Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցու բակում տեղի ունեցավ Լալա Մնացականյանի հոգեհանգիստը, որին ներկա էին սիրված դերասանուհու հարազատները, ընկերներն ու գործընկերները: Լրագրողների հետ զրույցում նրանք պատմեցին Լալա Մնացականյանի մասին:
Ըստ Աշոտ Ղազարյանի՝ Լալա Մնացականյանը ոչ միայն «Մեր բակի» ամենակարևոր գույներից էր, այլև մշակույթի կարևոր գործիչներից էր: Նրա հեռանալով պակասեց մշակութային փնջի գույներից: «Լալան մաքուր և ազնիվ մարդ էր: Չեմ լսել նրանից, որ որևէ առողջական խնդիր ունենար, ասեր` մի տեղս ծակում է, միշտ ծիծաղը դեմքին էր, ուրախ: «Մեր բակի» սցենարից դուրս այնքան էսպերիմենտներ էր անում, սցենարիստը գալիս, ասում էր` ինչ է խոսում, նման բան սցենարում չկա, բայց լավ է ասում: Լալան մեծ մարդ էր, մեծ հայ էր, լավ էլ մեծ ցավ պատճառեց մեզ: Լալան ինձ ու Հրանտին որբացրեց», - նշեց Աշոտ Ղազարյանը:
Հարություն Մովսիսյանը պատմեց՝ պիտի հանդիպեր Լալա Մնացականյանի հետ, կարոտել էր, բայց եղավ զարհուրելի դեպքը: «Լալային սիրողներին ցանկանում եմ, որ նրա հիշատակը միշտ պահեն իրենց մեջ: Նա պրոֆեսիանալ դերասան էր և լավ մարդ: Նա նաև ռեժիսոր էր, լավ նկարում էր: Նրա կողքին ժամանակն արագ էր անցնում», - պատմեց դերասանը:
Զառա Արամյանը խոստովանեց՝ Լալա Մնացականյանի մահվան լուրը լսելիս այնքան է լացել՝ ուժեղ գլխացավ ունի: «Սա սարսափելի մեծ վիշտ է և´ թատերական աշխարհի, և´ կինոաշխարհի համար: Ամեն օր ասում էր` ես առողջ ապրելակերպով եմ ապրում: Երկուսս էլ սրտի խնդիր ունեինք, բայց նա գնաց: Լալային միշտ սիրել են ու կսիրեն», - ասաց դերասանուհին:
Վաչե Երիցյանը Լալա Մնացականյանի ուսանողներից է եղել: Դասախոս-ընկերոջը ճանաչում էր 2012 թվականից: «6 տարի միասին խաղացել ենք «Մայրը» ներկայացումը: Ես նրա փոքր տղայի դերում էի: Հյուրախաղերով շրջագայել ենք: Նրա հետ շփվելիս տպավորություն էր՝ նույն տարիքի ենք: Երջանիկ եմ, որ ճանաչել եմ նրան: Նա մեկ բնութագիր ուներ՝ կյանքը սիրող, կենսուրախ և ամենակարևորը «մարդ»: Վերջին անգամ տիկին Լալային տեսել եմ թատերական ինստիտուտի մոտ: Մեքենայով էի, ձեռքով արեց, ասաց գնա՛, գնա՛, չտուգանվես», - վերհիշեց Վաչեն:
Արտյոմ Մարկոսյանը չի պատկերացնում, որ Լալա Մնացականյանն այլևս չկա ու չի լինելու: «Լալան թե՛ բեմում, թե՛ կյանքում նույն բարի, անկեղծ ու էներգիայով լի մարդն էր: Նման մարդիկ միշտ կան, հոգեպես մեզ հետ են մնում: Երբ նման գույները պակասում են մեր կյանքից, հասկանում ես, որ նրանց տեղը ոչ ոք չի լրացնի, - ընդգծեց Արտյոմը: