Logo

Վարդուհի Վարդերեսյան․ հայ բեմի թագուհին

12:15 / 19.03.2024ՄՇԱԿՈՒՅԹ
null

1928 թվականի մարտի 19-ին Ռումինիայի Բուխարեստ քաղաքում ծնվեց Վարդուհի Վարդերեսյանը։ Տարիներ անց նա փայլելու էր բեմում ու դառնալու բոլոր ժամանակների հայ բեմի թագուհին։

Վարդուհի Վարդերեսյանը կինոյի եւ թատրոնի վաստակաշատ դերսանուհի էր. Շիրվանզադեի «Պատվի համար»՝ Մարգարիտ, Չեխովի «Բալենու այգի»՝ Ռանեւսկայա, Դյուրենմաթի «Ծեր տիկնոջ այցը»՝ Քլերի Ցախնասյան, Սարոյանի «Իմ սիրտը լեռներում»՝ Ջոնի, Շանթի «Հին աստվածներ»՝ Իշխանուհի, «Պաղդասար Աղբար»՝ Անույշ եւ այլն։ Նկարահանվել է «Պատվի համար», «Մոր սիրտը», «Ճանապարհ դեպի կրկես», «Հայրիկ», «Կարինե» եւ այլ ֆիլմերում։ Հայաստանի Ազգային ռադիոյի ոսկե ֆոնդում նա ունի ավելի քան 100 ձայնագրություն: Արժանացել է ժողովրդական արտիստի կոչման, պարգեւատրվել բազմաթիվ մեդալներով ու շքանշաններով:

Վարդուհի Վարդերեսյանը՝ Կեկելի դերում Խորեն Աբրահամյանի (Պեպո) հետ (Գ.Սունդուկյանի «Պեպո»)

Վարդուհի Վարդերեսյանը հորը՝ Կարապետին, կորցնում է, երբ ընդամենը  6 ամսական էր: Վարդուհին հաճախում է հայկական վարժարան, որն անմիջապես հայկական եկեղեցու կողքին էր՝ ճիշտ Էջմիածնի Մայր Տաճարի մակետով կառուցված։

1946 թվականին, երբ հայրենիքի դռներն այլեւս բաց էին, լսելով Սովետական Հայաստանի լավ պայմանների մասին, Վարդուհին մորն ու մեքենագրուհի քրոջը համոզում է գնալ-ապրել հայրենիքում: «Ես երջանիկ եմ, որ վերադարձա Հայաստան: Եթե մնայի Ռումինիայում, ի՞նչ իմանամ, կվերադառնայի՞ երբեւէ եւ ի՞նչ կլիներ ինձ հետ: Այս դժվար կյանքը, գիտե՞ս, ինձ շատ բան է սովորեցրել: Ես իմ երջանկությունը դրսից չեմ քաղում: Ես փնտրում եմ իմ մեջ: Եվ այս տարիքիս ես երեւի ավելի շատ սիրում եմ մենակ մնալ, որովհետեւ ինքս ինձ հերիքում եմ, ես ինքս եմ ինձ խնամում, չեմ անտեսում: Նույնը հայրենիքն է. այսքան ցավ, որ մենք ենք տեսել, պիտի աչքի լույսի պես պահպանենք եղածը: Որ գաղթի ճանապարհներին ընկածները գոնե երկնքում հանգիստ ննջեն»,- ասել է վաստակաշատ դերասանուհին։ 

Հայրենիք վերառառալուց հետո Վարդուհին դեռեւս դերասանուհի դառնալու մասին  մտածելու ժամանակ չուներ: Ցերեկներն աշխատում էր, հետո՝ գնում գիշերօթիկ դպրոց, որպեսզի արեւելահայերեն սովորի: Մայրը տրիկոտաժի ֆաբրիկայում բանվորուհի էր: Տնօրենը երբեմն կտոր էր տալիս, որ սեւ շուկայում վաճառեն, ուտելիք գնեն:

«18 տարեկան էի, երբ Ռումինիայից Հայաստան եկանք: Ինձ ու մորս տարան Նուբար Փաշայի կառուցած ավան՝ Նուբարաշեն, որն այդ ժամանակ արդեն Սովետաշեն էր կոչվում, իսկ քույրս ամուսնու հետ տեղավորվեց Լենինականում (այժմ՝ Գյումրի):  Իմ ուժեղ բնավորությունը գալիս է մեր դժվար կյանքից: Հայրենական պատերազմի տարիներին Ռումինիայում էինք  ու զրկանքներ շատ էինք կրել: Մեզ Սովետական Հայաստանի մասին լեգենդներ էին պատմել,  կարծում էինք՝ հրաշքներով լեցուն երկիր է ու հեշտ պիտի ապրենք: Բայց եթե իմանայի էլ  զրկանքներով լի այդ պայմանների մասին, էլի էի ուզելու գալ: Մեզանից առաջ դեռ 32-34 թվականներին ներգաղթ էր եղել: Կիսասոված էինք ապրում: Մեր Սովետաշենի հարեւանները, ում տանն ապրեցինք, վաղուցվա հայրենադարձներ էին: Նրանք էլ շատ դժվար էին ապրում: Կորկոտ էին խաշում ու մի պնակ էլ մեզ էին տալիս: Ես ու մայրս կիսասոված ապրեցինք 6 ամիս: Հետո քույրս մեզ տարավ Գյումրի»,- հիշում էր Վարդուհին:

Գյումրին փակ քաղաք էր, եւ այնտեղ գրանցում ստանալը գրեթե անհնար. «Քույրս էլ ապրում էր ամուսնու ու որդու հետ 9քմ բնակարանում: Քույրս գնաց Քաղսովետ, խնդրեց-աղաչեց Գյոդակյան անունով պաշտոնյային ու մենք տեղափոխվեցինք  Լենինական ու ապրեցինք բոլորով մի փոքրիկ հարկի տակ»,- հիշում է Վ.Վարդերեսյանը:

Կյանքը կամաց-կամաց ընկնում է հունի մեջ ու 1947 թվականին, Ժան Էլոյանի խորհրդով, Վարդուհի Վարդերեսյանն արդեն սովորում էր Լենինականի դրամատիկական թատրոնին կից ստուդիայում եւ խաղում էր նույն թատրոնում: 1958 թվականից տեղափոխվում է Երեւանի Սունդուկյանի անվան թատրոն, որտեղ կերտում է բազմաթիվ դերեր։

«Երբեմն ինձ հարցնում են՝ երջանի՞կ եմ արդյոք ես… Այո՛, երջանիկ եմ. ի՞նչ է պետք մարդուն երջանկության համար՝ սիրած գործ, ընտանիք, երեխաներ ու թոռներ: Ինձ ավելի երբեք էլ պետք չի եղել»:

Սիրված դերասանուհին մահացել է 2015 թվականի նոյեմբերի 24-ին Երևանում։

Նյութի պատմական հավաստիությունն ստուգված է 100 LIVES նախաձեռնության հետազոտական խմբի կողմից:

 

fastnews-ads-banner