Ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում ազգային թոփ-5 լիգաներում տեղի ունեցան հերթական հետաքրքիր տրանսֆերները, և կարիերայի շարունակության այլ ճանապարհ ընտրած ֆուտբոլիստներից ոմանք արդեն սկսել են փայլել նոր ակումբներում:
FastNews-ը ներկայացնում է այն ֆուտբոլիստներին, որոնք տեղափոխությունից հետո վստահ մեկնարկ են գրանցել:
Ամին Գուիրի
25-ամյա ալժիրցին նախորդ 2 տարիներն անցկացրեց «Ռենում» և մեծ դեր ուներ թիմում, որն ընթացիկ մրցաշրջանում լուրջ խնդիրների է բախվել: «Ռենն» այժմ Լիգա 1-ում զբաղեցնում է 13-րդ տեղը: Հունվարին «Մարսելը» Գուիրիի տրանսֆերային իրավունքը ձեռք բերեց 19 միլիոն եվրոյով: Ի տարբերություն «Ռենի»՝ Ռոբերտո Դե Ձերբիի գլխավորած թիմը հաջող մրցաշրջան է անցկացնում, իսկ Գուիրին հրաշալի կերպով ընդգրկվել է իտալացի մասնագետի ֆուտբոլային համակարգում և «Մարսելում» 3 խաղում խփել է 2 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում:
Ռանդալ Կոլո Մուանի
Ֆրանսիացու համար մրցաշրջանի առաջին հատվածը ՊՍԺ-ում այնքան էլ հաջող չդասավորվեց: Փարիզցիների կազմում Կոլո Մուանին ընդամենը 2 գոլ խփեց և հաճախ մնում էր պահեստայինների նստարանին: «Ծեր սինյորան» կես տարով վարձակալեց 26-ամյա ֆուտբոլիստին, որը հասցրել է մեկնարկային կազմից դուրս թողնել Դուշան Վլահովիչին: Թուրինցիների կազմում Ռանդալ Կոլո Մուանին մասնակցել է 5 հանդիպման, խփել 5 գոլ և կատարել 1 գոլային փոխանցում:
Ասանե Դիաո
19-ամյա սենեգալցին «Բետիսի» սան է և վաղուց ստացել է Իսպանիայի քաղաքացիություն: Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանի առաջին հատվածում ձախ վինգերը 10 խաղում խփեց 1 գոլ, կատարեց 2 ասիստ, ընդ որում՝ գոլը խփեց «Բարսելոնայի» դեմ տնային խաղում: Ձմռանը Սեսկ Ֆաբրեգասի գլխավորած «Կոմոն» 12 միլիոն եվրոյով ձեռք բերեց Դիայոի տրանսֆերային իրավունքը, և ինչպես ցույց է տալիս ընթացքը, ամենևին չսխալվեց: Իտալական ակումբի կազմում Ասանե Դիաոն մասնակցել է 7 խաղի և խփել 4 գոլ: 19-ամյա ֆուտբոլիստը դարպասի գրավմամբ աչքի է ընկել «Միլանի», «Ուդինեզեի», «Յուվենտուսի» և «Ֆիորենտինայի» դեմ խաղերում:
Միկա Բիերեթ
22-ամյա հարձակվողը, որն ունի Դանիայի և Անգլիայի քաղաքացիություն, «Ֆուլհեմի» սան է: Բիերեթը 1 մրցաշրջան անցկացրել է նաև Լոնդոնի «Արսենալի» Մ23 թիմում, որտեղ աչքի է ընկել բարձր արդյունավետությամբ: Նախորդ 1,5 տարում հարձակվողն ավստրիական «Շտուրմում» 47 խաղում խփել է 23 գոլ և կատարել 9 գոլային փոխանցում: Հունվարի 11-ին «Մոնակոն» 13 միլիոն եվրոյով «Շտուրմից» գնեց ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը և արդեն քաղում է հասունացած պտուղները: «Մոնեգասկների» կազմում Միկա Բիերեթը 8 խաղ է անցկացրել, խփել 7 գոլ և կատարել 1 ասիստ: Հարձակվողը փայլեց հատկապես «Օսերի» և «Նանտի» դեմ խաղերում՝ գրանցելով 2 հեթ-տրիկ:
Սանտիագո Խիմենես
Նոր ակումբում շատ լավ մեկնարկ է ապահովել նաև հարձակվող Սանտիագո Խիմենեսը: «Միլանը» 32 միլիոն եվրոյով մեքսիկացու տրանսֆերը ձեռք բերեց «Ֆեյենորդից», և 23-ամյա ֆուտբոլիստն արդեն հասցրել է տպավորել արդյունավետ խաղով: «Ռոսոներիի» կազմում անցկացրած 5 խաղում Խիմենեսը խփել է 3 գոլ և կատարել 1 գոլային փոխանցում: Հարձակվողը Չեմպիոնների լիգայի անցումային փլեյ-օֆֆում գոլով աչքի ընկավ նաև նախկին թիմի՝ «Ֆեյենորդի» դեմ խաղում, սակայն դա բավարար չէր, որպեսզի Սերժիու Կոնսեյսաուի գլխավորած թիմը նվաճի 1/8 եզրափակիչի ուղեգիր:
Անտոնի
Բրազիլացին վերջին տարիներին ամենաքննադատված ֆուտբոլիստներից է, և ոչ ոք չի կարող ասել, որ այդ քննադատությունները տեղին չեն եղել: 24-ամյա ֆուտբոլիստը «Մանչեսթեր Յունայթեդում» 96 խաղում խփել է 12 գոլ և կատարել 5 ասիստ: Բայց Անտոնիի ցուցադրած խաղն ավելի տխուր էր, քան նրա արդյունավետությունը: Հունվարին եզրային հարձակվողին կես տարով վարձակալեց «Բետիսը»: Ավելի քան համարձակ որոշում անդալուզական ակումբի կողմից: Անտոնին ակումբի պաշտոնական էջերում ողջունեց «Բետիսի» երկրպագուներին, իսկ «Ռեալին» ու «Բարսելոնային» հորդորեց զգույշ լինել, քանի որ ինքն արդեն Իսպանիայում է: Բայց այս անգամ պատկերն ամբողջությամբ այլ է: Մանուել Պելեգրինիի գլխավորած թիմում 24-ամյա ֆուտբոլիստը կրկին վառ ու արդյունավետ ֆուտբոլ է խաղում: «Բետիսում» 4 խաղում Անտոնին խփել է 3 գոլ, կատարել 1 ասիստ, վաստակել 11-մետրանոց և 3 անգամ ճանաչվել հանդիպման լավագույն ֆուտբոլիստ: