Logo

«Ընտանիքի ղեկավարն, իհարկե, ես եմ․ որոշումներ կայացնում ենք միասին»․ Արամեի ու Աննայի անկեղծ զրույցը

00:09 / 17.12.2024Լուրեր
null

«Հերմինե դիալոգ» հաղորդման հյուրերը եղել են Արամեն և Աննա Թովմասյանը։ Թողարկման ընթացքում զույգը խոսել է կին-տղամարդ հարաբերություններից, ընտանեկան ներդաշնակությունից և այլ թեմաներից։  «Fast News Culture»-ն առանձնացրել է հաղորդման ամենակարևոր մտքերը։  

Ռուսերենից անցում հայերենի

Արամե - 20 տարի Հայաստանում եմ։ Երբ նոր էի տեղափոխվել Հայաստան, լուրեր էի նայում և ընտանիքիս անդամներին հարցնում` ի՞նչ են ասում։ Նույնիսկ ամենօրյա օգտագործման բառեր չգիտեի։ Առաջին հարցազրույցս Աննա Ավանեսյանի հետ էր։ Նա երկար հարց էր տալիս՝ ակնկալելով նման պատասխան։ Ես ասում էի` «այո» կամ «ոչ»։ Հիմա եմ հասկանում, որ այդտեղից գնացել եմ և նրանք մտածել են՝ «այս ով էր»։ Հիմա հակառակն է։ Կարող են հարց տալ և ես անվերջ կպատասխանեմ։

Ո՞վ է ընտանիքի «ղեկավարը»

Արամե - Ընտանիքի ղեկավարն, իհարկե, ես եմ։ Որոշումներ կայացնում ենք միասին։ Դա պարտադիր պայման է։ Շատ կանայք իրենց ուզածին հասնում են համոզելով, խորամանկությամբ, բայց Աննան նման բաներ չունի։

Աննա - Հղիության ընթացքում ինձ բոլորն ասում էին գոնե կարգավիճակդ օգտագործիր և ասա՝ ինչ ես ուզում։ Բայց ես նման բան չեմ արել։ Շատ անհետաքրքիր հղի եմ եղել (ծիծաղում է, - հեղ․)։ Իմ պարագայում աշխատում է «մտածիր և կունենաս» կարգախոսը։ Երբ ընկերուհիներիս որևէ բան է պետք լինում, ինձ ասում են՝ դու «վերևների հետ» լավ ես, բարեխոսիր։ Ինձ չեմ գովում, պարզապես պետք է լինել լավ, բարի և կամեցող մարդ։ Երբ Աստծուց լավ բան ես խնդրում, ստանում ես։ Մինչև այսօր Աստծուց ինչ խնդրել եմ, ունեցել եմ։

Ինչպես են փոխել մեկը մյուսին

Արամե - Ամեն ինչ այնքան սահուն է եղել, որ հիմա որևէ բան չեմ կարող առանձնացնել։ Պատասխանատու մարդ եմ եղել ամբողջ կյանքում։ Կարծում եմ՝ դա տղամարդու համար գերկարևոր հատկություն է։ Երբ ընտանիք կազմեցի, ոչ միանգամից, բայց ընթացքում  հասկացա, որ գերպատասխանատու եմ դարձել։ Աննան դրական և թեթև մարդ է։ Երևի հիմա մի քիչ ավելի հանդուրժող եմ դարձել, քանի որ երիտասարդ տարիքում ավելի ամբիցիոզ ու սկզբունքային էի։

Աննա - Ես ավելի անհանդուրժող եմ դարձել։ Ինձ համար բոլորը լավն էին։ Չէի պատկերացնում, որ մարդ կարող է խաբել, հորինել։ Հիմա, ցավոք սրտի, եկել եմ այն եզրակացության, որ այդքան էլ այդպես չէ։ Այն աշխարհում, որտեղ ես ապրում էի, ավելի լավ էր ամեն ինչ։

Երեխաներին հանրությունից հեռու պահելու և անձնականը չթաքցնելու մասին

Արամե - Երեխաներիս հարցում ծայրահեղ եմ։ Երբ Աննան չարաշահում է երեխաների հետ տեսանյութերը, անպայման նկատողություն եմ անում։ Երբևէ չեմ մտածել գաղտնի պահել անձնականս՝ երկրպագուներիս չկորցնելու համար։ Մինչև ամուսնանալս ձեռք բերեցի ճանաչում և երկրպագուհիների մեծ սեր։ Հետո պետք է կառուցեի իմ երջանկությունը։ Թաքցնել ընտանիքը կարիերայի համար՝ կարծում եմ մեծամտություն է և եսասիրություն։ Միայն շահ հետապնդող մարդը կարող է նման բան անել։

Երգը թողնելու մասին

Աննա - Երբեք չեմ նախանձել Արամեին։ Փոքր տարիքում շատ ամաչկոտ էի։ Հաճախում էի երգի, բայց տանը ամաչում էի երգել։ Միայն հայրիկիս խնդրանքով էի երգում։ Հասակակիցներս շատ ավելի ճարպիկ էին։ Մայրս մի օր ասաց՝ չես նախանձում հասակակիցներիդ։ Ասացի՝ ոչ։ Եթե նա հասել է ինչ-որ բանի, ուրեմն արժանի է։ Փոքրուց եմ այդպես եղել։ Միշտ հպարտացել եմ Արամեով։ Չեմ կարող ասել՝ փակե՞լ եմ երգի էջը, թե՞ ոչ։ Արամեն մի լավ խոսք ունի։ Ասում է՝ «ամեն ինչ իր ժամանակին տեղի կունենա»։ 

Արամե - Աննան շատ գեղեցիկ ձայն ու տեմբր ունի, բայց բացառություն չէ։ Եթե լիներ այդպիսին, ես հանցագործ կլինեի, եթե նրան չթողնեի երգել։ Ուղղակի երգեր ձայնագրել, ասել՝ «Աննա ջան, երգիր», ճիշտ չէ։ Որտե՞ղ է երգելու, հարսանիքի ժամանա՞կ։ Քանի՞ համերգ է հիմա կայանում։ Առաջին հերթին նա իմ կինն է, իմ երեխաների մայրը։ Այդ պատճառով էլ ամեն ինչ ծանրութեթև եմ անում։ Եթե որևէ բան ձեռնարկենք, կցանկանամ, որ դա լինի լավագույնը, այլապես պետք չէ լինել շարքային մեկը։

Հարցազրույց ամբողջությամբ՝

fastnews-ads-banner