«Կինն աշխարհ չէ եկած մինակ հաճելի ըլլալու համար։ Կինը եկած է իր խելքը, մտային, բարոյական եւ ֆիզիքական յատկութիւնները զարգացնելու համար։ Ինքզինքնին յարգող բոլոր կիներուն իտէալը միայն հաճելի ըլլալը պէտք չէ ըլլայ, այլ երկրիս վրայ գործօն բարերար տարր մը դառնալը»…
Զապել Եսայանը ծնվել է 1878թ. փետրվարի 5-ին, Կ. Պոլսի Սկյուտար թաղամասում: Նախնական կրթությունը ստացել է տեղի Սբ Խաչ վարժարանում: 1895թ. վերջերին տեղափոխվել է Փարիզ և աշխատակցել է Գվիդոն Լուսինյանի ֆրանսերեն-հայերեն բառարանին՝ իբրև սրբագրիչ և խմբագիրներից մեկը, միաժամանակ Սորբոնի համալսարանում լսել գրականության դասընթացներ: Փարիզում նա մտերմացել է հայ մտավորականների մի լայն շրջանակի հետ՝ Արշակ Չոպանյան, Երվանդ Օտյան, Էդգար Շահին, Սիամանթո և ուրիշներ:
1909թ. Կիլիկիայի հայերի ջարդից անմիջապես հետո նա Պոլսի Հայոց պատրիարքարանի հանձնախմբի կազմում մեկնել է դեպքերի վայր, ականատես եղել ազգակիցների ողբերգությանը և տպավորությունները ներկայացրել «Ավերակներու մեջ» (Կ.Պոլիս, 1911) գրքում:
Հայոց Մեծ եղեռնի տարիներին Միջին Արևելքի երկրներում Զ.Եսայանը կազմակերպել է որբերի հավաքման, նրանց խնամքի ու տեղափոխման գործը: Այդ շրջանում էլ նա գրել է «Վերջին բաժակը» (Փարիզ, 1916), «Հոգիս աքսորյալ» (Վիեննա, 1922) վիպակները, որոնցում իր վճռական բողոքն է արտահայտել հայոց ագգային մեծ ողբերգության առիթով: Զ. Եսայանը ֆրանսիական և այլ երկրների պարբերականներում տարբեր լեզուներով հրատարակել է Մեծ եղեռնի մասին բազմաթիվ հոդվածներ, մի շարք նովելներ, պատմվածքներ և ակնարկներ: Երկար ժամանակ եղել է Հայաստանի օգնության կոմիտեի Փարիզի մասնաճյուղի անդամ և աշխատակցել Փարիզում լույս տեսնող «Երևան» թերթին:
Լավագույն ստեղծագործություններից են «Նահանջող ուժերը» (Եր., 1926), «Պրոմեթեոս ազատագրված» (Մարսել, 1927), «Սիլիհտարի պարտեզները» (Եր., 1935), «Մուրադի ճամփորդությունը» (Եր., 1990) գործերը: 1933թ. խորհրդային կառավարության հրավերով Զ. Եսայանը եկել է Երևան և աշխատանքի անցել ԵՊՀ արտասահմանյան գրականության ամբիոնում՝ վարելով եվրոպական և մասնավորապես ֆրանսիական գրականության դասընթացը:
Զապել Եսայանը 1930-ականների գրական կյանքի ակտիվ մասնակիցներից էր, խորությամբ հասկանում էր տիրող մթնոլորտի ողբերգական հետևանքները և համարձակորեն պաշտպանում էր Ե. Չարենցին, Ա.Բակունցին և գրականության մյուս առաջատարներին: Ստոր մատնությունների զոհ դարձավ, բանտարկվեց ու աքսորվեց, կրեց տառապանքներ ...
Նրա գործունեությունն ընդհատվեց 1937թ., կյանքը՝ ավելի ուշ՝ 1943-ին Բաքվի բանտում:
Զապել Եսայանի մահվան ճշգրիտ հանգամանքները, ժամանակն ու վայրը մինչ օրս անհայտ են։
Ուշացած արդարությունը․․․
10 տարվա ազատազրկումը կավարտվեր 1949-ին, ուշացած արդարությունը վերականգնվում է միայն տարիներ անց։ 1956թ. Զապել Եսայանի գործի վերաբացման փաստաթղթերում Կարինե Գյուլիքեխվյանի վկայություններից բացի առկա են նաև Ստեփան Զորյանի, Գեղամ Սարյանի և Վահրամ Ալազանի վկայությունները, որոնք բոլորը բացառապես դրական, հայրենասիրական, ազնիվ լույսի ներքո են ներկայացնում Զապելին, ում «ո՛չ զրույցներում, ո՛չ հրապարակումներում որևէ հակասովետական միտում չի եղել» (Ստ․ Զորյան)։ Ելնելով այս վկայություններից և այն հանգամանքից, որ Զապել Եսայանի գործի հիմքում իր խոստովանություններից բացի որևէ այլ ապացույց չէր եղել, 1957թ․ նա արդարացվում է, և մեղադրանքը չեղարկվում է։ Պատասխանատվության են ենթարկվում 1939թ․ հունվարի 23-ին նրա դեմ կայացրած դատավճռի հեղինակները։
Դատից որոշ ժամանակ անց բանտախցում Զապել Եսայանը Կարինե Գյուլիքեխվյանին կպատմի մահապատժին սպասելու ժամերի մասին․․․ «Երբ նա գտնվել է մահապատժի ենթարկվածների խցում,- հիշել է Գյուլիքեխվյանը,- լուցկու տուփի ներսի կողմից ասեղի ծայրով սեփական արյունով գրել է, որ ինքը ոչնչում մեղավոր չէ, և որ ծանր է կյանքից հեռանալ՝ հուսալով, որ ինչ-որ մեկը կկարդա դա, ու ճշմարտությունը կհաղթանակի»․․.
Առաջադիմական հայացքների տեր կինը
Զապել Եսայանին իր առաջադիմական հայացքների պատճառով չէին ընդունում Հայաստանում, նա չուներ հեղինակություն։ Իսկ Սփյուռքը չէր ողջունում նրան՝ Խորհրդային Հայաստանին ցուցաբերած աջակցության պատճառով: Միայն վերջին տարիներին Եսայանին համարեցին 20-րդ դարի ակնառու մտավորական, գրական և հասարակական գործիչ:
Զապել Եսայանի հուշարձանը
Զապել Եսայանին նվիրված հուշարձանը գտնվում է Հայաստանի Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում:
Քանդակը տեղադրված է կամրջի վրա՝ աջ ձեռքում բռնած գիրք, որը խորհրդանշում է նրա սերը գրականության հանդեպ։ Ձախ ձեռքը բռունցք է՝ խորհրդանշելով Եսայանի մարտական ոգին ու անհնազանդ բնավորությունը։ Արձանի կամուրջ-պատվանդանը խորհրդանշում է Արևմտյան և Արևելյան Հայաստանները, որի վրա որպես կապող օղակ կանգնած է Եսայանի կերպարը։