Համաշխարհային ֆուտբոլում մեծ պատվի են արժանանում ոչ միայն բազում տիտղոսներ նվաճած ֆուտբոլիստները, այլև նրանք, որոնք երկար տարիներ հավատարմորեն ծառայում են հարազատ ակումբին՝ վայելելով թիմի երկրպագուների սերն ու հարգանքը:
Հայաստանի առաջնությունների 33-ամյա պատմության ընթացքում ընդամենը 23 ֆուտբոլիստի է հաջողվել Բարձրագույն խմբում միևնույն թիմի կազմում 200 և ավելի խաղ անցկացնել ու ընդգրկվել ամենահավատարիմ ֆուտբոլիստների «200-ի ակումբում»: Դա վկայում է սահմանված նշաձողը հաղթահարելու բարդությունների մասին: Դրանք մի քանիսն են:
Հայաստանի առաջնություններում սովորաբար մեծ թիվ են կազմում թիմից թիմ ֆուտբոլիստների տեղափոխությունները, որի հետևանքով քչերն են երկար տարիներ ելույթներ ունենում միևնույն թիմում: Տեղափոխությունների մի մասն էլ հարկադրված է՝ պայմանավորված առաջնության մասնակից մի շարք թիմերի լուծարմամբ: Եվ վերջապես, ավելի հաջողակ ֆուտբոլիստներն իրենց կարիերայի ընթացքում մեկնել են Հայաստանից՝ հանդես գալով արտերկրի տարբեր ակումբներում:
Խորհրդանշական այդ ակումբում ընդգրկված են ընդամենը 7 թիմերի՝ «Շիրակի», «Փյունիկի», «Արարատի», «Արաքսի», «Միկայի», «Գանձասար-Կապանի» և «Ալաշկերտի» ներկայացուցիչներ: Մրցակցությունից դուրս է «Շիրակը», որի 14 ֆուտբոլիստներ են տեղ զբաղեցնում ցանկում: Դա վկայում է հարազատ ակումբին գյումրեցիների առանձնակի հավատարմության մասին:
Ընդհանրապես գյումրեցիները շատ հազվադեպ են այլ թիմեր տեղափոխվել: Միայն 2000-ականների կեսերին «Շիրակում» ֆինանսական վիճակի վատթարացումը ստիպեց գյումրեցիներից ոմանց ժամանակավորապես փոխելու ակումբային «գրանցումը»: Իսկ երբ վիճակը բարելավվեց, նրանք վերադարձան հարազատ կոլեկտիվ:
Պատահական չէ, որ «200-ի ակումբի» ցանկն էլ գլխավորում է ֆուտբոլային երկարակեցությամբ աչքի ընկած գյումրեցի Հովհաննես Թահմազյանը: ՀՀ առաջնություններում ռեկորդային թվով հանդիպումներ անցկացրած Թահմազյանը ռեկորդակիր է նաև միևնույն թիմում անցկացրած խաղերի քանակով: Բարձրագույն խմբի 461 հանդիպումներից 378-ը նա անցկացրել է հարազատ «Շիրակի» կազմում:
Հովհաննես Թահմազյանը միակ ֆուտբոլիստն է, որ մասնակցել է Հայաստանի առաջին 20 առաջնություններին: Միայն 3,5 մրցաշրջան է (2004-2007թթ. հունիս) նա բացակայել «Շիրակից»՝ հանդես գալով «Միկայում», որի կազմում բախտ է վիճակվել վայելելու նաև Հայաստանի գավաթը նվաճելու բերկրանքը, ինչը նրան մինչ այդ գյումրեցի իր թիմակիցների հետ չէր հաջողվել: «Շիրակում» հոբելյանական՝ 200-րդ հանդիպումը Թահմազյանն անցկացրել է 2000թ. հուլիսի 5-ին Գյումրիում «Կիլիկիայի» հետ կայացած մրցավեճում:
Իսկ առաջինը նրա թիմակից Արթուր Պետրոսյանն է ընդգրկվել ամենահավատարիմ ֆուտբոլիստների «200-ի ակումբում»՝ հոբելյանը նշելով 2000թ. հունիսի 24-ին Գյումրիում «Դինամոյի» հետ կայացած խաղում, որում դուբլի հեղինակ էր դարձել: Այդ մրցաշրջանը վերջինն էր Արթուր Պետրոսյանի համար «Շիրակում», որից հետո նա իր ֆուտբոլային կարիերան շարունակեց արտերկրում: Հակառակ դեպքում բացառված չէր, որ հենց Պետրոսյանը կարող էր գլխավորել «200-ի ակումբը»:
Արթուր Պետրոսյանը սակավաթիվ այն ֆուտբոլիստներից մեկն է, որ Հայաստանում իր ֆուտբոլային կարիերայի ընթացքում հանդես է եկել միայն մեկ թիմում: «200-ի ակումբի» անդամներից «Շիրակին» մինչև կարիերայի ավարտը հավատարիմ են մնացել նաև Գագիկ Մարգարյանը, Հենրիկ Բատիկյանն ու Հակոբ Արտոյանը: Կարեն Գ. Խաչատրյանն ու Անդրանիկ Բարիկյանը մինչև «Շիրակում» ընդգրկվելը, ֆուտբոլային կարիերան սկսել են «Շիրակ-2-ում», որի կազմում 1998թ. մասնակցել են Բարձրագույն խմբի առաջնությանը:
Ռայմոնդ Զադուրյանն էլ Բարձրագույն խմբում պաշտպանել է միայն «Շիրակի» դարպասը: Միայն մեկ մրցաշրջան` 2005թ. նա չի խաղացել շիրակցիների կազմում` պաշտպանելով Առաջին խմբում հանդես եկած «Երևան Յունայթեդի» դարպասը:
Հարազատ ակումբին հավատարմության վառ օրինակ է նաև «Փյունիկի» բազմամյա նախկին ավագ Սարգիս Հովսեփյանը: Նա էլ Թահմազյանի պես ՀՀ անդրանիկ առաջնության մասնակից է, Հայաստանի առաջին չեմպիոններից մեկը, որին առաջինը բախտ վիճակվեց ճանաչվելու անկախ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ:
Հայկական ֆուտբոլում նվաճած չեմպիոնական տիտղոսների քանակով (10) յուրօրինակ ռեկորդակիրը արտերկրում 6,5 մրցաշրջան անցկացնելուց հետո 2004թ. հուլիսին վերադարձավ «Փյունիկ», որի կազմում ելույթները շարունակեց մինչև 2012թ. աշուն: Հարազատ թիմի մարզաշապիկով Հովսեփյանը վերջին անգամ խաղադաշտ դուրս եկավ սեպտեմբերի 15-ին «Ուլիսի» հետ առաջնության 21-րդ տուրի խաղում: Դա Հովսեփյանի 365-րդ հանդիպումն էր Բարձրագույն խմբում:
Այդ ցուցանիշով Սարգիս Հովսեփյանը մինչև օրս էլ «Փյունիկի» ռեկորդակիրն է: Նա «200-ի ակումբում» 2-րդ հորիզոնականն է զբաղեցնում: Եվ եթե Հովսեփյանը շարունակեր ելույթները գոնե մինչև 2012/13թթ. առաջնության ավարտը, որում թիմերը 42-ական խաղ պիտի անցկացնեին, ապա ներկայումս ինքը կգլխավորեր «200-ի ակումբը»:
Ամենահավատարիմ ֆուտբոլիստների ցանկում միակ լեգեոնականը «Միկայի» բրազիլացի ֆուտբոլիստ Ալեքս Էնրիկե դա Սիլվան է, որը թիմի կազմում 230 խաղ է անցկացրել: Այդ ցուցանիշով նա ոչ միայն «Միկայի» ռեկորդակիրն է, այլև լավագույնն է ՀՀ առաջնություններում հանդես եկած այլազգի ֆուտբոլիստների մեջ:
Հատկանշական է, որ ներկայումս ամենահավատարիմ ֆուտբոլիստների «200-ի ակումբում» գործող ոչ մի ֆուտբոլիստ չկա: Վերջինն Արտակ Գրիգորյանն էր, որը ֆուտբոլային կարիերան ավարտեց անցյալ տարվա դեկտեմբերին: Ի դեպ, Գրիգորյանն ակումբի շարքերը համալրած առայժմ վերջին ֆուտբոլիստն է:
Փորձառու ֆուտբոլիստի կարիերայում նշանակալի այդ իրադարձությունը տեղի է ունեցել 2023թ. ապրիլի 17-ին Fastex Պրեմիեր լիգայի 27-րդ տուրում «Փյունիկի» հետ մրցավեճում: «Ալաշկերտի» ավագը հարազատ թիմի մարզաշապիկով Հայաստանի առաջնություններում հոբելյանական՝ 200-րդ խաղն անցկացրեց: Արտակ Գրիգորյանը դարձավ այդ սահմանագիծը հատած առաջին ալաշկերտցին: Նա թիմի կազմում ՀՀ առաջնություններում անցկացրած 207 խաղով «Ալաշկերտի» ռեկորդակիրն է:
Իսկ ինչպիսի՞ն են «200-ի ակումբը» համալրելու հեռանկարները: Միանգամից նշենք, որ ներկայումս թիմերում աննախադեպ մեծ թվով լեգեոնականների առկայության պայմաններում պատկերը շատ տխուր է: Ընթացիկ առաջնության մասնակից թիմերից միայն 6-ում են ընդգրկված իրենց ներկայիս ակումբներում 100-ից ավելի խաղ անցկացրած ֆուտբոլիստներ, որոնց ընդհանուր թիվը 16 է:
Լավագույն դեպքում այդ ֆուտբոլիստներից միայն 4-ին՝ շիրակցի Հրայր Մկոյանին (164 խաղ), փյունիկցի Էդգար Մալաքյանին (163), «Ուրարտուի» կիսապաշտպան Կարեն Մելքոնյանին (159) և «Արարատ-Արմենիայի» ավագ Արմեն Համբարձումյանին (158) կարող է հաջողվել հաջորդ մրցաշրջանում համալրել «200-ի ակումբի» շարքերը:
FastNews-ը ներկայացնում է ամենահավատարիմ ֆուտբոլիստների «200-ի ակումբի» ցանկը:
Ֆուտբոլիստներ | Խաղ | Ակումբ | Թվական |
1.Հովհաննես Թահմազյան | 378 | «Շիրակ» | 1992-2003, 2007-2011 |
2.Սարգիս Հովսեփյան | 365 | «Փյունիկ» | 1992-1997, 2004-2012 |
3.Գագիկ Մարգարյան | 295 | «Շիրակ» | 1992-2005 |
4.Արարատ Հարությունյան | 295 | «Շիրակ» | 1995-2004, 2007-2012 |
5.Տիգրան Դավթյան | 285 | «Շիրակ» | 2000-2004, 2009-2015 |
6.Անդրանիկ Բարիկյան | 274 | «Շիրակ» | 2001-2015 |
7.Ռայմոնդ Զադուրյան | 264 | «Շիրակ» | 1992-2004, 2006-2008 |
8.Արթուր Հ. Մինասյան | 248 | «Արարատ» | 1999-2002, 2004, 2006-09, 2011-13 |
9.Արա Խաչատրյան | 246 | «Գանձասար- Կապ.» | 2008-2018 |
10.Կարեն Գ. Խաչատրյան | 245 | «Շիրակ» | 1999-2011 |
11.Կարեն Ալեքսանյան | 242 | «Շիրակ» | 1999-2003, 2011-2016 |
12.Գևորգ Հովհաննիսյան | 241 | «Շիրակ» | 2005, 2007-2016 |
13.Ալեքս Էնրիկե դա Սիլվա | 230 | «Միկա» | 2006-2015 |
14.Հենրիկ Բատիկյան | 222 | «Շիրակ» | 1997-2009 |
15.Նորայր Հոխոյան | 215 | «Արաքս» | 1993-2000, 2003 |
16.Արթուր Պետրոսյան | 214 | «Շիրակ» | 1992-2000 |
17.Արթուր Յուզբաշյան | 214 | «Փյունիկ» | 2007-2016 |
18.Աղվան Դավոյան | 208 | «Շիրակ» | 2010-2021 |
19.Արսեն Ավետիսյան | 208 | «Փյունիկ» | 1992-1998, 2006-2007 |
20.Արտակ Գրիգորյան | 207 | «Ալաշկերտ» | 2015-2023 |
21.Ֆելիքս Խոջոյան | 203 | «Շիրակ» | 1994-2000, 2007-2009 |
22.Գևորգ Պողոսյան | 202 | «Միկա» | 2004, 2007-2015 |
23.Հակոբ Արտոյան | 200 | «Շիրակ» | 1992-2000 |