում իրենց նորամուտը նշեցին Վալերի Ալեքսանյանը, Բարսեղ Կիրակոսյանը, Բալեպ Բա Նդումբուկը, Դավիթ Գրիգորյանը, Լևոն Փաչաջյանն ու Գալուստ Պետրոսյանը:
8. Վահան Բիչախչյանն ազգային հավաքականում հոբելյանական՝ 45-րդ խաղն անցկացրեց: Նա հավաքականում նորամուտը նշել է 2020թ. սեպտեմբերի 8-ին էստոնացիների հետ Երևանում կայացած Ազգերի լիգայի մրցախաղում՝ 64-րդ րոպեին փոխարինելով Արշակ Կորյանին:

9. Նաիր Թիկնիզյանն ու Լուկաս Սելարայանը հավաքականի կազմում հոբելյանական՝ 25-րդ խաղն անցկացրին, իսկ Ժիրայր Շաղոյանը, Հրանտ-Լեոն Ռանոսը և Ուգոչուկվու Իվուն հավաքականի մարզաշապիկով 20-րդ անգամ խաղադաշտ դուրս եկան:
10. Կարեն Մուրադյանը 3 տարվա դադարից հետո կրկին հավաքականի կազմում խաղադաշտ դուրս եկավ՝ անցկացնելով 12-րդ հանդիպումը: Նախորդ անգամ նա հավաքականում խաղացել էր 2022թ. սեպտեմբերի 27-ին Դուբլինում իռլանդացիների հետ կայացած Ազգերի լիգայի մրցախաղում՝ 82-րդ րոպեին փոխարինելով Անդրե Կալիզիրին:
ԱԱ-2026-ի եվրոպական գոտու ընտրական մրցաշարի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):

