Logo

Ովքեր են Ալեքսանդր Թամանյանի ընտանիքի անդամներն ու հետնորդները (լուսանկարներ)

Հեղինակ
Նարինե Մելիքյան
00:00 / 04.03.2025Լուրեր
null

Ալեքսանդր Հովհաննեսի Թամանովը (Թամանյանը) ծնվել է 1878-ի մարտի 4-ին Ռուսաստանի կայսրության Եկատերինոդար (այժմ՝ Կրասնոդար) քաղաքում հայ բանկային ծառայող Հովհաննես (Իվան) Միրոնովիչ Թամանյանցի (1838-1930) և նրա կնոջ՝ Մարիա Էմանուիլովնա Տերտերյանի (1850-1925) մեծ ընտանիքում: Հովհաննես Միրոնի նախնիները Արևմտյան Հայաստանի Տրապիզոնից էին։ Ցեղասպանությունից էին փախել Ռուսաստան։

Ալեքսանդ Թամանյանի կրտսեր քրոջ՝ Մագդալինա Թամանյան-Շաուսենի հուշերից

«Եղբայրս գնաց Սանկտ Պետերբուրգ՝ սովորելու։ Այնտեղ իր տաղանդով և քրտնաջան աշխատանքով հասավ ամեն ինչի: Մի երեկո, թերթելով իր հայկական պատմական ճարտարապետության մասին գիրքը, Սաշան իր ընկեր Եվգենի Շրեթերին ասաց՝ «Կտեսնեք՝ ապրելու ու կառուցելու եմ Հայաստանում»: Այս խոսքերը ավելի ուշ իրականացան: Սիրելով իր արվեստը, եղբայրս այն նույնացնում էր երաժշտության հետ, ասելով՝ «Ճարտարապետությունը քարե երաժշտություն է»: Իսկ նա սիրում էր երաժշտությունն իր ամբողջ էությամբ և միշտ համերգներ գնալու ժամանակ էր գտնում: Իսկ որքան էլեգանտ և գեղեցիկ էր նա պարում պոլկա: Նրա հետ պարելը շատ հաճելի էր: Հիշում եմ նաև, որ սիրում էր ինքնաեռից շատ քաղցր թեյ խմել: Նա շատ էր սիրում գրականությունը, հատկապես՝ Ալեքսանդր Պուշկինի, Գրիբոյեդովի և Կռիլովի ստեղծագործութունները:
Մեր ծնողներն ունեին 12 երեխա, որոնցից 8-ը մեծացան․ 5 տղաները՝ Միրոնը, Գրիգորը, Սերգեյը, Ալեքսանդրը և Էմանուելը և 3 աղջիկները՝ Մագդալինան, Եվգենիան ու Օլգան: Եղբայրս Ալեքսանդրը մեր ընտանիքի չորրորդ որդին էր»:

 

«Չեմ հիշում որևէ դեպք, երբ Ալեքսանդրի որևէ գործողություն վրդովեցներ մեր ծնողներին: Ընդհակառակը, նա օրինակելի երեխա էր: Նա ինձնից 2 տարի մեծ էր։ Շատ էր սիրում, երբ մայրիկը իրեն ինչ-որ ցուցումներ էր տալիս։ Նա դրանք շատ ճշգրիտ կատարում էր: Սաշան շատ հնարամիտ ու ընկերասեր երեխա էր։ Կարող էր շատ պարզ բացատրել ամենադժվար բանը: Նա իմ առաջին ուսուցիչն էր։ Ինձ սովորեցրեց կարդալ և գրել: Եղբայրս վաղ տարիքից շատ լավ էր նկարում, ինչը գրավեց իր նկարչության ուսուցիչ Ալեքսանդր Կուրոչկինի ուշադրությունը: Ալեքսանդրը, ինչպես մեր ընտանիքի բոլոր անդամները, շատ էր սիրում երաժշտությունը և շատ լավ երաժշտական ունակություններ ուներ: Տարրական դասարանից նա դպրոցի փողային նվագախմբում կորնետ էր նվագում: Հասուն տարիքում նա ուներ թավ բարիտոն։ Հաճախ աշխատանքի ընթացքում սիրում էր հանրահայտ օպերաներից արիաներ երգել: Կոմպոզիտորներից շատ էր սիրում Գլինկաին, Ռիմսկի-Կորսակովին, Բորոդինին, Բեթհովենին, Վագներին, Շոպենին, Գրիգին և շատ ուրիշներին:
Ալեքսանդրը շատ կենսուրախ էր, սրամիտ, շփվող, հիանալի հումորի զգացումով: Շատ բարի էր, միշտ օգնում էր բոլորին: Չնայած՝ մեր ծնողներն ապրում էին տարբեր քաղաքներում, եղբայրս միշտ հասցնում էր գոհացնել նրանց և ամեն ամիս ֆինանսապես հոգ էր տանում նրանց մասին»:


Ալեքսանդրը հոր՝ Հովհաննեսի և  մոր՝ Մարիայի հետ

«Եթե ճարտարապետ չդառնայի, կդառնայի  դիրիժոր»

«Հայաստանում շատ զբաղված էր։ Աշխատում էր մինչև ուշ գիշեր։ Երբեք արձակուրդ չէր վերցնում: Չափազանց նվիրված էր իր աշխատանքին։ Նաև շատ հոգատար եղբայր էր: 3 քույրերին (այդ թվում՝ ինձ) նա խնդրեց տեղափոխվել Երևան և իր ընտանիքի հետ ապրել փոքրիկ բնակարանում: Ամեն հինգշաբթի երեկո ընկերները այցելում էին Թամանյաններին։ Եղբայրս կարևոր մարդ էր, բայց ապրում էր ծայրաստիճան համեստ: Երբ մարդիկ հարցնում էին, թե ինչու հարմարավետ տուն չունի, Ալեքսանդրը պատասխանում էր՝ «Ինչ արած, Երևանում կյանքի պայմաններն այսպիսին են»: Երբ Ալեքսանդրը Օպերային թատրոնն էր նախագծում, ասաց՝ «Միգուցե ես երբեք չեմ անցնելու թատրոնի կողքով»: Եվ այդպես էլ եղավ: Եղբայրս կյանքից հեռացավ իր 58-ամյակից քիչ առաջ և չտեսավ իր գլուխգործոց Օպերային թատրոնը: Նրա դիակը բերեցին և դրեցին թատրոնի 1 մետր բարձր պատի մոտ: Ցավալի է, որ նա մեզ հետ չէ հիմա, երբ Երևանն ամեն օր ավելի գեղեցիկ է դառնում: Ամեն քայլափոխի մենք կարող ենք զգալ Թամանյանի ստեղծագործության պտուղները»:

Ալեքսանդր Թամանյանի կինը՝ Կամիլլա Թամանյան, ակադեմիկոս Նիկոլայ Բենուայի թոռը

Ալեքսանդր Թամանյանի կինը՝ Կամիլլա Մատվեյի Թամանյանը (Էդվարդսը) սերում էր 2 նշանավոր տոհմից՝ ֆրանսիական Բենուա և իտալական Կավոս ընտանիքներից:
1904-1906 թվականներին Ալեքսանդր Թամանյանը աշխատում էր Սանկտ Պետերբուրգի Սուրբ Կատարինե Հայ Առաքելական եկեղեցու վերակառուցման վրա: Ալեքսանդր և Կամիլլայի պսակը տեղի ունեցավ նույն եկեղեցում 1908-ին:

«Մեր առաջին իսկ հանդիպմանը Թամանյանն ինձ վրա թողեց մեծ տպավորություն, բարձրահասակ, համակրելի, ինքնատիպ դիմագծեր, սպիտակ գեղեցիկ ատամնաշար, սև մազեր, որով նա այնքան տարբերվում էր իր ռուս ընկերներից», - պատմել է Կամիլլան։
Թամանյանների երջանիկ ընտանիքում ծնվեց 4 երեխա՝ ավագ դուստրը Մարիան 1908-ին, որդին Գևորգը 1910-ին, դուստրը Վարվարան 1916-ին և կրտսեր որդին Հուլիոսը 1922-ին:

Ալեքսանդրը և Կամիլլան դստեր՝ Մարիայի և որդու Գևորգի հետ, 1914 թ․

1917-ի սեպտեմբերին, ընտանիքը պաշտպանելու համար, Ալեքսանդր Թամանյանը նրանց տեղափոխեց Անապա: Նա մնացել և աշխատում էր Սանկտ Պետերբուրգում: 1919-ին նախ մեկնեց Անապա, այնուհետև Հայաստան՝ հայրենիքը՝ Առաջին Հայկական Հանրապետությունը ոտքի կանգնեցնելու նպատակով: Նա անխոնջ աշխատում էր անկախ Հայաստանի մայրաքաղաք` Էրիվանի (Երևանի) գլխավոր հատակագծի նախագծման և բազմաթիվ այլ հրատապ խնդիրների վրա: 1919-ին Հայաստանում տեղի ունեցավ իշխանափոխություն: Անապայից նամակները չէին հասնում Հայաստան և ակադեմիկոսը ոչինչ չգիտեր իր ընտանիքի մասին: Մինչդեռ Անապայում, Կամիլլա Թամանյանը ոչինչ չգիտեր իր ամուսնու մասին: Ընտանիքը պահելու համար նա խմորեղեն էր թխում: Մեծ դժվարությամբ Կամիլան հասավ Հայաստան՝ վաճառելով այն ամենը, ինչ ունեին: Հասան Ալավերդի, 3 օր մնացին երկաթուղային կայարանում: Բախտի բերմամբ Ալավերդի ժամանեց Հայաստանի Առաջին Հանրապետության ղեկավարներից Լևոն Շանթը: Կայարանի պատասխանատուն նրան զեկուցեց Թամանյանի ընտանիքի մասին և պարոն Շանթը անմիջապես Կամիլլա Մատվեևնային և երեխաներին հրավիրեց իր կառք: Գնացքը կանգ առավ Ալեքսանդրապոլում (այժմ՝ Գյումրի)։ Թամանյանը հենց այնտեղ էր աաշխատում: Ակադեմիկոսը գնաց կայարան տեսնելու՝ ով է եկել և... ջերմ գրկախառնություններ, արցունքներ, ուրախություն, երջանկություն: Թամանյանների ընտանիքը վերամիավորվեց 1920-ին: 1921-ի ապրիլին, Հայաստանում ռազմական վտանգավոր իրավիճակի պատճառով, Թամանյանների ընտանիքը տեղափոխվեց իրանական Թավրիզ: Տեղափոխվելուց անմիջապես հետո ավագ դուստրը՝ Մարիան, հիվանդացավ և 13 տարեկանում մահացավ: 1922-ին կրտսեր որդին ծնվեց՝ Հուլիոսը: Այդ ժամանակ Հայաստանի խորհրդային նոր կառավարությունը պաշտոնական հրավերներով հորդորում էր Թամանյանին վերադառնալ Հայաստան՝ իր մասնագիտությամբ աշխատելու: Թամանյանների ընտանիքը Հայաստան վերադարձավ 1923-ի մարտին: Կարելի է ասել, որ Երևանը «մաքուր կտավ էր» որտեղ Մաեստրոն ուզում էր ստեղծել իր երազած քաղաք-պարտեզը ապագա սերունդների համար:
Կամիլլա Մատվևնան ազնվորեն դիմանում էր բոլոր դժվարություններին: Նա ոգևորությամբ և վճռականությամբ ընդունեց նոր կյանքը Երևանում և ստեղծեց հյուրընկալ տուն, որտեղ ամեն հինգշաբթի երեկոյան գալիս էին մեծանուն նկարիչները, գրողները, երգիչները, ճարտարապետները և մշակույթի, արվեստի ու գիտության այլ գործիչներ: Հայ անվանի բանաստեղծ և գրող Ավետիք Իսահակյանը իր «Ի հիշատակ անզուգական Թամանյանի» հուշերում գրել է․ «Թամանյան ամուսինները հայտնի էին իրենց ջերմ հյուրընկալությամբ: Նրանք իրենց տունը վերածեցին Երևանի ամենագրավիչ հանդիպման և զրույցի վայրի: Հյուրերը սովորաբար հեռանում էին խոր բավարարվածության զգացումով և անհամբեր սպասում էին նման երեկոյի: Ինչ անմոռանալի պահեր, ինչ քաղցր հուշեր»: 

1934-ին ընտանիքին հարվածեց մեկ այլ մեծ վիշտ։ Նրանց սիրելի դուստրը՝ 18-ամյա տաղանդավոր դաշնակահար Վարվառան, ով ուներ մեծ ապագա, մրսելուց հետո բարդություն ստացավ և մահացավ: Ալեքսանդր Թամանյանի առողջությունը կտրուկ վատացավ՝ հատկապես նրա տեսողությունը: Ամեն օր անկախ եղանակից, նա այցելելում էր 2 դստեր գերեզմաններին: Թամանյանին կիսամեռ վիճակից դուրս բերելու համար նրան ուղարկեցին Մոսկվա, սակայն չմնաց այնտեղ ու վերադարձավ։ Վերադառնալուն պես, ձմռան մի ցուրտ օր, նա այցելեց դստրերի գերեզմաններին, հիվանդացավ և մահացավ թոքաբորբից՝ 1936-ի փետրվարի 20-ին։ Նրա ծրագրերից շատերն իրականացրել են նրա տաղանդավոր որդիները՝ ճարտարապետներ Գևորգ և Հուլիոս Թամանյանները, ինչպես նաև Թամանյանական ճարտարապետական դպրոցի ճարտարապետները, շրջանավարտները և գործընկերները, ովքեր տարիներ շարունակ աշխատել էին Վարպետի հետ:
Կամիլլա Մատվեևնա Թամանյանը ապրեց ևս 6 տասնամյակ, մահացավ 1964-ին, շրջապատված իր երկու որդիներով, հարսերով, թոռնիկներով և ծոռնիկներով: Նա իր աչքերով տեսավ իր սիրելի ամուսնու ճարտարապետական նմուշները:

Ալեքսանդր Թամանյանը դստեր՝ Վարվառայի հետ

Գևորգ և Հուլիոս Թամանյաններ՝ Ալեքսանդր Թամանյանի տաղանդավոր ճարտարապ որդիները

Գևորգը և Հուլիոսը մանկությունից հետաքրքրված հոր գործենեությամբ։ Տղաները լսում էին իրենց հոր ստեղծագործական ծրագրերի պատմությունները, տեսնում էին ապագա շենքերի դասավորությունները և ականատեսն էին դառնում դրանց իրականացմանը: Նրանց աչքերի առաջ կառուցվում էին Երևանի հիդրոէլեկտրակայանը, Կառավարական տունը, Ժողովրդական տունը (թատրոնը), Անասնաբուժական ինստիտուտը և բազմաթիվ այլ շենքերը: Նրանց տունը այցելում էին Մարտիրոս Սարյանը, Թորոս Թորամանյանը, Գեորգի Յակուլովը, Մարիետա Շահինյանը, Ալեքսանդր Սպենդիարյանը, Ավետիք Իսահակյանը, Այծեմիկ Ուրարտուն (քանդակագործ) և շատ այլ հայտնի մարդիկ: Գևորգը և Հուլիոսը լսում էին նրանց խոսակցությունները, ուսումնասիրում էին Երևանի գլխավոր հատակագիծը, որը կազմել էր իրենց հայրը:
Երկուսն էլ ավարտել են Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետական ֆակուլտետը։ Երկուսն էլ որոշեցին շարունակել և զարգացնել իրենց հոր սկսածը, որը նա իր մահվան պատճառով չէր ավարտել: Գևորգ Թամանյանը իր վրա վերցրեց Կառավարական տան և Օպերայի և բալետի թատրոնի շինարարության շարունակման մեծ գործը: Արամ Խաչատրյան համերգասրահի համար երևանցիները պարտական են նրան: Գուցե ոչ բոլոր ուսանողներն ու հետազոտողները, ովքեր այցելում են Մյասնիկյանի հանրապետական գրադարանը և գրքերի պահեստավորումը, գիտեն, որ հայրն ու որդին Թամանյանները նախագծել են այդ շենքերը:

Ճարտարապետ Գևորգ Թամանյանի շինությունները՝
Արամ Խաչատրյան համերգասրահ
«Նաիրի» կինոթատրոն
Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոց
Խաչատուր Աբովյանի հուշարձան

Գևորգ Թամանյանը

Հուլիոս Թամանյանը մեծանուն հորից ժառանգել էր հնության հանդեպ մեծ սեր: Ալեքսանդր Թամանյանը, որպես Պատմական հուշարձանների պահպանության կոմիտեի նախագահ, մեծ աշխատանք էր կատարել դրանք ուսումնասիրելու և վերականգնելու ուղղությամբ: Հուլիոսն էլ այցելել է Հայաստանի գրեթե բոլոր մարզերը՝ պատմական հուշարձաններին ծանոթանալու համար: Նա արձանագրել է, չափագրել է և ուսումնասիրել է դրանք: Նա ստեղծել է վերականգնման նախագծերը և վերահսկել է վերանորոգման աշխատանքները: Գոշավանքը, Մշկավանքը,Աշտարակի 5-րդ դարի տաճարը և հայ ժողովրդի բազմաթիվ այլ շինությունները խնամքով վերականգնվել են Հուլիոս Թամանյանի մասնակցությամբ: 

Յուլի Թամանյանի մասնակցությամբ վերականգնված հուշարձանների ցանկը երկար է, կներկայացնենք մի քանիսը

Գնդեվանք, կառուցվել է 936-ին, Ջերմուկ հանգստավայրի հարևանությամբ
Բջնի Սուրբ Սարգիս եկեղեցի, 7-րդ դար
Ամբերդի (Վահրամաշեն) եկեղեցի, Ամբերդ ամրոց 11-րդ դար, Արագած լեռան լանջերին
Ամբերդ ամրոցի բաղնիք, 11-րդ դար: Աշխատանքը սկսվել է 1972-ին, վերականգնվել է 2005
Գոշավանք, 12-13-րդ դդ, Իջևանի շրջան
Վահանավանքի Աստվածածին եկեղեցին կառուցվել է 1086-ին, վերաբերում է երկհարկանի եկեղեցիների տեսակին
Այրիվանք, 4-13-րդ դդ, Կամոյի շրջան, կառուցված է Սևանա լճի ժայռոտ ափին
Մաքրավանք, 13-րդ դ, Հրազդանի տարածաշրջան
Թարգմանչաց վանք, Էջմիածնի շրջանի Այգեշատ գյուղում
Հաղարծնի վանք, 10-11-րդ դդ, Դիլիջան քաղաքի մոտակայքում
Զվարթնոց հնագիտական վայրի վերակառուցման մի քանի նախագիծ 1950-1960 թվականներին

Յուլի Թամանյան

Ալեքսանդր Գևորգի Թամանյան՝ Ալեքսանդր Թամանյանի թոռը

Ալեքսանդր Գևորգի Թամանյանը (1942-2005) մեծ հայրենասեր էր, ինչպես իր հայրը՝ Գևորգը և պապը՝ փայլուն ճարտարապետ ակադեմիկոս Ալեքսանդր Թամանյանը: Ալեքսանդրը տաղանդավոր և հայտնի ֆիզիկոս էր, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, 75 գիտական աշխատությունների հեղինակ և համահեղինակ, 1965-ից՝ Երևանի ֆիզիկայի ինստիտուտի գիտաշխատող, 1972-ից՝ հազվագյուտ ռադիոակտիվ տրոհումների ստորերկրյա լաբորատորիայի վարիչ։ Նա նույն ինստիտուտի լազերային լաբորատորիայի հիմնադիրն էր 1990 թվականների վերջին։ Ալեքսանդրը Արցախյան ազատամարտի հերոս է (1991-1994): Պարգևատրվել է «Արիության» մեդալով և «Արծիվ-մահապարտ» հուշամեդալով:

Ալեքսանդր Թամանյան կրտսեր

Գագիկ Յուլիի Թամանյան՝ Ալեքսանդր Թամանյանի թոռը

Գագիկ Թամանյանը՝ Հուլիոս Թամանյանի ավագ որդին, Մոսկվայի Մ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու է, դոցենտ և մինչ կենսաթոշակի անցնելը աշխատել է Երևանի պետական համալսարանում, Ավստրալիայի Մելբուռնի և Մեծ Բրիտանիայի դպրոցներում: Իր մեծանուն պապիկից ժառանգել է մեծ սեր դասական երաժշտության և երգելու հանդեպ: Գագիկը 11 տարի շարունակ Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի անդամ էր՝ մաեստրո Հովհաննես Չեքիջյանի ղեկավարությամբ: Մելբուռն ներգաղթելուց հետո, Գագիկը կամավոր 9 տարի աշխատել է «Զվարթնոց» հայկական եկեղեցական երգչախմբի դիրիժոր, իսկ իր կինը՝ Թաքուհի Թամանյանը (Վարդանյան) աջակցել է երգչախմբին որպես նվագակցող: «Զվարթնոց» երգչախումբը մեծ հաջողությունների հասավ և պատիվ ունեցավ ելույթ ունենալ հենց ինքը` մեծանուն մաեստրո Հովհաննես Չեքիջյանի հետ, ում Գագիկը 2003-ին հատուք հրավիրել էր Մելբուռն` Երգչախմբի ամենամյա համերգի համար: Գագիկ Թամանյանը 7․5 տարի ղեկավարել է նաև Լոնգոնի Սուրբ Սարգիս եկեղեցու երգչախումբը:

Գագիկ Թամանյան

Գայանե Գևորգի Թամանյան-Քարամյան՝ Ալեքսանդր Թամանյանի թոռնուհին

Խոշոր նախագծեր՝

Երևանի թիվ 1 Կառավարական տան վերակառուցում և հիմնանորոգում
Երևանի Ա. Խաչատրյանի անվան համերգասրահի հիմնանորոգում
Երևանի խորեոգրաֆիկ դպրոցի շենքի ընդլայնում
Երևանի Լենինյան թաղամասում հանրախանութի շենքի ընդլայնում
Ակումբ Սոսում

Գայանե Թամանյան-Քարամյան

fastnews-ads-banner