Լիբանանահայ ջութակահար Արա Մալիկյանը հունիսի 3-ին համերգ կունենա Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Մալիկյանի հետ բեմում կլինեն դաշնակահար Իվան «Մելոն» Լյուիսը, կոնտրաբասահար Իվան Ռուիս Մաչադոն, թմբկահար Գեորվիս Պիկո Միլանը, կիթառահար Դայան Աբադը: Նույն երաժիշտների հետ Մալիկյանը երևանյան բեմում ելույթ է ունեցել նաև 2023-ի հոկտեմբերին: Համերգից առաջ Մալիկյանն ուղերձով դիմել է երկրպագուներին:
Արա Մալիկյանը ծնվել է Լիբանանում, սակայն երկար տարիներ ապրում և ստեղծագործում է Իսպանիայում: Նրա տաղանդը բացահայտվել է վաղ տարիքում՝ չնայած այն հանգամանքին, որ Լիբանանի քաղաքացիական պատերազմի ընթացքում երկար ժամանակ ստիպված է եղել ապրել և սովորել ռմբապաստարաններում։ Մալիկյանի առաջին մեծ համերգը կայացել է 12 տարեկանում։ Մալիկյանը շարունակել է իր կրթությունը Լոնդոնի Գիլդհոլի երաժշտության և դրամայի դպրոցում, ինչպես նաև դասեր առել աշխարհահռչակ պրոֆեսորներից։ 2015-ին Մադրիդի Թագավորական թատրոնի հետ գործակցությամբ վերաթողարկել է իր ալբոմը՝ նվիրված Իսպանիայում բնակություն հաստատելու 15-ամյակին։ Մալիկյանի վերջին տարիների խոշոր շրջագայություններից է «15»-ը, որը հանրության և քննադատների շրջանում մեծ հաջողություն է ունեցել՝ ավելի քան 175.000 հանդիսական և ավելի քան 150 համերգ։ Հաջորդ՝ «Ջութակի անհավանական պատմությունը» ալբոմով, նա համաշխարհային շրջագայության է մեկնել այն ջութակով, որով նվագել է մոլորակի խոշորագույն քաղաքների ամենահեղինակավոր բեմահարթակներում և թատրոններում՝ Լոնդոն, Փարիզ, Հռոմ, Մոսկվա, Բուենոս Այրես, Մեխիկո Սիթի, Լիմա, Սանտյագո դե Չիլի, Պեկին, Հոնկոնգ, Ստամբուլ, Բելգրադ, Բրատիսլավա, Մադրիդ, Լիսաբոն, Բեռլին։ 2019-ին Մալիկյանի «Royal Garage» համաշխարհային շրջագայությունը մեկնարկել է համանուն ալբոմի թողարկմամբ. նա գործակցել է այնպիսի արտիստների հետ, ինչպիսիք են Անդրես Կալամարոն, Էնրիկե Բունբերին և Սերժ Թանկյանը: