Լիբանանահայ երաժիշտ Արա Մալիկյանը փետրվարի 15-ին իր Intruso World Tour-ի շրջանակում հանդես կգա Երևանում՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:
Մալիկյանի հետ բեմում կլինեն երաժիշտներ, որոնց հետ ջութակահարը երկար ճանապարհ է անցել, հանդես եկել աշխարհի հեղինակավոր բեմերում: Նրանք են դաշնակահար Իվան «Մելոն» Լյուիսը, կոնտրաբասահար Իվան Ռուիս Մաչադոն, թմբկահար Գեորվիս Պիկո Միլանը, կիթառահար Դայան Աբադը:
Նույն երաժիշտների հետ Մալիկյանը երևանյան բեմում ելույթ է ունեցել 2023 և 2024 թվականներին՝ անմոռանալի հույզեր պարգևելով հանդիսատեսին:

Մալիկյանի Intruso ալբոմը, որը երաժիշտը կներկայացնի հայաստանյան ունկնդրին, ոչ միայն երաժշտական հետաքիքր ու բազմաբովանդակ աշխատանք է, այլև ինքնակենսագրական ու սոցիալական պատմություն։ Ալբոմում ներառված ստեղծագործությունների միջոցով Արա Մալիկյանը պատմում իր՝ այս երկրից այն երկիր տեղափոխվող մարդու կյանքը։
Վիրտուոզ երաժիշտը Ranker պորտալի հարցումների համաձայն աշխարհի լավագույն ջութակահարներից է: Նա համագործակցում այնպիսի արտիստների հետ, ինչպիսիք են՝ Անդրես Կալամարոն, Էնրիկե Բունբերին և Սերժ Թանկյանը և այլք:


