Հուլիսի 10-ին «Ոսկե ծիրանում» ցուցադրվեց Էդգար Բաղդասարյանի «Յաշան և Լեոնիդ Բրեժնևը» ֆիլմը: Ամիսներ առաջ «Անահիտ» մրցանակաբաշխության «Լավագույն սցենար», «Լավագույն ռեժիսոր», «Լավագույն օպերատոր», «Լավագույն դերասան» և «Լավագույն հնչյունային ձևավորում» անվանակարգերում հաղթած ֆիլմը պատմում է Յաշա Մալայանի մասին: Նրա ճակատագիրը սովորական խորհրդային բանվորի տրագիկոմիկական պատմություն է: Յաշան ամբողջ կյանքում հավատարիմ ծառայել է ինչ-որ անշուք արտադրամասում, իսկ հիմա չի կարողանում հարմարվել փոխված իրողություններին։ Նա շարունակում է ապրել մի երկրում, որն այլևս գոյություն չունի։ Մեռածները շարունակում են թաղել ապրողներին:

Էդգար Բաղդասարյանը խոստովանել է՝ այսպիսի ֆիլմ նկարահանելու մտադրություն ունեցել է 8 տարի առաջ։ «Ֆիլմում շատ բան համընկել է վերջին իրադարձությունների հետ։ Որոշ բաներ փոփոխվել են, սակայն մի բան անփոփոխ է: Այն, որ մենք ապրում ենք խեղաթյուրված գիտակցությամբ։ Դա հենց այն է, ինչ պատահել է ֆիլմի հերոսի հետ: Նրան փայլուն մարմնավորել է Մայիս Սարգսյանը»,- նշել է ֆիլմի ռեժիսոր և սցենարի հեղինակ Էդգար Բաղդասարյանը: Նրա խոսքով՝ Յաշայի նախատիպն իր աներն է, որի անունը Յակով է եղել։ Յաշայի կնոջ՝ Նադյայի նախատիպն էլ իր զոքանչն է։
Ֆիլմի պրոդյուսերը Կարինա Սիմոնյանն է, օպերատորը՝ Սուրեն Թադևոսյանը, նկարիչներն են՝ Արտյոմ Բաղդասարյանն ու Տիգրան Առաքելյանը: Կոմպոզիտորը Անդրանիկ Բերբերյանն է, հնչյունային ձևավորողը՝ Տիգրան Կուզիկյանը, մոնտաժողները՝ Նարեկ Խաչատրյանը և Ալեքսանդր Բաղդասարյանը։ Նկարահանվել են Ռուզաննա Խաչատրյանը, Լիլիթ Սալնազարյանը, Արսեն Չաչոյանը, Ավիտալ Լվովան, Նազիր Ժուկովը, Սամեդ Մանսուրովը, Գեորգի Էնգելգարդը։



