Logo

Վիկտորյա Անանյան․ Ներկայացումից հետո ծաղկեփունջ ու բացիկ ստացա Վլադիմիր Պուտինից

Հեղինակ
Հասմիկ Հարությունյան
17:05 / 11.04.2023Արվեստանոց
Բացառիկ
Վիկտորյա Անանյան

VNews Culture-ի զրուցակիցն է Նիդեռլանդների ազգային բալետի և Սան Ֆրանցիսկոյի բալետի նախկին առաջատար մենակատար, Մոնտե-Կառլոյի բալետի առաջատար մենակատար Վիկտորյա Անանյանը:

Վիկտորյայի հետ զրուցել ենք տեսակապի միջոցով․

Վիկտորյա, Դուք ծնվել եք Երևանում, ապրել Խարկովում՝ Ուկրաինա, իսկ բալետի դպրոցն ավարտել եք Պերմում՝ Ռուսաստանի Դաշնություն:

-Այո, յուրաքանչյուր երկրում ապրել եմ ուղիղ յոթ տարի: Ծնվել եմ Երևանում: Գիտեք, 1990-ականներին կյանքը Երևանում շատ դժվար էր, ու մենք տեղափոխվեցինք Ուկրաինա, և ինչո՞ւ հայտնվեցինք Խարկովում, որովհետև թատրոնի տնօրենն Աշոտ Անդրեեւիչն էր (Աշոտ Ասատուրյան – բեմադրիչ, պարուսույց)՝ տիկին Էլվիրայի (Էլվիրա Մնացականյան-բալետի արտիստ, փորձավար) ամուսինը: Մեր ընտանիքները շատ մտերիմ էին, ու թատրոնին բալետի արտիստ էր պետք, ու եղբայրս մեկնեց Խարկով, մենք էլ՝ նրա հետ: Ծնողներս Խարկովի բալետային դպրոցում էին աշխատում ու կարողացան դպրոցը դարձնել միջազգային մակարդակի: Ես կրթաթոշակ ստացա ու հայտնվեցի Պերմի պարարվեստի քոլեջում ու ավարտեցի Լիդիա Գրիգորևնա Ուլանովայի դասարանը:

Վիկտորյա Անանյան-1

Մի անգամ ասել եք, որ բալետը Ձեր արյան մեջ էր:

-Այո, միշտ եմ ասում: Իմ պապիկը Զարեհ Մուրադյանն է: Նա հայկական բալետի հիմնադիրներից է: Տատիկս Մարիա Գրիգորևնա Սլիշենկոն է: Մեր ամբողջ ցեղն արվեստագետներ են: Նախկին Խորհրդային Միությունում արվեստագետների ամենամեծ ընտանիքներից մեկն էր մերը․ տասը պարող է տվել մեր ընտանիքը, նաև նկարիչներ, օպերային երգիչներ, գրականագետներ: Գրականագետ Դավիթ Մուրադյանն իմ քեռին է: Ես շատ հպարտ եմ, որ պապիկս մեծ ներդրում է ունեցել Հայաստանում պարարվեստի զարգացման գործում: Նա բազմաթիվ ներկայացումներ է բեմադրել, նրա աշակերտը եղել է Վիլեն Գալստյանը: Նա շատերի հետ է աշխատել, որոնք հետո շարունակել են նրա գործը: Բալետն ինձ համար ճակատագիր էր: Օպերայի և բալետի թատրոնում եմ մեծացել: Երբ ծնողներս ներկայացումներում էին պարում, ես թատրոնում ման էի գալիս, պարուհիների պուանտներն ու հագուստներն էի հագնում:

Հե՞շտ է, երբ ընտանիքում բոլորն արվեստագետներ են: Ի վերջո, յուրաքանչյուրն անհատականություն է, ավելի բարդ բնավորությամբ, տարբերվող մտածելակերպով ու աշխարհով:

-Չգիտեմ, մեծանում ես այդ մթնոլորտում, և ուրիշ բան չես տեսնում, միայն այդ միջավայրը գիտես: Իմ բախտը բերել է, որ հենց այդ ընտանիքում եմ ծնվել: Շատ երջանիկ մարդ եմ, որ այդ ընտանիքում եմ ծնվել:

Պատահո՞ւմ է, որ համեմատվում եք:

-Ես մեր ցեղից վերջինն եմ, որ զբաղվում է բալետով: Համեմատություններ չենք անում, սխալ է, որովհետև մեկին կարող է դուր գալ Մալեւիչի «Սեւ քառակուսին», և նա կանգնի ու ժամերով նայի, իսկ մյուսին, օրինակ, Էդգար Դեգան: Դրա համար էլ շատ դժվար է համեմատել արվեստագետներին: Վերջերս պապիկիս արխիվն էի նայում, թե ինչպես է բեմադրություններ արել: Ինձ էլ է դուր գալիս բեմադրություններ անելը, դասավանդելը:

Վիկտորյա Անանյան-2

Դուք Ամստերդամի ազգային բալետում եք պարել տարիներ շարունակ:

-Այո, Եվրոպայում պարելն իմ նպատակներից էր: Գիտե՞ք, ինձ հաճախ են հարցնում՝ հե՞շտ էր արդյոք հայտնվել Եվրոպայի բեմում, ես միշտ ասում եմ՝ հեշտ բան չկա: Բալետն այնպիսի մասնագիտություն է, այնպիսի կյանք է, որ ոչինչ հեշտությամբ չի տրվում:  Ընդհանրապես կյանքում ոչինչ հեշտությամբ չի տրվում: Երբ Հայաստանից գնացինք՝ դժվար ժամանակներ էին: Ես հասկանում էի, որ եթե հիմա բոլոր ջանքերս չներդնեմ ու ինչ-որ բանի չհասնեմ, ինչպես Հայաստանում են ասում՝ «մարդ» չդառնամ», երբեք լավ չեմ ապրի: Մենք շատ լավ էինք ապրում, հետո ամեն ինչ կորցրինք ու տեղափոխվեցինք Խարկով, ու ամեն ինչ սկսեցինք զրոյից: Երևանի կենտրոնում բնակարանից մենք տեղափոխվեցինք Խարկովի հանրակացարան: Ամեն ինչ շատ բարդ էր, ու ես հասկացա, որ եթե ոտքի չկանգնեմ, եթե մասնագիտություն չունենամ, չեմ կարողանա դուրս գալ այդ վիճակից, ու ես դուրս եկա, ու մայրս էլ դուրս եկավ: Նա գնաց Տոկիո և այնտեղ բալետի դպրոցում էր դասավանդում: Ամեն անգամ, երբ կյանքը քեզ հարվածում է ու գցում ցած, դու պետք է բարձրանաս ու ունենաս մեծ մոտիվացիա, որ կյանքում հասնես ինչ-որ բանի: Հեշտ բան այս աշխարհում չկա: Հեշտը վառարանի մոտ նստելն է, մնացած ամեն ինչը շատ ծանր աշխատանքի արդյունք է:

Նպատակներին, որոնք դրել էինք Ձեր առջև Պերմ տեղափոխվելուց, հասե՞լ եք:

-Այո, բայց ես այնպիսի մարդ եմ, որ միշտ ավելին եմ ուզում, միշտ նոր բարձունքներ եմ ցանկանում նվաճել: Չեմ կարողանում հանգստանալ, չեմ կարողանում նույն տեղում մնալ: Այդ մտքերը միշտ ինձ հետ են, ինձ մոտ կա ցանկություն անընդհատ զարգանալու, առաջ գնալու: Որպես բալետի արտիստ՝ ես հասել եմ ամեն ինչի ու դեռ շարունակում եմ պարել Մոնակոյում որպես առաջատար մենապարուհի: Բայց մտածում եմ, որ բացի դասավանդելուց, ես կարող եմ իմ գիտելիքները փոխանցել: Նաև ցանկանում եմ իմ բիզնեսն ունենալ, իմ դպրոցը ստեղծել: Ցանկանում եմ շարունակել սովորել:

Վիկտորյա Անանյան-3

Հիշո՞ւմ եք Ամստերդամի ազգային բալետում Ձեր առաջին դերը:

-Հա, իհարկե, հիշում եմ: Ձեզ հետ հարցազրույցից առաջ ես ֆրանսիական մի լրատվամիջոցի էի հարցազրույց տալիս, ու նրանք էլ նույն հարցը տվեցին: Երբ եկա Ամստերդամ՝ միանգամից գնահատեցին, միանգամից հավատացին, ու առաջին դերերը «Ժիզել» (Ժիզել) ու «Բայադերկա» (Նիկա) ներկայացումներում էին: Դա շատ պատասխանատու էր:  Բալետն աշխատանք է, բայց նաև տաղանդ ու շնորհ: Ու իմ բախտը բերեց, երևի, քանի որ բոլոր դասական ներկայացումներում պարել եմ: Իհարկե, դրա տակ անհավանական աշխատանք ու ջանք էր, բայց ես շնորհակալ եմ ամբողջ թիմին, ովքեր ինձ աջակցել են: Կուլիսներում միշտ սարսափելի նյարդային անհանգիստ վիճակում եմ: Ոչ թե, որ վստահ չես քո ուժերին, այլ կա ներվ, որ հիմա կսկսվի, կա անհանգստություն, բայց հետո դուրս ես գալիս բեմ, ու ամեն ինչ անցնում է։ Դա լավ իմաստով անհանգստություն է: Մեծ պատասխանատվություն կա: Կյանքն ինքնին պատասխանատվություն է:

Կա՞ր պատասխանատվություն նաև ընտանիքի անվան համար:

-Բա, իհարկե, միշտ դա կա: Բայց ես նրանց շատ շնորհակալ եմ, նրանք երբեք ճնշում չեն գործադրել: Հոլանդիայում ոչ ոք չգիտեր, որ ես իմ ծնողների աղջիկն եմ: Ես չէի պատմում: Հետո արդեն իմացան, ասում էին՝ «Ո՞նց, դու Անանյանի աղջի՞կն ես: Քո մայրը պարուսույց Մուրադյա՞նն է: Բայց ես այդ ժամանակ արդեն հասել էի ամեն ինչի ու ամեն ինչ արել էի իմ ուժերով:

Ամստերդամից հետո մեկնել եք Սան ֆրանցիսկո:

-Այո:

Դուք բազմիցս շեշտել եք, որ եվրոպական ու ամերիկյան բալետները շատ տարբեր են: Եվրոպայում պահպանում են դասականը, իսկ ԱՄՆ-ում ավելի շատ շեշտը դնում են պտույտների, թռիչքների քանակի վրա:

-Այո, այդպես է:

Վիկտորյա Անանյան-4

Հե՞շտ էր Ձեզ համար ռուսական դպրոցից և եվրոպական մոտեցումից հետո ինտեգրվել ամերիկյան իրականությանը:

-Հարմարվելը դժվար էր: Ես ԱՄՆ գնացի, որ սովորեմ, բայց Ամստերդամում արդեն պարել էի Ջորջ Բալանչինի ամբողջ խաղացանկը: Ինձ արդեն ծանոթ էր նրա մոտեցումը, ուղղակի ուզում էի հասկանալ, թե դա ներսից ինչպես է աշխատում: Բայց ես երկար չմնացի Սան Ֆրանցիսկոյում, որովհետև ծնողներս Ուկրաինայում էին, շատ հեռու էին: Այդ պատճառով նորից վերադարձա Ամստերդամ: Բայց, երբ թատրոնի խաղացանկն Ամստերդամում սկսեց կրկնվել, ես արդեն սկսեցի մտածել փոփոխության մասին: Ու այդ ժամանակ Մոնակոյից առաջարկ ստացա: Այն պայմանագիրն ու պայմանները, որ ինձ առաջարկեց Մոնտե Կառլոյի բալետը, դեռ երբևէ չէի ստացել: Ու ես, իհարկե, ընդունեցի: Ես, իհարկե, հասկանում էի, որ արդեն 30 տարեկան եմ, ու կարիերան արդեն մայր է մտնում, ու եթե կարողանամ ևս տասը տարի պարել՝ հրաշալի կլինի: Բայց ամեն դեպքում պետք է այնպիսի վայր ընտրես, որ նաև քեզ դուր գա, ու այստեղ եղանակը, արևը, ծովը, ամեն ինչ հրաշալի է, ու ես ինձ շատ լավ եմ զգում: Սան Ֆրանցիսկոն շատ քամոտ էր, ու դա ինձ դուր չէր գալիս: Ամստերդամի մասին ուղղակի լռում եմ: Միշտ հիվանդ էի․․․ Ու ես ունեի երեք տարբերակ՝ Նյու Յորք, Լոնդոն ու Մոնակո, և, իհարկե, ընտրեցի Մոնակոն: Մոնակոն ևս մի առավելություն ուներ: Իմ երազանքներից մեկն էլ դերասանուհի դառնալն է ու ինչու չէ՝ նաև նկարահանվելը ֆիլմերում։ Այստեղ տնօրենը թույլ է տալիս, որ ես նաև դերասանությամբ զբաղվեմ:

«Դոն Կիխոտ»


Ճի՞շտ է, որ 2014 թվականին Ձեզ հրավիրել են Կրեմլ՝ «Դոն Կիխոտ» պարելու:

-Այո, ճիշտ է, ներկայացմանը ներկա էր Վլադիմիր Պուտինը:

Կպատմե՞ք, ինչպե՞ս ստացաք առաջարկը, ինչպե՞ս անցավ ներկայացումը:

-Ես պետական զանգ ստացա, ասացին, որ զանգում են Կրեմլից: Փոխանցեցին, որ Սոչիում Օլիմպիական խաղերի բացման օրը՝ ցերեկը, երբ օլիմպիական կրակը պետք է փոխանցեն, Կրեմլում պետք է բեմադրվի «Դոն Կիխոտ» ներկայացումը, ու բազմաթիվ թեկնածուներից ինձ են ընտրել Կիտրիի դերի համար: Ես, իհարկե, չհավատացի: Ինձ թվաց՝ կատակ է, պրանկ է, ու մերժեցի: Հետո իմ դասարանցին՝ Միխայիլ Մարտինյուկը, զանգեց, ասաց՝ «Դու, ինչ է, գժվե՞լ ես: Արի՛ Մոսկվա, միասին «Դոն Կիխոտ» պարենք»: Այդ ժամանակ արդեն հավատացի: Իհարկե, անչափ հաճելի էր, որովհետև ինձ համար դա ձեռքբերում էր: Ներկայացումը շատ լավ անցավ, ու ինձ ավելի շատ հոնորար վճարեցին, քան պայմանագրով էր նախատեսված: Ներկայացմանը ներկա էր Վլադիմիր Պուտինը: Ավարտին, երբ արդեն դիմահարդարման սենյակում էի, ծաղկեփունջ ու բացիկ ստացա Պուտինի անունից: Ինձ փոխանցեցին, որ Ռուսաստանի նախագահը շատ է հավանել իմ ներկայացումը: Անչափ հաճելի էր:

Վիկտորյա Անանյան-6

Մի անգամ ասել եք, որ Ձեր կյանքի ամենամեծ երազանքը Երևանում պարելն է:

-Այո, այդպես է: Բայց ես արդեն հասկանում եմ, որ հազիվ թե կարողանամ:

Իսկ ի՞նչն է խանգարել:

-Այդպես ստացվեց: Գիտեք, ինձ միշտ տարբեր երկրներից հրավիրել են։ Շատ հաճախ ինձ Ստամբուլ էլ են հրավիրում: Հենց վերջերս էլ երկրաշարժից առաջ էլ ինձ հրավիրել էին, որ «Ռոմեո և Ջուլիետ» պարեի: Ինձ անգամ Բաքու են հրավիրել, բայց ես, իհարկե, մերժել եմ: Ինձ համար շատ ցավալի է, որ ես երբեք հրավեր չստացա Երևանում պարելու համար․․․

Այսինքն՝ Երևանից չե՞ն հրավիրել Ձեզ:

-Երբեք հրավեր չեմ ստացել: Ինչ-որ խոսակցություններ միշտ եղել են համագործակցության, բայց դե ոչ մի հստակ բան: Ես չէի կարող իրերս հավաքել ու գալ Երևան: Ես ցանկանում եմ ինչ-որ սիրուն բան անել, որ մարդկանց հուշերում մնա: Հանդիսատեսի կյանքում ինչ-որ հաճելի հուշ թողնել: Բայց այդպես էլ չստացվեց:

Վիկտորյա Անանյան-7

Գուցե հիմա, մեր հարցազրույցից հետո Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ղեկավարությունը որոշի Ձեզ հրավիրել, Դուք պատրա՞ստ եք գալ Երևան:

-Ես միշտ պատրաստ եմ: Իհարկե, իմ ամբողջ տարին արդեն օրերով զբաղված է: Այս տարի ու հաջորդ տարի հաստատ կպարեմ, ու մինչև 2024-ի ամառ իմ գրաֆիկն արդեն գերծանրաբեռնված է, հետո կյանքը ցույց կտա, թե ինչ կլինի:

Դուք հիմա քանի՞ տարեկան եք:

-38 տարեկան եմ, բալետի համար արդեն թոշակի տարիք է համարվում (Ծիծաղում է - Հեղ․)։

Արդեն մտածե՞լ եք կարիերան ավարտելու մասին:

-Իհարկե, ես հասկանում եմ դա, բայց այնպես է ստացվում, որ որքան էլ երիտասարդ արտիստներ են գալիս թատրոն (ես, անկեղծ ասած, կարծում եմ, որ պետք է ճանապարհ տալ երիտասարդներին), շատ հաճախ այնպես է պատահում, որ ստիպված եմ լինում այս կամ այն ներկայացման մեջ պարել: Երիտասարդները շատ հաճախ վնասվածքներ են ստանում, ու ես միշտ ստիպված եմ լինում իրավիճակը փրկել: Գիտեք, դա արդեն վարպետություն է: Իհարկե, ես ոչ միայն մտածել եմ, թե ինչ պետք է անել, այլև հստակ գիտեմ: Ես կունենամ իմ դպրոցը: Հիմա դեռ պարում եմ, ու թատրոնի ղեկավարությունն էլ ինձ շատ է սիրում ու գնահատում և ցանկանում, որ ես պարեմ:

Վիկտորյա Անանյան-8

Ի՞նչ եք տվել Դուք բալետին ու ի՞նչ է տվել բալետը Ձեզ:

-Ինչ եմ տվել ես բալետի՞ն: Օհ, մի օր բոլորին մոռանալու են: Հայերենում այսպիսի խոսք կա՝ «մեռավ, գնաց»: Դա շատ վատ արտահայտություն է, բայց միանշանակ բնութագրում է ամբողջ իրականությունը: Բայց այն, ինչ անում ես, քեզ համար ես անում, հակառակ դեպքում, այս կյանքն ինչի՞ համար է, ինչի՞ համար ես ապրում: Ես կարծում եմ, որ պարողի մասնագիտությունը նույնքան կարևոր է, որքան բժշկինը: Որովհետև, երբ մենք պարում ենք ու երբ հանդիսատեսը գնում է տուն ու սկսում մտածել իր անձնական զգացողությունների, մտահոգությունների մասին, կամ այդ պարը նրան ոգևորել է ու դրդել նոր գաղափարների ստեղծմանը, դա արդեն ֆանտաստիկ է: Մենք մարդկանց երջանկություն ենք հաղորդում: Որովհետև հիմա կյանքը տեղափոխվել է տեխնոլոգիաների դարաշրջան, աշխարհը վերածվել է «համակարգչային կոճակի» ու, իհարկե, ցանկանում ես, որ զգացմունքները շատ լինեն:

Գիտեք, մենք հարցազրույցը տեսակապով ենք անցկացնում, բայց անգամ էկրանից այս կողմ այնքան ակնհայտ է, թե որքան ինքնաբավ անձնավորություն եք Դուք:

-Շատ, շատ գոհ եմ իմ կյանքից, կարիերայից: Շատ երջանիկ եմ, որ ընտանիք կազմեցի, որդի ունեցա: Ամեն մեկն ինքն է ընտրում իր կյանքը, կարիերան: Ինձ համար ընտանիքը նույնքան կարևոր է: Երեխայիս ծնվելուց հետո ամեն ինչ այլ կերպ եմ զգում ու ընդունում: Թատրոնի տնօրենն անգամ կատակով ասում է՝ «Գուցե ևս մի երեխա ունենաս»: Սկսել եմ այլ կերպ պարել:

Ավելի հե՞շտ, ավելի գեղեցի՞կ:

-Ավելի հեշտ այն առումով, որ արդեն չես խորանում ինչ-որ դետալների, մանրուքների մեջ: Պարն այլ կերպ ես ընդունում:

Վիկտորյա Անանյան-9

Դուք մի անգամ ոտքի լուրջ վնասվածք էիք ստացել ու պետք է վեց ամիս չպարեիք, բայց ամիսուկես անց բեմ եք բարձրացել:

-Ահա, «Ժիզել» եմ պարել, ու այդ ներկայացումից հետո ես առաջխաղացում ունեցա ու դարձա թատրոնի մենակատար: Ես ուղղակի հասկացա, որ չեմ կարող վեց ամիս սպասել: Նորից իմ բնավորությունն իր դերը խաղաց, ու ինքս ինձ ասացի, որ պետք է հավաքվել: Մարդ չպետք է ինքն իրեն խղճա: Դա շատ սխալ է: Երբեմն գուցե կարելի է: Բայց ընդհանրապես պետք է կամքի ուժ ունենալ ու չկոտրվել:

Դուք նաև գրում եք:

-Հա, երբ ջահել էի, շատ էի գրում (Ծիծաղում է - Հեղ․): Առաջ պոեզիա շատ էի սիրում ու գրում էի: Հիմա ավելի շատ էսսե եմ գրում: Շատ հաճախ մտքերն ինքնաբերաբար են գալիս, ու այդ ժամանակ պետք է գրիչը վերցնել ու գրել: Ինձ մոտ ամեն տեղ թղթեր կան, որ գրեմ: Շատ գրում էի սիրո, զգացմունքների մասին: Բայց արդեն յոթ տարի է՝ չեմ գրում, այնքան զբաղված եմ, որ գրելու ժամանակ ուղղակի չկա: Իհարկե, եթե նպատակ դնեմ, որ պետք է գրեմ՝ անպայման կանեմ: Բայց հիմա գլուխս այլ մտքերով է խառը: Հիմա ես համալսարանում եմ սովորում, մանկավարժություն եմ ուսումնասիրում, որպեսզի ապագայում աշխատեմ բալետմեյստեր, փորձավար ու նաև իմ դպրոցը բացեմ: Դա բարձրագույն կրթական հաստատության դիպլոմ է, ու քանի որ Եվրոպայում բյուրոկրատիան ոչ ոք չի փոխել, էական չէ, թե դու քո ոլորտում ինչ հաջողությունների ես հասել, պետք է անպայման դիպլոմ ունենաս փորձավարություն անելու կամ դպրոց բացելու համար:  

Վիկտորյա Անանյան-10

Եթե Ձեր կյանքում որևէ բան փոխելու հնարավորություն ունենայիք, ի՞նչը կփոխեիք:

-Շատ դժվար հարց է, պետք է մտածեմ: Փոխել՝ երևի ոչինչ: Եղբայրս ու հայրս շուտ են մահացել, կուզեի, որ նրանք ինձ հետ լինեին: Բայց դա արդեն իմ ձեռքում չէ, ու դա հնարավոր չէ: Իսկ փոխել՝ միշտ էլ ինչ-որ սխալներ, բացթողումներ լինում են, բայց պետք է միշտ մարդ մնալ, ինքնաբավ լինել: Չար չլինել, ապրես քո կյանքով, զբաղվես քո ընտանիքով, կարիերայով և ուրիշներին չխանգարես։

Վիկտորյա Անանյան-12

Զրուցեց Հասմիկ Հարությունյանը

Օգտագործվել են արխիվային կադրեր

Կարող եք կարդալ նաև՝ 

Վահրամ Համբարձումյան․ Շատ կուզեի «Սպարտակ» պարել, բայց Արգենտինայում դա անհնար էր

Գևորգ Ասոյան․ Մրցույթից հետո ինձ մոտեցավ Մայա Պլիսեցկայան ու ասաց․ «Ես ձեզ՝ հայերիդ շատ եմ սիրում»

Էլվիրա Մնացականյան․ Եթե երկրորդ կյանք ունենայի, էլի բալետին կնվիրեի

ՀՀ վաստակավոր արտիստ Տիգրան Միքայելյան․ Ինձ զգացել եմ պարարվեստի հայ դեսպան բալետային աշխարհում  

Ալբինա Ղազարյան․ Բալետում ոչ ոք չի կարող ինձ կանգնեցնել

Միլիտոն Կիրակոսյան․ Արտասահմանում բալետային կարիերայի փոխարեն ընտրեցի Երևանում ընտանիք ունենալը

fastnews-ads-banner