«Բարսելոնայի» պաշտպան Ռոնալդ Արաուխոն կարող է նույնիսկ պայմանագրի ժամկետը երկարաձգելուց հետո հեռանալ ակումբից, գրում է Marca-ն:
Հունվարի 23-ին ուրուգվայցին նոր պայմանագիր էր կնքել կատալոնական ակումբի հետ: Պայմանագրի ժամկետը կգործի մինչև 2031 թվականի հուլիսի 1-ը, իսկ ֆուտբոլիստի հրաժարագինը 1 միլիարդ եվրո է:
Այդուհանդերձ, համաձայնագրում կա կետ, ըստ որի՝ հուլիսի 1-ից 10-ն ընկած ժամանակահատվածում հրաժարագինը լինելու է 70 միլիոն եվրո: Այդ կետը նախատեսված է միայն 2025 թվականի համար:
Բանակցային փուլում «Բարսելոնայի» համար կարևոր է եղել բացառել 25-ամյա ֆուտբոլիստի հեռանալն ընթացիկ տրանսֆերային պատուհանին, սակայն ամռանն Արաուխոյին հեռանալու հնարավորություն կտրվի, եթե նա նման ցանկություն ունենա:
Ռոնալդը «Բարսելոնայի» փոխավագն է: Նա «Բլաուգրանային» միացել է 2018 թվականին: