Logo

Նորաձևության մասին վերջին տասնամյակի 5 լավագույն ֆիլմերը

Հեղինակ
Դինա Սամվելյան
16:04 / 21.10.2022ՄՇԱԿՈՒՅԹ
նորաձևության մասին 5 ֆիլմ

Վերջին տարիներին աշխարհում տեղի են ունեցել մի շարք իրադարձություններ, որոնք ազդել են պատմության ընթացքի վրա։ Նորաձևության և կինոարդյունաբերության ոլորտը նույնպես անփոփոխ չի մնացել: 

VNews Culture-ն առանձնացրել է նորաձևության մասին լավագույն ֆիլմերից հինգը, որոնք նկարահանվել են վերջին 10 տարում․

«Իվ Սեն Լորան» (Yves Saint Laurent), 2014

Yves Saint Laurent

«Իվ Սեն Լորան»-ը ֆրանսիական կենսագրական ֆիլմ է, որի ռեժիսորը Ջալիլ Լեսպերն է: Կինոժապավենը վերականգնում է լեգենդար ֆրանսիացի կուտյուրիե Իվ Սեն Լորանի անձնական կյանքի և ստեղծագործական կարիերայի իրադարձությունների ժամանակագրությունը: Ֆիլմը շոշափում է նրա կյանքի բոլոր ասպեկտները՝ թե՛ վերելքները, թե՛ վայրէջքները, նաև լեգենդար դիզայների անցած ուղին՝ 1957 թվականին Dior նորաձևության տան կրեատիվ տնօրենի պաշտոնում նշանակվելուց մինչև 1961 թվականին սեփական ապրանքանիշի ստեղծումը։ 

«Դերձակը» (The Dressmaker), 2015

The Dressmaker

Ռեժիսոր Ջոսելին Մուրհաուսի ավստրալական ֆիլմի գլխավոր դերակատարը Քեյթ Ուինսլեթն է։ Իրադարձությունները տեղի են ունենում 1961 թվականին: Եվրոպայում մոդելավորում սովորելուց հետո Թիլլի անունով մի աղջիկ վերադառնում է հայրենի գյուղ: Ճամփորդության ընթացքում նա մտադիր է վրեժխնդիր լինել իր հարևաններից, որոնք մանկության տարիներին մեծ տառապանք ու ցավ են պատճառել իրեն։ Ֆիլմը ցույց է տալիս լճացած հասարակության պատկերը, որտեղ ասեկոսեներն ու ապատեղեկատվությունը կառավարում են ամեն բան:

«Անձնական գնորդ» (Personal Shopper), 2016

Personal Shopper

«Անձնական գնորդը» հոգեբանական թրիլլեր է, որի ռեժիսորն է Օլիվյե Ասսայասը, գլխավոր դերակատարը Քրիստեն Սթյուարտն է, իսկ հագուստը տրամադրել է Chanel նորաձևության տունը։ 2013 թվականի Métiers d'Art փարիզյան շոուից ի վեր Կառլ Լագերֆելդի մուսա Քրիստեն Սթյուարտը ֆիլմում մարմնավորում է գերմանացի սուպերմոդելի անձնական գնումների օգնականին և միաժամանակ աղջկա, որին հետապնդում է իր հանգուցյալ երկվորյակ եղբոր ոգին: Ֆիլմի համար Օլիվյե Ասսայասը 2016 թվականին Կաննի կինոփառատոնում արժանացել է «Լավագույն ռեժիսոր» մրցանակին։

«Երևակայական թել» (Phantom Thread), 2017

Phantom Thread

«Երևակայական թել»-ը կուտյուրիե Ռեյնոլդս Վուդկոկի մասին է, որը 1950-ականներին ղեկավարում է բարձր նորաձևության աշխարհը Լոնդոնում: Նա «հագցնում» է ինչպես կինոաստղերի, այնպես էլ թագավորական դինաստիայի անդամներին և ազդեցիկ ընտանիքների ժառանգներին։ Փոլ Թոմաս Անդերսոնի ֆիլմը ներկայացնում է սիրո պատմություն, որը հետագայում կործանում է երկար տարիների ընթացքում ջանասիրաբար կառուցված կյանքը: Ֆիլմը նույն տարում արժանացել է «Օսկար»-ի՝ «Լավագույն զգեստներ» անվանակարգում։

«Dior-ն ու ես» (Dior and I), 2014

Dior and I

Ֆիլմը բելգիացի կուտյուրիե Ռաֆ Սիմոնսի մասին է: 2012-ից 2015 թվականներին Ռաֆը գլխավորել է Christian Dior-ը. ֆիլմը նկարահանվել է այս շրջանի կեսերին և պատմում է Սիմոնսի՝ նորաձևության տան համար դեբյուտային հավաքածուի վրա աշխատանքի մասին։

fastnews-ads-banner