18-ամյա Ժոաո Ֆոնսեկան դարձել է Բուենոս Այրեսի ATP-250 շարքի մրցաշարի հաղթող։
Մրցաշարի եզրափակիչում բրազիլացի թենիսիստը 6-4, 7-6 (7-1) հաշվով հաղթել է Ֆրանսիսկո Սերունդոլոյին (Արգենտինա, 26-րդ ռակետ)։ Մրցախաղը տևել է 1 ժամ 49 րոպե։
Tennis TV-ի հաղորդմամբ` Ֆոնսեկան 1990 թվականից հետո դարձել է 7-րդ ամենաերիտասարդ թենիսիստը, որը ATP-ի հովանու ներքո անցկացվող մրցաշար է հաղթել։ Նա տիտղոսը նվաճել է 18 տարեկան, 5 ամսական և 26 օրականում։ Այդ ցուցանիշով նա զիջում է Լեյթոն Հյուիթին (16 տարեկան, 10 ամսական, 18 օրական), Անդրեյ Մեդվեդևին (17 տարեկան, 9 ամսական, 21 օրական), Կեյ Նիշիկորիին (18 տարեկան, 1 ամսական, 19 օրական), Ռաֆայել Նադալին (18 օրական, 2 ամսական, 12 օրական), Կառլոս Ալկարասին (18 տարեկան, 2 ամսական, 20 օրական) և Մայքլ Չանգին (18 տարեկան, 5 ամսական, 7 օրական)։
Ֆոնսեկան ATP-ի դասակարգման աղյուսակում 250 միավոր է վաստակել, դիրքը բարելավել է 31 կետով ու 99-ից բարձրացել 68-րդ տեղ։
Երիտասարդ թենիսիստը նախորդ տարվա դեկտեմբերին հաղթել էր երիտասարդների տարվա Ամփոփիչ մրցաշարը։


