17-ամյա պաշտպան Հրաչյա Սարգսյանը նորամուտն է նշել Երևանի «Փյունիկի» գլխավոր թիմի կազմում, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
«Փյունիկի» սանը ԲԿՄԱ-ի դեմ Հայաստանի Պրեմիեր լիգայի 25-րդ տուրի տնային հանդիպման 78-րդ րոպեին է դուրս եկել խաղադաշտ: Թիմի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը խոսել է Սարգսյանի նորամուտի մասին:
«Ինձ դուր է գալիս նրա հոգեբանությունը, պինդ տղա է, աշխատասեր է և պրոֆեսիոնալ: Նա լավ որակներ ունի: Մենք մտադիր ենք նրան ժամանակ առ ժամանակ օգտագործել և աստիճանաբար հասցնել այս մակարդակին»,- Մելիքյանի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ «Փյունիկը» հաղթել էր 3-1 հաշվով և 55 միավորով 1-2-րդ տեղերն է բաժանում «Նոայի» հետ:
Ֆոտո՝ «Փյունիկի» մամուլի ծառայություն


