Logo

Վեպից մինչև էկրանավորում. «Արևմտյան ճակատում նորություն չկա» վեպի ստեղծման և հաջողության ճանապարհը

Հեղինակ
Աննա Անտոնյան
17:02 / 03.11.2022ՄՇԱԿՈՒՅԹ
null

Netflix հոսքային ծառայությունն էկրանավորել է գերմանացի գրող Էրիխ Մարիա Ռեմարկի «Արևմտյան ճակատում նորություն չկա» վեպը։ Ֆիլմի պրեմիերան կայացել է 2022 թվականի սեպտեմբերի 12-ին Տորոնտոյի ամենամյա կինոփառատոնում։ 

Հակապատերազմական վեպը պատմում է այն ամենի մասին, ինչ ապրել են ռազմաճակատում երիտասարդ զինվոր Պաուլ Բոյմերն ու Առաջին համաշխարհային պատերազմի մասնակից նրա ընկերները։

Առիթը բաց չթողնելով՝ ներկայացնում ենք «Արևմտյան ճակատում նորություն չկա» վեպի ստեղծման և հաջողության ճանապարհը։

Մի առավոտ, երբ եկավ ժողովրդականությունը

Ռեմարկի բոլոր ստեղծագործություններից ամենահայտնին նրա երրորդ վեպն է՝ «Արևմտյան ճակատում նորություն չկա»-ն: Վեպի ստեղծման պատմությունը բավականին հետաքրքիր է։ Հեղինակն ինքն է խոստովանել, որ վեպը «գրվել է ինքն իրեն», այլ կերպ ասած՝ բացի ինքնակենսագրական լինելուց, այն շատ հստակ արտացոլում է գրողի մարդասիրական հայացքները, որոնք այնքան էլ բնորոշ չէին այն ժամանակվա Գերմանիային՝ ազգայնական շարժման և նացիստական ​​գաղափարախոսության ձևավորման ֆոնին։ Ռեմարկն «Արևմտյան ճակատում նորություն չկա» վեպի զգալի մասը գրել է դերասանուհի Լենի Ռիֆենշտալի բնակարանում, որը հետագայում դարձավ Ռեյխի հավատարիմ սպասավորը և նկարահանեց վավերագրական ֆիլմեր՝ հենց ֆյուրերի պատվերով:Այդ շրջանում նա ու Ռեմարկը մտերիմ էին, և գրողը շատ ժամանակ է անցկացրել Լենիի հետ։ Վեպը գրվել է ընդամենը 6 շաբաթում, սակայն հրատարակումը ստեղծագործության ավարտից անմիջապես հետո չի եղել։

Այսպիսով, «Արևմտյան ճակատում նորություն չկա» վեպը գրվել է 1928 թվականին, և նույն թվականի մարտին գրողը դիմել է Fischer Verlag հրատարակչությանը՝ գիրքը հրատարակելու համար։ Վեպը մերժվել է հրատարակչի կողմից այն պարզ պատճառով, որ նախկինում ոչ ոք նման մոտեցմամբ չէր նկարագրել պատերազմի թեման։ Հրատարակչի կարծիքով՝ այս աշխատանքը դատապարտված էր ձախողման։ Դրանից հետո հեղինակը չհամարձակվեց տպագրել այն ևս վեց ամիս։ Բայց 1929 թվականի հունվարին Ռեմարկի ամենահայտնի վեպը լույս տեսավ Բեռլինում գտնվող Propilen Verlag հրատարակչության շնորհիվ: Բայց այս անգամ էլ Ռեմարկին գրքի հրատարակումը հեշտ չտրվեց. հրատարակիչն այնքան էր կասկածում գրքի հաջողությանը, որ ստիպեց գրողին պայմանագիր կնքել, ըստ որի, եթե գրքի վաճառքը ձախողվեր, նա պետք է վեց ամիս ԱՆՎՃԱՐ աշխատեր որպես լրագրող։ Սակայն վեց ամիս անց Էրիխ Մարիա Ռեմարկն արդեն գնում էր իմպրեսիոնիստների բնօրինակ նկարները և չէր էլ մտածում լրագրող աշխատելու մասին։



Հրատարակմանը նախորդել է Vossische Zeitung թերթի հրապարակումը, որի տպաքանակն ավելացավ դրանում տպագրված «Արևմտյան ճակատում նորություն չկա» վեպի հանրաճանաչության պատճառով։ Ռեմարկն ակնթարթորեն հայտնի դարձավ. վեպն իսկական սենսացիա էր։ Ինքներդ դատեք՝ Գերմանիայում գրքի վաճառքի առաջին տարում տպագրվել և վաճառվել է ավելի քան մեկ միլիոն գիրք, նույն թվականին այն թարգմանվել է տասներկու լեզվով, իսկ մի փոքր ավելի ուշ՝ ևս երեսուն։ Հեղինակի յուրահատուկ ոճի և պատերազմի խնդրի դիտարկման օրիգինալ մոտեցման շնորհիվ նրա դեբյուտային աշխատանքը նրան մեծ հռչակ բերեց։

Ինչ վերաբերում է «Արևմտյան ճակատում նորություն չկա» գրքի բուն թեմային՝ շատ երկար քննարկումներ և վեճեր կային, բայց մի բան ակնհայտ էր բոլոր գրականագետների համար՝ վեպը խորապես ինքնակենսագրական է և շատ ճշգրիտ արտացոլում է պատմական իրականությունը։ Միևնույն ժամանակ, ոմանք կարծում էին, որ նկարագրված իրադարձությունների նկատմամբ նման մարդասիրական մոտեցումը պայմանավորված է նրանով, որ Ռեմարկը չուներ բավարար ռազմական փորձ, քանի որ նա հոսպիտալացվել է ռազմաճակատ մեկնելուց անմիջապես հետո, և այնտեղ բավարար ժամանակ չի անցկացրել ռազմական իրողություններին ընտելանալու համար։ Հեղինակը խորապես հուզված էր նկարագրված բոլոր իրադարձություններից, ապրումակցում էր իր հերոսներին և շատ սուր ու խորն էր զգում պատերազմի ժամանակ ժողովրդի ողբերգությունը։ Վեպում շարադրանքը կառուցվում է ռազմաճակատ հասած անփորձ երիտասարդի տեսանկյունից, ինչն էլ պատճառ է հանդիսանում թե՛ բուռն դատողությունների, և թե՛ կենցաղային նկարագրությունների պարզության համար, որոնք հերթափոխվում են՝ ստեղծելով ռազմաճակատում կյանքի միասնական պատկերը։ Անփորձ զինվորի սահմանափակ ընկալումը դրսևորվում է նաև նրանում, որ նա չի հասկանում, թե ինչո՞ւ են մարտերը մղվում, ի՞նչ արդյունք կունենան. հերոսը չի կարող ավելին տեսնել, կատարվածի ընդհանուր պատկերը։



Հեղինակն ավելի ուշ ասել է, որ վեպի հաջողությունն առաջին հերթին պայմանավորված է գրքի ինքնակենսագրական բնույթով: Նա միանգամայն վստահ էր, որ կյանքը լավագույն ուսուցիչն է, և հենց վեպում նկարագրված իրադարձությունների իրական լինելու պատճառով այն դարձավ իր ստեղծագործություններից ամենահայտնին։ Իրականում, ընդհանուր առմամբ, ընդունված է համարել, որ ընթերցողի զգացմունքների վրա շատ ավելի հավանական է ազդել որպես սկսնակ հեղինակ, այն պատճառով, որ նրա ոճն այնքան էլ բարձր չէ, որքան պրոֆեսիոնալ գրողներինը, որոնք ունեն պահանջկոտ լսարան: Բացի այդ, Ռեմարկի ստեղծագործության յուրահատկությունը դրսևորվում էր նրանով, որ նրա մոտեցումն իսկապես նորարարական էր, քանի որ նրանից առաջ ոչ ոք չէր համարձակվում պատերազմը դիտարկել որպես ժողովրդի ողբերգություն։ Այս ստեղծագործության ձևը նույնպես նոր էր, որը հետագայում հիմք դրեց պատերազմական թեմայով ​​ստեղծագործությունների նոր ժանրի։

«Արևմտյան ճակատում նորություն չկա» վեպի հաջող հրատարակությունը, բացի փառքից, Ռեմարկին նաև բարգավաճում բերեց։ Հենց այդ ժամանակվանից նա սկսեց գնել իմպրեսիոնիստական ​​նկարներ և ինտերիերի ու արվեստի այլ յուրահատուկ իրեր։ Նրա ստեղծագործության քննադատները նշում էին, որ «Ռեմարկի գեղանկարչական ճաշակը շատ ավելի լավն է, քան գրականը»։ Նրա նկարների հավաքածուն իսկապես հոյակապ էր։ Այնուամենայնիվ, չի գտնվի անգամ մեկը, որը նույնիսկ դատապարտելով հեղինակի ոճն ու գրողի ապաշնորհությունը` համարձակվի հերքել նրա մեծությունն ու ստեղծագործությունների պատմական արդիականությունը։

fastnews-ads-banner