Մահացել է լուսանկարիչ, Սերգեյ Փարաջանովի թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը, նա վարակվել էր կորոնավիրուսով և ստացիոնար բուժում էր անցում… Զավեն Սարգսյանը 73 տարեկան էր, նա Փարաջանովի անձնական լուսանկարիչն էր, 1992 թվականից ղեկավարում էր Սեգեյ Փարաջանովի թանգարանը։
Զավեն Սարգսյանըի մասին…
Զավեն Սարգսյանը ծնվել է Երևանում, 1947 թվականին։ 1972 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ Սովորելուն զուգահեռ` 1969-1972 թվականներին որպես ավագ տեխնիկ աշխատել է Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտում։ Մինչև 1974 թվականը եղել է Աբովյանի «Սիրիուս» գործարանի ավագ ինժեներ։ 1974-1986 թվականներին՝ ՀԽՍՀ նախարարների խորհրդի գործերի կառավարչության արտաքին կապերի բաժնի ավագ ռեֆերենտ։ 1986 թվականին նշանակվել է Հայաստանի ժողովրդական արվեստի պետական թանգարանի տնօրեն։ Այդ պաշտոնում աշխատել է մինչև 1992 թվականը։
Լուսանկարչությամբ զբաղվել է վաղ հասակից, Սերգեյ Փարաջանովի անձնական լուսանկարիչը տարիներ շարունակ վարպետի տուն-թանգարանի հիմնադիր տնօրենն է եղել: Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Հայաստանում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Չինաստանում, Ռուսաստանում, Վրաստանում, Սերբիայում և այլ երկրներում։Պարգևատրվել է ՀՀ վարչապետի հուշամեդալով։

Փարաջանովը Զավեն Սարգսյանի՝ ապագա թանգարանի տնօրենի հետ
«Երազողներ»
Պոլիտեխնիկի ուսանողներ Հրայր Կոտոյանը, Զավեն Սարգսյանը, Հակոբ Պետրոսյանը, Երվանդ Երզնկյանը, Սլավա Բունիաթյանը, ում այնուհետև փոխարինեց Արմեն Զաքարյանը, հանրահայտ «Beatles»-ից ոգեշնչված՝ 1965 թվականին Պոլիտեխնիկում ձևավորեցին սեփական թիմ և մեկ տարի անց հանդես եկան առաջին համերգով։ Խմբի երգրպագուների բանակը կազմված էր թե՛ հայազգի, թե՛ օտար երաժշտասերներից: Խումբը հյուրախաղերով հանդես եկավ Խորհրդային միության տարբեր քաղաքներում:
1969-ին նկարահանվել է Հայկական հեռուստատեսության «Երևան» կինոմիավորման կողմից ստեղծված կարճամետրաժ վավերագրական ֆիլմը, որը կոչվում էր՝ «Երազողները»: Խումբը գոյություն է ունեցել 5 տարի՝ 1965-1970 թվականներին:

