Ավստրիական «Լիֆերինգի» 18-ամյա պաշտպան Մարկ Գևորգյանն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կարող է նոր թիմ ունենալ: Հեղինակավոր Transfermarkt-ը հայտնում է, որ հայ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են Գելզենկիրխենի «Շալկե 04»-ն ու ավստրիական «Ռապիդը»:
Նախորդ ամսվա ընթացքում գերմանական ruhr24-ը գրել էր, որ գերմանական ակումբն արդեն բանակցել է Գևորգյանի հետ: Հրապարակման մեջ նշված էր, որ նրա ծառայություններով հետաքրքրված են նաև գերմանական «Բոխումը», իտալական «Լեչեն» և «Վերոնան»:
Ընթացիկ մրցաշրջանում ավստրիական «Զալցբուրգի» սանը 17 հանդիպման է մասնակցել, դարձել մեկ գոլային փոխանցման հեղինակ: «Լիֆերինգը» «Զալցբուրգի» դուստր թիմն է: Գևորգյանի պայմանագրի ժամկետը կավարտվի հուլիսի 1-ին:
Transfermarkt-ը Գևորգյանի տրանսֆերային արժեքը գնահատում է 250 հազար եվրո: Հայ ֆուտբոլիստը նաև 5 խաղ է անցկացրել Գերմանիայի Մ17 հավաքականի կազմում: