Մայիսի 18-ին հայ մեծանուն դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Գուրգեն Ջանիբեկյանի ծննդյան օրն է: Դերասանը ծնվել է 1897 թվականին՝ Երևանում: Ավարտել է Երևանի ռուսական ուսուցչական սեմինարիան։ 20 տարեկանից ելույթներ է ունեցել սիրողական թատերախմբերում, մասնակցել Մկրտիչ և Սյուզան Գարագաշների օպերետային, իսկ 1920 թվականին՝ Զարիֆյան-Աբելյան խմբերի ներկայացումներին։ 1922 թվականից խաղացել է Ամո Խարազյանի շրջիկ թատրոնում, Ալեքսանդրապոլի՝ Արմեն Արմենյանի թատերախմբում, Թիֆլիսի հայ դրամայի թատրոնում: 1924 թվականից եղել է Երևանի Առաջին պետթատրոնի (այժմ՝ Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն) դերասան, իսկ 1965-1967 թվականներին՝ նաև տնօրեն:
1930-ական թվականներին Սունդուկյանի անվան թատրոնում բեմադրվեց Բոմարշեի «Խենթ օր կամ Ֆիգարոյի ամուսնությունը» ներկայացումը, որի գլխավոր դերում հանդես էր գալիս ժողովրդական արտիստ Վաղարշ Վաղարշյանը: Ներկայացումներից մեկի ընթացքում Վաղարշյանը վնասում է ոտքն ու չի կարողանում շարունակել խաղը: Ռեժիսորը կանչում է դահլիճում գտնվող Գուրգեն Ջանիբեկյանին, որն անգիր գիտեր պիեսը, և րոպեներ անց Ջանիբեկյանն արդեն բեմում էր: Հանդիսատեսն այնպես է ողջունում ու հավանում Գուրգենի խաղը, որ Վաղարշյանն այդ դերը զիջում է նրան: Այսպես էլ սկսվեցին դերասանի կարիերայի ոսկե էջերը:
Ջանիբեկյանը Գրիգոր աղայի կերպարի լավագույն մարմնավորողն էր խորհրդահայ բեմում. այդ դերակատարումն իր կատարելությամբ մտել է հայ թատրոնի պատմության գոհարների շարքը։ Նրա արվեստին բնորոշ էր համառ ու անկոտրում բնավորությամբ կերպարների սոցիալ-կենցաղային ճշգրիտ ու ցայտուն վերարտադրությունը, կատարման հրաշալի տեխնիկան:

Նա մինչև կյանքի վերջ հավատարիմ է մնացել իր սիրելի Մայր թատրոնին՝ կերտելով բազմաթիվ հիշարժան դերեր՝ Համլետ, Օթելլո, Գրիգոր աղա, Ստալին: Ի դեպ, Ստալինի դերը ճակատագրական է եղել դերասանի և նրա ընտանիքի համար. նրա կինն ակտիվ հեղափոխական էր, որը Ստալինի դեմ փաստաթուղթ էր ստորագրել, և նրան աքսոր էր սպասվում: Քանի որ դերասանը բեմում մարմնավորում էր առաջնորդին, նրա հղի կնոջը չարտաքսեցին, և նրանց որդին՝ ապագա տաղանդավոր դերասան Կարեն Ջանիբեկյանը, ծնվեց Երևանում (իսկ դերասանը հետագայում արժանացավ Ստալինյան մրցանակի):
Մեծանուն արտիստը կերտել է 100-ից ավելի դերեր ռադիոյում, հեռուստաբեմադրություններում և թատրոնում: Այդ դերերը հավերժ մնացել են հանդիսատեսի սրտում, քանի որ աչքի էին ընկնում դերասանի անկրկնելի ու ուրույն ձեռագրով:
Նրա որդին՝ Կարեն Ջանիբեկյանը շարունակել է դերասանական տոհմն, իսկ թոռները՝ Միքայել Ջանիբեկյանը, Սոս Ջանիբեկյանը նույնպես հայտնի դերասաններ են։


