Logo

«Մեզանից վերջինները» սերիալը` լավագույն խաղային էկրանավորում

Հեղինակ
Արման Գասպարյան
16:35 / 24.03.2023Սերիալներ
Բացառիկ
Մեզանից վերջինները

Կինոն վերջապես սկսել է լուրջ ընդունել համակարգչային խաղերը, ինչի արդյունք դարձավ այս տարվա լավագույն սերիալներից մեկը (եթե ոչ լավագույնը)։ Խաղային աշխարհը ստիպված էր բավականին երկար ու բարդ ճանապարհ անցնել` համոզելու համար կինեմատոգրաֆիստներին, որ համակարգչային խաղերը վաղուց արդեն պարզագույն ժամանց չեն, այլ բարդ, կոմպլեքսային արվեստի գործեր, որոնք ներառում են ոչ միայն կինոյին հատուկ էլեմենտներ` պատմություն, ռեժիսուրա, օպերատորական աշխատանք, դերասանական խաղ, այլև այն, ինչ կինոն չի կարող ապահովել. հանդիսատեսի անմիջական մասնակցությունը պատմության ընթացքին, նրա ներգրավվածությունն ու ազդեցությունը հերոսների ճակատագրի վրա։

Ցավոք, մինչ այժմ կինոն այնքան էլ լավ չէր հասկանում խաղերը։ Կուլտային գլուխգործոցներն էկրաններ տեղափոխվելիս կորցնում էին բացարձակապես ամեն ինչ` վերածվելով միջակ, արագ մոռացվող փոփքորնային աղբի։ Պատճառը` խաղի հաջողությունից կարկանդակի իրենց կտորը ցանկացած միջոցով պոկել ուզող պրոդյուսերների ագահությունն էր, խաղային կոնցեպտը չընկալող սցենարիստների կարճատեսությունն ու խաղերը ցածր ժանր համարող ռեժիսորների գոռոզությունը, որոնք վստահ էին, որ կարող են ավելի լավ անել, բայց միշտ անում էին շատ վատ։ 

HBO-ի «Մեզանից վերջինները» (The Last of Us) սերիալը կոտրեց այս անիծված շրջանն ու արեց դա այնպիսի աղմուկով, որ այսուհետ խաղ ստեղծողները տասն անգամ կմտածեն, մինչև իրենց զավակին կինեմատոգրաֆիստներին վստահելը, իսկ կինեմատոգրաֆիստները հարյուր անգամ մտածելու են, մինչև որևիցե խաղի երկրպագուներին հերթական անգամ զայրացնելը։ Իսկ հաջողության բանաձևը մեկն է. ոչ միայն խաղի էկրանավորումը վստահել տաղանդավոր մարդկանց, այլև սահմանել խիստ վերահսկողություն։ Ու վերահսկողը պիտի լինի ամենասրտացավ մարդն այս իրավիճակում` խաղի «հայրը»։  

Մենք դիտել ենք «Մեզանից վերջինները» սերիալի առաջին սեզոնն ու ներկայացնում ենք տպավորությունները։ Սերիալն արդեն երկարացվել է երկրորդ սեզոնով, վստահ ենք` կլինի նաև երրորդը, որովհետև երկրորդ խաղը բավականին մեծ է` երկու լիարժեք սեզոնում տեղավորելու համար։ 

2003թ․-ին աշխարհում մոլեգնող սնկային վարակը, որը մարդկանց վերածում է ագրեսիվ ու անգիտակից զոմբիների, շատ արագ ոչնչացնում է մարդկության մեծ մասին։ Մնացածը կամ ապրում են կառավարությունների ձևավորած դիկտատուրայի ներքո, կամ պայքարում են այդ դիկտատուրայի դեմ, կամ էլ զբաղվում են ավազակությամբ ու թալանով։ Գլխավոր հերոսը` Ջոելը (Պեդրո Պասկալ) պետք է Բոստոնի կոմունայից Մասաչուսեթսի կապիտոլիում տեղափոխի դեռահաս աղջկա` Էլլիին (Բելլա Ռամսի)` ճանապարհին փորձելով խուսափել թե՛ վարակվածների, ու թե՛ կենդանի մարդկանց հետ բախումից։ 

Սերիալի մասին կպատմենք` գրեթե առանց խաղին հղում անելու, միայն նշենք, որ խաղի հեղինակ Նիլ Դրաքմանը, որն այստեղ հանդես է եկել թե՛ որպես շոուռաներ, թե՛ որպես պրոդյուսեր, սցենարի հեղինակ ու էպիզոդներից մեկի ռեժիսոր, կարողացել է սերիալում պահպանել խաղի կարևոր դրվագներն ու փոխել այն, ինչ կինոյի լեզվով ավելի տպավորիչ կլինի փոփոխված տեսքով. արդյունքում ստացվել է իդեալական բալանս սկզբնաղբյուրին հավատարիմ լինելու ու նորարարության միջև։ 

Մյուս շոուռաները` «Չեռնոբիլ» (Chernobyl) սերիալի հեղինակ Քրեյգ Մեյզինը, պատասխանատու է եղել խորը դրամատիզմով ու հարուստ խաղը է՛լ ավելի դրամատիկ ու համոզիչ կինոլեզվի փոխանցելու համար։ Մեյզինը, որպես «կենցաղային սասփենսի» մեծ վարպետ, արդեն պիլոտային էպիզոդում կառուցում է փլուզվող աշխարհի ու սրընթաց ոչնչացող քաղաքակրթության այնպիսի հյութեղ պատկեր, որ ապոկալիպտիկ ցանկություններ ունեցող մարդիկ անգամ սարսափից կառչելու են աթոռի բռնակներին։

Մնացյալ պատմությունը` անշտապ, ավելի շատ նման Ջոն Հիլքոութի «Ուղուն» (The Road), քան դասական զոմբի պոստապոկալիպտիկների, սկզբում կանցկացնի հանդիսատեսին Ջոելի անձնական դժոխքով, իսկ հետո` էլի ու էլի առանձին մարդկանց դժոխքներով, որոնք, սերտաճելով, վերածվել են մեկ, ամունակուլ սուպերդժոխքի, որը սնվում ու մեծանում է մարդկային քաղաքականության մոխրի վրա։ 

Հեղինակները միտումնավոր խուսափում են վարակվածներին (քլիքերներին) առատորեն ցուցադրելուց` կենտրոնանալով մարդկանց վրա, որպես զգեստապահարանի դռան հետևում թաքնված իրական հրեշներ պատկերելով մարդկանց, որոնք քաղաքականության անկումից հետո կորցնում են ամեն մարդկայինը։ Միաժամանակ, առանձին խիստ էմոցիոնալ էպիզոդների, կամ գլխավոր հերոսների միջև առաջացող կապվածության պատկերման միջոցով Մեյզինն ու Դրաքմանը պատմում են մեռած աշխարհի մարմնում ապրող հույսի մասին։ Թե ինչի՞ այն կվերածվի, արդյո՞ք դրա հետևում հերթական հրեշավոր երախն է, թե՞ աշխարհը դեռ կարելի է փրկել, կիմանաք սերիալը դիտելով։ 

«Մեզանից վերջինները» թանկարժեք, ամբիցիոզ, հիանալի նկարված, մեծ վարպետությամբ խաղացված սերիալ է, որին կարելի է միայն ու միայն հաջողություն մաղթել։ 

fastnews-ads-banner