Logo

Ողնաշարի ճողվածք, 20 տարի չկտրած մազերի կտրում, քաշի ավելացում. բացառիկ հարցազրույց «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմի դերասանների հետ (տեսանյութ)

Հեղինակ
Նարինե Մելիքյան
22:30 / 10.09.2024Լուրեր
Բացառիկ
null

Սեպտեմբերի 12-ին տեղի կունենա «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմի պրեմիերան: Կինոնկարի սցենարիստը, ռեժիսորն ու գլխավոր դերակատարը Աննա Մաքսիմն է: «Fast News Culture»-ի հետ զրույցում Աննան նշեց, որ ֆիլմի գաղափարը ծագել է 2022 թվականի հոկտեմբերի 29-ին: Այդ օրը դերասանուհին մարզադահլիճում վնասել է մեջքն ու անմիջապես մտածել մարզումը դադարեցնելու մասին: Նույն պահին հիշել է այն մարզիկներին, ովքեր չնայած վնասվածքներին, չեն հանձնվել և հաջողել են: Վառ օրինակը Նազիկ Ավդալյանն էր: Հենց այդ պահին էլ ծագել է Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնի մասին ֆիլմ նկարահանելու գաղափարը: Ֆիլմի ամենակարևոր ասելիքն այն է, որ մենք գործ չունենք կարիերիստ կնոջ հետ, այլ գործ ունենք կնոջ հետ, ով գնում է իր առաքելության հետևից՝ ոչնչի առջև չկանգնելով», - ընդգծում է Աննան:

Նազիկ Ավդալյանը խոստովանում է՝ իր մասին ֆիլմ նկարահանելու բազմաթիվ առաջարկներ է ստացել: «2009 թվականին, երբ դարձա Աշխարհի չեմպիոն, ֆիլմ նկարելու տարբեր առաջարկներ եղան, բայց տարբեր պատճառներով չնկարահանվեցին: Երբ Աննան զանգեց ինձ, և՛ նրա էներգետիկան, և՛ նպատակասլացությունը, և՛ պատասխանատվության զգացումը առաջին անգամից զգացի: Դա ինձ վստահություն ներշնչեց, որ ուզում եմ նկարահանվի ֆիլմ իմ մասին», - անկեղծանում է Նազիկը:

Աննան և Նազիկը հանդիպում են: Դերասանուհին ներկայացնում է իր ծրագիրը: Հանդիպման հաջորդ իսկ օրը 2 «Նազիկները» սկսում են մարզումները: Այսօր գյումրեցի արդեն նախկին ծանրորդը խոստովանում է՝ մտածել է, որ Աննան կդադարեցնի մարզումը, բայց զարմացել է՝ երկրորդ օրն անընդմեջ դերասանուհուն մարզադահլիճում տեսնելով: «Մարզումների ժամանակ Աննային հարցնում էի՝ դեռ չե՞ս փոշմանել: Պատասխանում էր՝ ում մասին եմ ֆիլմ նկարում, որ փոշմանեմ», - վերհիշում է Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնը:

Աննան մարզվում էր ամեն օր: Ոմանք ասում էին՝ նման ինտենսիվությունը սխալ է, ոմանք պնդում՝ ճիշտ է: Մարզումներն ընթանում էին բնականոն հունով մինչև եկավ չարաբաստիկ օրը: «Ողնաշարի ճողվածք ունեի: Ինձ ընդհանրապես չէր կարելի ծանրություն բարձրացնել, բայց Նազիկին չէի ասել: Մի օր ուղղակի ոտքերս անջատվեցին և ես ընկա՝ մոտ 62 կգ-անոց ծանրաձողն էլ ուսիս: Պարզվեց՝ երկրորդ ճողվածքն եմ ձեռք բերել: Գնացի բժշկի: Բժիշկն ասաց՝ քեզ հակացուցված է կանգնած ցանկացած ծանրություն բարձրացնել: Նայեցի բժշկին ու հարցրի, իսկ պառկա՞ծ: Հետագա 3 ամիսը մարզվեցի պառկած», - ժպիտով հիշում է Աննան: 

Դժվարությունները, սակայն, միայն ողնաշարի ճողվածքով չավարտվեցին: Անհարժեշտ էր քաշի ավելացում, որը հետագայում կվերածվեր մկանային զանգվածի: 2.5 ամսում դերասանուհու քաշն ավելացավ 8.5 կգ: Աննան դարձավ 69 կգ: Իսկ արտաքին հաջորդ փոփոխությունը 20 տարի չկտրած մազերը կտրելն էր: «Երբ ես կադրում մազերս կտրում էի, ամբողջ թիմը լացակումած փակել էր բերանը: Դրանից առաջ շատ ուժեղ վնասել էի ձեռքս: Քիչ էր մնացել, որ ձեռքս կոտրեի: Այդ ժամանակ ոչ ոք այդքան չէր հուզվել, որքան մազերս կտրելուց», - պատմում է դերասանուհին:

1.5 տարի, շաբաթը 7 օր, օրը 24 ժամ Աննայի առօրյան հենց ֆիլմն էր: Օրական 3 ժամ մարզվում էր Գյումրու այն մարզադպրոցում, որտեղ ժամանակին մարզվել էր Նազիկը: Ապա սցենարական աշխատանք: Սցենարը Աննան գրել է 72 ժամ հարցազրույցներից հետո: «Կյանքումս կարդացած հազվադեպ լավ սցենարներից էր: Կարդացի մեկ շնչով: Դա էլ է հազվադեպ հանդիպում: Շատ ինքնանվիրումով և մեծ պատասխանատվությամբ եմ մոտեցել այս ֆիլմին: Կինոնկարի ասելիքը մեկն է՝ չհանձնվել», - նշում է Սոս Ջանիբեկյանը:

Նկարահանումները սկսել են 2023 թվականի աշնանը: Ընդգրկել են ոլորտի լավագույններին՝ Խորեն Լևոնյան, Դավիթ Հակոբյան, Մկրտիչ Արզումանյան, Բաբկեն Չոբանյան, Արտաշես Ալեքսանյան, Սոս Ջանիբեկյան և շատ ու շատ այլ անվանի դերասաններ: Ֆիլմում Նազիկի կյանքի ու կարիերայի 7 կարևորագույն տարիներն են՝ 2009-ի աշխարհի չեմպիոնությունից, նախաօլիմպիական չարաբաստիկ վթարից մինչև ապաքինում, ամուսնություն, ծննդաբերություն և արդեն 2016-ին վերադարձ հարթակ ու Եվրոպայի չեմպիոնություն: «Կցանկանայի այս ֆիլմով վերադաստիարակվեր մեր ազգը:  Շատ մեծ գաղափարախոսություն և դաստիարակչական նշանակություն ունեցող ֆիլմ է: Երբ մարդ կոտրվում է, բայց վերակենդանանում է ու դառնում Եվրոպայի չեմպիոն, շատ բարդ բան է», - հպարտությամբ նշում է Արտաշես Ալեքսանյանը:

Նազիկի խոսքով՝ ֆիլմը վախի, հիասթափության և հուսահատության հաղթահարման մասին է:  Ըստ Դավիթ Հակոբյանի՝ ֆիլմը կսովորեցնի մարդկանց անդադար ուժ գտնել ոտքի կանգնելու և հաղթելու համար:

«Հաջողում է նա, ով երբեք չի հանձնվում», - վստահեցնում է ֆիլմի ստեղծագործական անձնակազմն ու պատրաստվում աշնանային պրեմիերային: Ի վերջո սա ֆիլմ է ոչ թե պարզապես մարզիկի, այլ յուրաքանչյուր ուժեղ ու պայքարող մարդու մասին:

fastnews-ads-banner